Հա

Ազգային

13/10/2021 - 10:20

«Մարդիկ մեզնից կտրուկ միջոցառումներ են պահանջում»․ Լիլիթ Գալստեան

Hraparak.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հետ։

«alikonline.ir» - Hraparak.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հետ։

 

- Ձեր մարզային այցելութիւններն ի՞նչ համատեքստում պէտք է դիտարկել՝ փողոցային պայքար սկսելո՞ւ` իշխանափոխութեան հարցը մնում է ձեր օրակարգում, թէ՞ պարզապէս հանդիպումներ էք ունենում, որպէսզի հաշւետու լինէք ձեր ընտրողին, համակիրներին:

- Նախ՝ քանի որ մեր գնահատականները չեն փոխւել իշխող քաղաքական ուժի եւ նրա առաջնորդի նկատմամբ, գնահատականներին համահունչ՝ չի փոխւել նաեւ մեր քաղաքական օրակարգը՝ օր առաջ այս իշխանութիւններից ազատւելը։ Իշխանութիւններ, որոնք Հայաստանի պետականութեան կորուստներ են բերում, չեն կարողանում սպասարկել մեր ազգային պետական շահը, հակառակը` շարունակում են իրենց ոչ հայանպաստ քաղաքական կուրսը։ Հետեւաբար, մեր մարզային հանդիպումները պէտք է դիտարկել նախ որպէս քաղաքական միաւորի հանդիպումներ մեր ընտրազանգւածի հետ, հանրութեան լայն շերտերի հետ, ինչու չէ` մեր ակտիւի հետ։ Դրանք մէկը միւսին չեն հակասում։ Մեր բոլոր հանդիպումներն անցնում են մի կարգախօի տակ՝ «Ո՛չ Հայաստանի թուրքացմանը», որովհետեւ այս քաղաքական կուրսը տանում է Հայաստանի թուրքացման եւ Արցախի հայաթափման, որովհետեւ ունենք մի իշխանութիւն, որը պարզապէս ձեռքերը լւացել է Արցախից եւ ապազգային նպատակներ է հետապնդում։

 

- Իշխան Սաղաթելեանը երէկ խօսել է ուժերի համախմբման մասին եւ ազգային դիմադրութեան ստեղծումը կենսական անհրաժեշտութիւն է համարել: Այդ պարագայում որքանո՞վ է արդիւնաւէտ միայն ձեր ակտիւի հետ հանդիպելը, աւելի ճիշտ չի՞ լինի հանդիպել ՀՀ քաղաքացիների հետ՝ բակեբակ, գիւղեգիւղ։

- Այո, Իշխան Սաղաթելեանի յայտարարութիւնը պէտք է ընդունել որպէս ազգային արթնացումի եւ ազգային դիմադրութեան կոչ, որովհետեւ քաջ գիտակցում ենք, որ երկրում քաղաքական փոփոխութիւններ հնարաւոր են միայն համազգային միասնականութեամբ, քաղաքական ուժերի համախմբումով եւ հանրութեան մէջ այդ գիտակցումի արթնացումով, որ մենք գնում ենք պետականութեան կորստի։ Ինչ վերաբերում է հանդիպումների ֆորմատին, ապա բոլորը բաց են հանրութեան համար, միայն մեր ընտրազանգւածը չի ներկայ, վստահ ենք, որ ընտրութիւններից յետոյ էլ շարունակում է նւազել իշխող քաղաքական ուժի յենարանը, որովհետեւ հանրութեան նորանոր շերտեր հասկանում են, գիտակցում, թէ այս քաղաքական ուժը Հայաստանի հետագայ գոյութեան համար ինչ սպառնալիք է։

 

- Ինքներդ էք շեշտում, որ Հայաստանի գլխին նոր սպառնալիքներ են կախւած, աւելի արդիւնաւէտ մարտավարութիւն չէ՞ր լինի` անցնէիք տնետուն, բակերով, զրուցարաններով, ոչ թէ ձեր էլեկտորատի հետ քննարկէիք այդ հարցերը։

- Մենք օգտւելու ենք քաղաքական ողջ գործիքակազմից՝ խորհրդարանական պայքար, փողոցային պայքար, մարզային այցեր, հանդիպումներ, մեր հետագայ ծրագրերում նաեւ ունենք Ձեր նշած գիւղեգիւղ հանդիպումների, զրոյցների բոլոր հնարաւոր միջոցները։

 

- Ինչպիսի՞ ազդակներ էք ստանում այդ հանդիպումներից, մարդիկ պատրա՞ստ են կրկին փողոց դուրս գալ, հեռացնել այս իշխանութիւններին, թէ՞․․․․

- Իսկապէս, պէտք է ենթադրել, եւ շատ բնական էր, որ մենք ունենայինք համազգային ընդւզման շատ աւելի մեծ ալիք՝ հաշւի առնելով այն աղէտը, անտէր իրականութիւնը, որում այսօր Հայաստանն է՝ մշուշոտ, անհեռանկար, ուր հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վաղուց դուրս է եկել մեր տարածաշրջան, եւ մենք նոյնիսկ զգում ենք նոր պատերազմի շունչը, նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմի, Պակիստանի ակտիւութիւնը, Իրանի բազմաթիւ յայտարարութիւնները, որոնք քաղաքական բովանդակութիւն ունեն: Տպաւորութիւն ունենք, որ մեր տարածքային ամբողջականութեան համար շատ աւելի մտահոգ է Իրանի քաղաքական վերնախաւը, քան Հայաստանը։ Այս կոնտեքստում բնական կը լինէր, որ հանրային դիմադրութեան աւելի մեծ ալիք ունենայինք, բայց ունենք այն, ինչ ունենք:

 

- Իսկ ընդդիմութիւնն անելիք չունի՞ այս առումով։

- Անելիք, անշուշտ, ունենք, բայց ես շարունակելով նշեմ, որ մենք ազդակներ ենք ստանում այն մասին, թէ որքան պէտք է հանդուրժենք, երբ պէտք է հեռացնենք այս իշխանութիւններին: Մարդիկ մեզնից կտրուկ միջոցառումներ են ակնկալում եւ պահանջում։

 

- Եւ ի՞նչն է խանգարում, որ կատարէք մարդկանց պահանջը, փողոց վերադառնաք։

- Գործողութիւնների ողջ ընթացքը դրան է ուղղւած։ Նոյեմբերի 9-ին՝ կապիտուլեացիոն յայտարարութեան օրը, գուցէ՝ յաջորդ օրը, մենք զանգւածային հրապարակային ծրագիր ունենք իրականացնելու, բայց հիմնական խնդիրը՝ մարզերով անցնել, բարձրաձայնել մեր գլխին կախւած սպառնալիքների մասին, արթնացնել նրանց, ովքեր շարունակում են ընդարմացած, ցաւին, դարդին անհաղորդ մնալ: Հասարակութեանն արթնացնել է պէտք, որովհետեւ մեր բոլոր քաղաքական ծրագրերը կը մնան անկատար, եթէ հանրային յենարան չունենանք, ի վերջոյ, սա է իրականութիւնը՝ Նիկոլ Փաշինեանն ունի 570 հազար ընտրող՝ 200 հազարով պակաս, քան նախորդ ընտրութիւններին, մենք էլ ոչ պակաս ընտրազանգւած ունենք, բայց հանրային մեծ զանգւած մերժեց ընտրութիւնները, հիմա այդ զանգւածին պէտք է փորձենք համոզել, որ իր ակտիվությունը խիստ կարեւոր է։ Մեր ամբողջ վարքագիծն ուղղւած է լինելու ժողովրդի արթնացմանը, դիմադրութեան շարժում ձեւաւորելուն, ՀՀ-ի թուրքացումը կանխելուն, Արցախի հայաթափման քաղաքականութիւնը կասեցնելուն։

 

- Արդարացի՞ էք համարում արտախորհրդարանական ընդդիմադիրների՝ ձեզ ուղղւած քննադատութիւնները, որ ակտիւ չէք պայքարում, յարմարւել էք խորհրդարանական կեանքին։

- Բացարձակապէս արդարածւած չենք համարում, եթէ նրանք Հայաստանի կորստի օրակարգ տեսնում են, ապա ոչ մէկը չի կապել իրենց ձեռքերը արտախորհրդարանական պայքարում եւ Հայաստանի փրկութեան ճակատում, բաց են թէ՛ օրակարգերը, թէ՛ հրապարակը, թող գնան պայքար կազմակերպեն։ Իսկ դիւանաբոյծ քաղաքական վերլուծաբաններին էլ չեմ ուզում անդրադառնալ, քաղաքական դաշտը մոնոպոլացւած չէ, թող կարողանան պայքարել, կասեցնել Հայաստանի կործանումը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։