Հա

Ազգային

17/10/2021 - 15:00

«Մեր թիւ մէկ անելիքն է՝ ձեւաւորել ազգային դիմադրութիւն, կանխել Հայաստանի թուրքացումն ու նոր կապիտուլեացիան». Ի. Սաղաթելեան

Այս իշխանութիւնները երկիրը տանելու են նոր կապիտուլեացիայի: Մեր թիւ մէկ անելիքն է՝ ձեւաւորել ազգային դիմադրութիւն, կանխել Հայաստանի թուրքացումն ու վիժեցնել նոր կապիտուլեացիան. Yerkir.am-ի հաղորդմամբ` ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Աբովեան քաղաք այցելութեան ժամանակ:

«alikonline.ir» - Այս իշխանութիւնները երկիրը տանելու են նոր կապիտուլեացիայի: Մեր թիւ մէկ անելիքն է՝ ձեւաւորել ազգային դիմադրութիւն, կանխել Հայաստանի թուրքացումն ու վիժեցնել նոր կապիտուլեացիան. Yerkir.am-ի հաղորդմամբ` ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Աբովեան քաղաք այցելութեան ժամանակ:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելութիւնները։ Այս անգամ նրանց կանգառը Աբովեան քաղաքն էր: Աբովեանցիների հետ հանդիպմանը ներկայ էին «Հայաստան» դաշինքի անդամներ Սէյրան Օհանեանը, Ելենա Կիրակոսյանը, Արամ Վարդեւանեանը, Արծւիկ Մինասեանը եւ Քրիստինէ Վարդանեանը: Դաշինքի անդամները խօսեցին Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրներից, անվտանգային հարցերից, ներկայացրեցին անցնող ամիսների` իրենց գործունէութիւնը, կարեւորեցին ժողովրդի աջակցութեամբ ազգային դիմադրութիւն ստեղծելու հարցը, պատասխանեցին քաղաքացիներին յուզող հարցերին։

Իշխան Սաղաթելեանը շեշտեց, որ եթէ  չկարողանան կանխել այս իշխանոթիւնների՝ նոր կապիտուլեացիայի տանող քաղաքականութիւնը, ապա երկիրը կը գնայ նոր աղէտի: «Ամենամեծ ողբերգութիւնն այն է, որ երէկ Սիւնիքում ՔՊ-ական տարբեր գործիչներ երթ էին անում՝ հպարտ քայլելով Գորիսի փողոցներով ու գոռալով՝ «Ապագայ կա՛յ, կա՛յ ապագայ»: Սա ծաղր է, հայհոյանք ու վիրաւորանք մեր ժողովրդի նկատմամբ: Այն իշխանութիւնը, որը երկիրը տարել է կապիտուլեացիայի, որի օրօք Սիւնիքում ռազմավարական ճանապարհ, հայկական բնակավայրեր անցել են թշնամուն, Գորիսում գոռում է՝ «Ապագայ կայ»: Սա ծաղր է հայ մարդու, մեր արժանապատւութեան նկատմամբ: Գորիսի քաղաքապետին ապօրինի կալանաւորել են, իրենք ընտրարշաւ են անում: Վեց ամիս առաջ քայլէիք Գորիսում, եթէ քայլող էիք»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Ի. Սաղաթելեանի խօսքով՝ այս քաոսային եւ աղէտաբեր իրավիճակից դուրս գալու համար պէտք է ձեւաւորել ազգային դիմադրութիւն, շարունակել ժողովրդի հետ տուն առ տուն աշխատել, մարդկանց բացատրել, որ պայքարը ոչ թէ իշխանութեան, այլ պետականութեան համար է:

«Սրանք Հայաստանը տանում են նոր կապիտուլեացիայի, պէտք է կարողանանք կանխել այդ կապիտուլեացիան: Հիմա ակտիւ քննարկումներ են գնում Հայաստանի հասարակական-քաղաքական, վերլուծական տարբեր շրջանակների հետ ազգային դիմադրութիւն ձեւաւորելու եւ մեր հասարակութեան լայն զանգւածներին համախմբելու ուղղութեամբ: Մեր այսօրւայ թիւ մէկ խնդիրն ու անելիքը հէնց սա է՝ ձեւաւորել դիմադրութիւնը, կանխել Հայաստանի թուրքացումը, կանխել նոր կապիտուլեացիան, իսկ այդ ամենի գլխաւոր ճանապարհը սրանց հեռացնելն է»,- ասաց նա:

Ի. Սաղաթելեանը ընդգծեց՝ խորհրդարանական մանդատներով որեւէ կերպ կաշկանդւած չեն, ընդհակառակը՝ կիրառելու են խորհրդարանի ողջ գործիքակազմն ու հնարաւորութիւնները, զուգահեռաբար շարունակելու են փողոցային պայքարը, հասնելու են համընդհանուր անհնազանդութեան: ԱԺ փոխխօսնակը շեշտեց՝ ամբողջ աշխարհը, գերտէրութիւնները, Հայաստանի իշխանութիւնները պէտք է հասկանան, որ այս երկրում կայ դիմադրութիւն:

Խօսելով տարածաշրջանային զարգացումներից՝ Ի. Սաղաթելեանը նշեց, որ, տարածաշրջանում եռացող իրադարձութիւնների ֆոնին, յայտնի չէ, թէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը ում հետ ինչ է բանակցում:

«Տարածաշրջանը եռում է, նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է, ակնյայտ է, որ տեղի են ունենում շատ ակտիւ բանակցութիւններ, ի՞նչ է բանակցում այս մարդը: Միակ բանը, որ գիտենք, այն է, որ գալիս է «տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու եւ նոր դարաշրջան բացելու»: Ինչի՞ մասին է նա խօսում, այս ամէնը գուցէ լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականութեան եւ Արցախի կարգավիճակի հաշւի՞ն: Այս հարցերի պատասխանները չգիտենք: Մէկ տարի առաջ ասում էր՝ «բանակցում եմ այն, ինչ ուզում եմ»: Հիմա էլ է գնում այդ տրամաբանութեամբ, մի օր կանգնելու ենք նոր փաստի առաջ»,- ասաց Սաղաթելեանը՝ յաւելելով, որ ժամանակը քիչ է, պէտք է կազմակերպեն ժողովրդին, ստեղծեն դիմադրութիւն:  ԱԺ փոխնախագահը կոչ արեց չհիասթափւել, չնահանջել, քանի որ, առաջ գնալուց բացի, այլ ճանապարհ չկայ:

Ընտրութիւններից յետոյ մեր երկրի առջեւ կանգնած մարտահրաւէրները եւ ճգնաժամը, Ի. Սաղաթելեանի խօսքով, շարունակում են մնալ չյաղթահարւած, աւելին՝ այդ խնդիրները աւելի են խորացել: «Յունիսի 20-ին միասին գնացինք ընտրութեան, որպէսզի հեռացնենք այս իշխանութեանը: Այսօր մենք շատ ենք քննադատւում, ասում են՝ գնացին խորհրդարան, մանդատները վերցրին, մոռացան «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախօսը, էլ չեն ասում՝ դաւաճան ու կապիտուլեանտ: Հաւաստիացնում ենք՝ մեր օրակարգում եւ գնահատականների մէջ որեւէ բան չի փոխւել: Այդ մանդատներով որեւէ կերպ կաշկանդւած չենք, պարզապէս պայքարին պէտք է հաղորդենք նոր ուժ, նոր ոգի, կազմակերպւենք եւ հասնենք մեր նպատակին»,- նշեց նա՝ շեշտելով՝ որեւէ բան չի փոխւել, Հայաստանի այսօրւայ իշխանութիւնները չեն կարող եւ ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի շահերը:

Ի. Սաղաթելեանի խօսքով՝ քանի դեռ այս իշխանութիւնները կան, ո´չ խաղաղութիւն է լինելու, ո՛չ կայունութիւն: «Սրանց ցնորամիտ եւ ինքնահռչակ գաղափարախօսութիւնը, թէ եկել են` տարածաշրջանում բացեն խաղաղութեան դարաշրջան, անհեռանկար գաղափարախօսութիւն է: Այս տարածաշրջանի խաղաղութիւնը կախւած չէ մեզնից: Ամենագլխաւոր եւ կարեւոր հարցը՝ այդ խաղաղութիւնը ո՞ւմ հաշւին եւ ինչի՞ հաշւին պէտք է լինի: Երբ մենք խօսում ենք այս հարցերի մասին, մեզ յաճախ ասում են, թէ` պատերազմ էք ուզում: Շարունակում են մեր ժողովրդին վախեցնել այն թեզով, որ` ահա, նախկինները եկան՝ պատերազմ է լինելու: Պատերազմը եղել է սրանց ժամանակ եւ պատերազմի ու նոր կապիտուլեացիայի վտանգ կայ այս ապիկար իշխանութեան օրօք»,- նշեց նա:

ԱԺ փոխնախագահը եւս մէկ անգամ շեշտեց՝ իրենց օրակարգի թիւ մէկ խնդիրը շարունակում է մնալ երկրի անվտանգութիւնը, սահմանների եւ Արցախի անվտանգութեան հարցը: Ըստ նրա` խաղաղութիւն չեն մուրում, խաղաղութիւն պարտադրում են, իսկ վարչապետի աթոռին յայտնւած անձը, Ի. Սաղաթելեանի ձեւակերպմամբ, իր այդ խղճուկ, ծնկի եկած վիճակով չի կարողանում երկրում ապահովել խաղաղութիւն, անվտանգութիւն. նրանք վաղուց չեն սպասարկում ժողովրդի եւ պետութեան շահերը: Սաղաթելեանը յիշեցրեց, որ պատերազմից անցել է մէկ տարի, եւ իշխանութիւնները երկրի անվտանգութեան եւ պաշտպանութեան ուղղութեամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել: «Վերջերս ականատես եղանք մեր պաշտպանական դիրքերի կահաւորւածութեանը, վիճակին»,- մատնանշեց նա:

ԱԺ փոխնախագահը ցաւով արձանագրեց՝  մեծագոյն ողբերգութիւնն այն է, որ մեր ազգը, մենք՝ բոլորս, դարձել ենք անտարբեր, մահերը մեր երկրում դարձել են սովորական:

«Երասխում երկու զոհ ունենք, մէկ ժամ լուրը գնաց, մի քանի ֆէյսբուքեան ստատուս, անցաւ: Վարդենիսում ունենք նոր գերիներ, Արցախում՝ թշնամու կողմից գնդակահարւած խաղաղ բնակիչ: Մահերը դարձել են սովորական: Հաշւէք, թէ վերջին ամիսների ընթացքում օրական քանի սպանութիւն է տեղի ունենում Երեւանի կենտրոնում. որդին՝ հօրը, բարեկամը՝ բարեկամին, վենդետաներ, ռազբորկաներ, ամէն օր սպանութիւններ: Այս ամէնը դարձել է սովորական, անզգայ ենք դարձել, կորցրել ենք մեր դիմադրութիւնը: Այսպէս շարունակւելու դէպքում կորցնելու ենք մեր պետականութիւնը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

 

Լիանա Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։