Հա

Ազգային

24/10/2021 - 10:10

Հայկական իրաւական կենտրոնը (ALC) հայ գերիների անհետացումների եւ սպանութիւնների վերաբերեալ նոր գործեր է ներկայացրել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան

Վաշինգտոնում տեղակայւած «Արդարադատութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը» (ALC) յայտարարել է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերեալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Դրանք վերաբերում են թւով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերութեան մէջ։ 

Վաշինգտոնում տեղակայւած «Արդարադատութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը» (ALC) յայտարարել է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերեալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Դրանք վերաբերում են թւով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերութեան մէջ։ ALC-ն, համագործակցելով Երեւանում գործող «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» հետ, հիմնաւոր ապացոյցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանաւորւել եւ գերեվարւել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թւականի արցախեան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկութիւններ չեն հրապարակւել։ Միջազգային հումանիտար իրաւունքի եւ Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադէպեր են, եւ Ադրբեջանը պարտաւոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերեալ տեղեկութիւնները:

Միջազգային իրաւունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական յանցագործութիւն է, եւ որպէս այդպիսին՝ այն տեւում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի եւ գտնւելու վայրի մասին յստակ տեղեկութիւն չի տրամադրւել։ ALC-ի յարուցւած այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլեւ խաղաղ բնակչութեան վրայ Ադրբեջանի համատարած յարձակումների դէպքերը:

Իրաւական այս գործողութիւնների նպատակն է նաեւ ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկութիւններին եւ մինչ այժմ չի ճանաչել նրանց գերութիւնը եւ այդ տեղեկութիւնները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:

«Հայկական իրաւական կետնտրոնը» եւ «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնը» նաեւ երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանութեան համար՝ համաձայն Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայի 2-րդ յօդւածի: ՄԻԵԴ ներկայացւած անհերքելի ապացոյցների համաձայն այս 10 հայ զինւորականները ողջ եւ անվնաս գերի են վերցւել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնուամենայնիւ, անազատութեան մէջ գտնւելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների եւ դաժան սպանութեան են ենթարկւել։ Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերութեան մէջ սպանւել են ռազմական գործողութիւնների դադարեցումից եւ 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին յայտարարութիւնից յետոյ։

Հայկական իրաւական կենտրոնի ղեկավար Քէն Խաչիկեանը, ՄԻԵԴ ներկայացւած նոր գերծերի առիթով նշել է․ «Ադրբեջանը միջազգային հանրութեան կողմից պէտք է պատասխանատւութեան ենթարկւի հայութեան նկատմամբ շարունակական ագրեսիայի եւ ռազմական յանցագործութիւնների համար։ Գերութեան մէջ գտնւող բոլոր հայերը պէտք է ազատ արձակւեն առանց նախապայմանների, հետագայ բանակցութիւնների կամ փոխանակումների։ Հարկադիր անհետացումների եւ սպանութիւնների վերաբերեալ այս նոր գործերը եւս մէկ քայլ են ադրբեջանական գերութեան մէջ գտնւող հայ ռազմագերիների պաշտպանութեան գործում»։

«Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնը» մանրամասն տեղեկութիւններ եւ ապացոյցներ է հաւաքել եւ փաստագրել 2020 թւականի սեպտեմբերից մինչեւ 2021 թւականի մայիս ընկած ժամանակահատւածում ադրբեջանական կողմից գերեվարւած հայերի մասին: Այս փաստահաւաք աշխատանքի հիման վրայ իրաւապաշտպան կազմակերպութիւնների համագործակցութեան արդիւնքում ՄԻԵԴ-ում բազմաթիվւգործեր են յարուցւել։ Կազմակերպութիւնները շարունակում են հետամուտ լինել Ադրբեջանի գերութեան մէջ գտնւող բոլոր հայ գերիների ե՛ւ ազատութեանը, ե՛ւ իրաւունքներին:

Անհետացած հայ ռազմագերիներ

Սերգէյ Անանեան, Արթուր Ասատրեան, Խաչատուր Աւետիսւան, Նարեկ Բորեան, Ռոբերտ Ղազարեան, Արամ Յովսէփեան, Կարէն Իսկանդարեան, Հայկ Խաչատուրով, Գագիկ Խաչատրեան, Հայկօ Խաչատրեան, Տիգրան Մանասեան, Միքայէլ Մկրտումեան, Իրինա Մուսայէլեան, Գուրգէն Սաֆարեան, Արարատ Սաքանեան, Մարտիկ Սարգսեան, Լեւոն Սարգսեան, Կարէն Սարգսեան, Իւան Սողոմոնեան, Նորայր Սողոմոնեան։

Սպանւած հայ ռազմագերիներ

Արթուր Մանուէլեանը կամաւոր մասնակցել է Արցախի պաշտպանութեանը 2020 թւականի սեպտեմբերի վերջից։ 2020 թւականի հոկտեմբերի 7-ին Մեխակաւանի մօտ տեղի ունեցած մարտական գործողութիւնների ժամանակ Մանուէլեանը վիրաւորւել է, այնուհետեւ սպանւել ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Կրակոցների պահը տեսագրել են նրան սպանած ադրբեջանցի զինծառայողները, տեսանիւթը լայն տարածում է գտել համացանցում։

Ռազմական գործողութիւնների դադարեցումից եւ հրադադարի մասին եռակողմ յայտարարութիւնից յետոյ հայ զինւրները մնացել էին Արցախի Հադրութի Հին Թաղեր գիւղում։ Ադրբեջանցի զինւորների յարձակման արդիւնքում թւով ինը հայ զինւորներ ենթարկւել են խոշտանգումների եւ սպանւել։ Նրանք են՝ Յարութիւն Անդրիասեանը, Սարգիս Յարութիւնեանը, Անդրանիկ Շահնազարեանը, Արմէն Մարտիրոսեանը, Սմբատ Աւետիսեանը, Ռոման Մարգարեանը, Յարութիւն Մկրտչեանը, Գէորգ Արշակեանը եւ Գարիկ Բարսեղեանը: Արդիւնքում բոլոր ինը հայ զինծառայողները ենթարկւել են խոշտանգումների եւ դաժանաբար սպանւել։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

23.10․2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։