Հա

Ազգային

24/10/2021 - 10:20

«Եթէ այսպէս գնայ, կարո՞ղ է մի օր էլ վեր կենան ու յայտարարեն, որ Մասիս սարը, Կարսը թուրքական են». Արթուր Խաչատրեան

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

 

- Պարոն Խաչատրեան, իշխանութիւններն ասում են, որ Ադրբեջանի հետ տարածքային խնդիրների լուծումը սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների միջոցով պէտք է լինի՝ յղում անելով ԽՍՀՄ քարտէզներին։ Դուք աւելի վաղ ասել էիք, որ Սովետական Հայաստանը, որի հենքի վրայ ստեղծւել է Հայաստանի Հանրապետութիւնը, ներառում էր ԼՂԻՄ 5 շրջանները եւ Շահումեանի շրջանը։ Այսինքն՝ եթէ ԽՍՀՄ քարտէզներին են յղում անում, այս հարցը ե՞ւս պէտք է բարձրացնել։

- Նախ ասեմ, որ երկու հարեւան պետութիւններ պէտք է իրար միջեւ սահմաններ ունենան։ Հիմա մենք սահման չունենք Ադրբեջանի հետ, ունենք շփման գիծ, որը ձեւաւորւել է Սովետական միութեան ժամանակւայ վարչական տարածքներից ու այս 30 տարւայ չակերտաւոր գործընթացների արդիւնքում։ Հիմա Հայաստանի իշխանութիւնները խօսում են սահմանազատման եւ սահմանագծման մասին։ Երբ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչի՞ հիման վրայ է ադրբեջանցիներին յանձնւել, ենթադրենք, Շուռնուխի կէսը, իրենք ասում են՝ Սովետական միութեան սահմանների համաձայն։ Մենք ասում ենք՝ Սովետական միութիւնը կազմաւորւել է 1922 թւականին, քանդւել է 1991 թւականին։ Այդ ընթացքում սահմանները պարբերաբար փոփոխւել են։ Օրինակ՝ Ալ լճերի տարածքը Վայոց Ձորից անջատւել ու տրւել է Ադրբեջանին։ Եթէ ԽՍՀՄ մասին ենք խօսում, պետք է հասկանանք, թէ որ թւի սահմանների մասին է խօսք գնում։

Սովետական միութեան վերջին տարիներին՝ 1989 թւականի դեկտեմբերի 1-ին մենք ունեցել ենք Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի որոշումը՝ Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին։ Դրա հիման վրայ Արցախում 1990 թւականի մայիսին անցկացւեցին ԽՍՀ Գերագոյն խորհրդի ընտրութիւններ։ Օգոստոսի 23-ին, երբ ընդունւեց ՀՀ անկախութեան հռչակագիրը, որով սկիզբ դրւեց անկախ պետականութեան վերականգնման գործընթացին, յղում էր կատարւում նաեւ 1989 թւականի դեկտեմբերի 1-ի որոշման վրայ՝ որը ներառում էր ԼՂԻՄ 5 շրջանները եւ գումարած Շահումեանի շրջանը։ 1991 թւականի սեպտեմբերի 23-ին, երբ սեպտեմբերի 21-ի հանրաքւէի արդիւնքներով հռչակւեց Հայաստանի անկախութիւնը, յղում էր կատարւել նաեւ օգոստոսի 23-ի հռչակագրի վրայ, որն էլի յղում էր կատարում 1989 թւականի դեկտեմբերի 1-ի որոշման վրայ։ Այսինքն՝ ուզում ենք հասկանալ՝ այսօր որ թւականի սահմանների մասին են խօսում։ Ես այս հարցը ԱԺ վերջին քառօրեայի ժամանակ տւեցի կառավարութեանը։ Շատ անակնկալ կերպով հարցին որոշեց պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը, ով ասաց՝ քարտէզը քարտէզ, մենք փորձում ենք հասկանալ երկկողմանի ընդունւած ու ստորագրւած իրաւապայմանագրային բազան։ Ասաց՝ քարտէզը թողէք մի կողմ, չնայած դրանից երկու շաբաթ առաջ կառավարութեան ղեկավարը քարտէզների վրայ էր յղում կատարում։ Հիմա ուրիշ հարց ունենք՝ այդ որ պայմանագրի հիման վրայ են իրենք Շուռնուխի կէսը տւել թուրքերին։ Ես դրանից առաջ Նիկոլ Փաշինեանին հարց տւեցի եւ Ադրբեջանի 1991 թւականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտին յղում արեցի, որով Ադրբեջանն առոչինչ է համարել Սովետական միութեան ժամանակ Ադրբեջանին վերաբերւող որեւէ որոշում։

 

- Այսինքն՝ Ադրբեջանը չի ընդունում ԽՍՀՄ իրաւայաջորդութիւնը, ինչո՞ւ է Հայաստանն ընդունում։

- Այո, Ադրբեջանը չի ընդունել Ադրբեջանական ԽՍՀ-ի իրաւայաջորդութիւնը, դուք ինչո՞ւ էք ընդունում։ Մենք հարցերը տալիս ենք, բայց իշխանութիւնները պտտում են ու պատասխան չեն տալիս։ Մինչդեռ, պարզ տրամաբանութիւնը ասում է՝ քանի դեռ մենք չենք որոշել, թէ սահմանը որտեղով է անցնում, ինչո՞ւ ենք մեր զօրքը միակողմանի յետ քաշում։ Պատկերացրէք վաղը, ինչպէս Պուտինն էր երէկ ասում, ռուսական Գենշտաբում մի հատ քարտէզ է ի յայտ գալիս, որով պարզւում է, որ սահմանն ամենեւին էլ ճանապահով չի անցնում։ Ի՞նչ, ադրբեջանցիները պէտք է Շուռնուխի արեւելեան հատւածը կամաւոր մեզ վերադարձնե՞ն։

Մենք երեքշաբթի օրը ԱԺ հրատապ նիստ ենք պահանջել այս օրակարգով՝ սահմանազատում, սահմանագծում, սահմաններին տիրող իրավիճակ։ Յեմանայնդէպս ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանից նամակ ունենք, որ նիստը անցկացւելու է։

Կան նաեւ մասնագիտական պնդումներ, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները պէտք է իրականացւեն 1923-26 թւականների քարտէզներով, կարո՞ղ ենք այս հարցերը բարձրացնել։

Բնականաբար, այո։ Դրա համար նախ ուզում ենք հասկանալ, թէ որ թւականների քարտէզով են իրենք առաջնորդւում։ Ես ասել եմ՝ րոպէական շահի համար մի վնասէք մեր երկարաժամկէտ ազգային շահերը։ Այսինքն՝ եթէ ինչ-որ տարածք Սովետի ժամանակ տրւել է Ադրբեջանին, դա չի նշանակում, որ դա ադրբեջանական տարածք է։ Եթէ այսպէս գնա, կարո՞ղ է մի օր էլ վեր կենան ու յայտարարեն, որ Մասիս սարը, Կարսը թուրքական են։ Եթէ այսօր ասում են, որ Շուռնուխից արեւելք որեւէ տարածք ադրբեջանական է, ի՞նչ սպասենք։ Տաւուշի նախկին մարզպետը, ով այսօր պատգամաւոր է, յայտարարել է, որ Տաւուշում ադրբեջանական տարածքներ կան։ Կարո՞ղ է վաղն էլ յայտարարեն, որ Մասիս սարը թուրքական տարածք է։ Եթէ չես կարողանում խնդիրները լուծել, չպէտք է յայտարարութիւններ անես, որոնք վաղը քո դէմ կօգտագործւեն, երբ յանկարծ խնդիր լուծելու հնարաւորութիւն կը լինի։

 

- Ամիսներ շարունակ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, եւ քայլեր չկան դրա դէմ։ Ի՞նչ պէտք է անել։

- Մարդու իրաւունքների պաշտպանի կողմից հրապարակումներ կան, որ ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ են իրականացնում։ Երբ ադրբեջանցիները մայիսի 12-ին մտան Հայաստանի տարածք, նախ Հայաստանի իշխանութիւնները մի ամբողջ օր ժխտում էին, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Անգամ լուսանկար տարածեցին ու հերքեցին։ Յետոյ փաստերի ճնշման տակ ընդունեցին, որ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք։ Յետոյ ասացին՝ ռուսական կողմն իրենց հետ բանակցում է։ Հիմա ես հարց եմ ուղղում՝ ինչի՞ շուրջ են բանակցում 5,5 ամիս։ Բանակցութեան առարկան ի՞նչ է, եւ այդ բանակցութիւններում ի՞նչ արդիւնք են արձանագրել։ Մենք պահանջեցինք, որ ԱԺ գային ԱԱԾ տնօրէնը, սահմանապահ զօրքերի հրամանատարը, Պաշտպանութեան նախարարը, դատախազութիւնից, բայց չեկան։ Սա է մեր իրավիճակը, ներսում բռնակալութիւն են սահմանել, որ ոչ ոք չկարողանայ ձեռքները բռնել՝ արտաքին ճակատում զիջումների գնալու դէպքում։

Այն, ինչ պէտք է լինի բանակցութիւնների առարկայ, չպէտք է լինի բանակցութիւնների նախապայման։ Թուրքերն ասում են՝ եթէ դուք ուզում էք մեզ հետ բանակցել, ուրեմն պէտք է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն ընդունէք։ Եթէ ես դա ընդունեմ, էլ ինչո՞ւ եմ գալիս քեզ հետ բանակցելու։ Ի դէպ, Սովետական սահմանների հիմնական պրոբլեմն այն է, որ եթէ յանկարծ որոշես վերադառնալ Սովետական սահմաններին, նաեւ Ղարաբաղի հարցը կարող է առաջանալ։ Եւ եթէ այսօր կարդում ենք բիւջէի նախագիծը, այնտեղ Արցախեան հիմնախնդրի մասին ընդամէնը 69 բառ է գրւած։ Իրենք ասում են՝ Արցախում մշակութային ու կրօնական ժառանգութեան պահպանում պէտք է լինի։ Բա յետո՞յ, Ղարաբաղի հարցում այս իշխանութիւնների դիրքորոշումը ո՞րն է։

 

- Ի դէպ, Արցախի հարցում կարեւոր է նաեւ ԱԺ դիրքորոշումը, իսկ խորհրդարանը լռում է կարծես, ինչո՞ւ։

- Մենք բարձրացնում ենք այդ հարցերը, եթէ նայէք մեր բոլոր ելոյթները, հարց ու պատասխանները, դրա շուրջ են կառուցւում։

 

Ռոզա Յովհաննիսեան

 

Յարակից լուրեր

  • Խաղաղութի՞ւն. թէ՞ դիմադրութիւն
    Խաղաղութի՞ւն. թէ՞ դիմադրութիւն

    «Խաղաղութիւն» հաստատելու Ալիեւի նկրտումը հասկանալի է։ Իսկ ինչո՞ւ «խաղաղութեան դարաշրջանից» խօսում գերագոյն գլխաւոր մեղաւորն ու պատասխանատուն։ Ի՞նչ են նրան դրա համար խոստացել։

  • Եկել են իշխանութեան սոցիալական արդարութեան խոստումով, բայց մարդկանց միջեւ անդունդն են մեծացնում
    Եկել են իշխանութեան սոցիալական արդարութեան խոստումով, բայց մարդկանց միջեւ անդունդն են մեծացնում

    Նիկոլն ամէն երեք ամիսը Հայաստանի մասին փաստեր էր կարդում, որոնք ծիծաղ էին առաջացնում, հիմա էլ կառավարութեան նիստերում ինչ-որ թւեր են հնչեցնում, որոնք լսելով` մտածում ես` նոյն երկրո՞ւմ ես ապրում, թէ՞ ոչ. երէկ՝ յունիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

  • Կենցաղային սպանութիւններն ու իշխանութեան վախճանը
    Կենցաղային սպանութիւններն ու իշխանութեան վախճանը

    Յունիսի 19-ի կիրակնօրեայ երեկոյի հանգստութիւնը պայթեցրեց Ապարանից եկած բոթը․ ՔՊ-ական պատգամաւորի եւ փոխմարզպետի հետ փոխկապակցւած անձիք երիտասարդ են սպանել են ու էլի մի քանի հոգու վիրաւորել են, քանի որ վերջիններս հայհոյել են իշխանութիւններին ու անձամբ Նիկոլ Փաշինեանին։ Աւելի ուշ ստացւեց երկրորդ զոհի մասին բոթը։ Իսկ այսօր տեղեկութիւններ եկան, որ մահացաւ նաեւ երրորդ վիրաւորը... Իր ցինիզմով ու դաժանութեամբ այս սպանութիւնը եզակի էր։

  • «Դաշնակահարի ձախող արկածները Ռուսաստանում կամ ակամայ խոստովանութիւն»․ Փաշինեանը մեղաւոր է
    «Դաշնակահարի ձախող արկածները Ռուսաստանում կամ ակամայ խոստովանութիւն»․ Փաշինեանը մեղաւոր է

    Ինձ թւում է, երբ համատեղութեան կարգով Նախագահ աշխատող դաշնակահար ՀՀՇ-ականը վերադառնայ Հայաստան, նրան շատ ծանր խօսակցութիւն է սպասում իր գործատուի հետ։ Չէ որ դաշնակահարին պաշտօն էին տւել, որ դաշնամուր նւագի, հիւրերին զւարճացնի, ի՞սկ նա... Սանկտ պետերբուրգեան ծովափնեայ մեղմ զեփիւռը, սպիտակ գիշերներն ու շիկահեր գեղեցկուհիները դառը կատակ խաղացին նրա հետ։ Պարոն Խաչատուրեանը, Կիսա Վորոբեանինովի նման, որոշեց բոլորին շլացնել իր մտքի լայնութեամբ։ 

  • Փաշինեանի հերթական շանտաժն ու խաբէութիւնը
    Փաշինեանի հերթական շանտաժն ու խաբէութիւնը

    ՀՀ Ազգային ժողովում Փաշինեանը օրերս յայտարարեց․ «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ «խաղաղութեան օրակարգը» յաջողութիւն կունենայ»։ Նա նաեւ ընդունեց, որ «սա վտանգներով, կորուստներով ուղեկցւող ճանապարհ է»։ Պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ պէտք չէ գնալ մի ճանապարհով, որը վտանգներ ու կորուստներ է ենթադրում, մանաւանդ, որ վստահ չես, որ այդ ճանապարհով հնարաւոր է հասնել ցանկալի եզրակէտին։ Սակայն գերագոյն գլխաւոր մեղաւորն ու պատասխանատուն շարունակում է. «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի կործանման»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։