Հա

Ազգային

27/10/2021 - 12:15

Վահագն Ալեքսանեանը ճիշտ կանի՝ յաջորդ անգամ չհամարձակւի Կիպրոս գալ. ՀՅԴ Կիպրոսի կոմիտէի ներկայացուցիչը պատասխանում է Վահագն Ալեքսանեանին

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի ներկայացուցիչ Սիմոն Այնէճեանը ArmDaily.am-ի հետ զրոյցում ասաց, որ Կիպրոսում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան անդամների դէմ բողոքի ակցիան ինքնաբուխ էր կազմակերպւել։

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի ներկայացուցիչ Սիմոն Այնէճեանը ArmDaily.am-ի հետ զրոյցում ասաց, որ Կիպրոսում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան անդամների դէմ բողոքի ակցիան ինքնաբուխ էր կազմակերպւել։ 

«Ինչպէս գիտէք, այդ մասին որեւէ յայտարարութիւն չի արւել եւ նախապէս չի էլ կազմակերպւել այս միջոցառումը, սակայն ինքնաբուխ ակցիա էր, որին մասնակցում էին նաեւ դաշնակցականներ, ինչպէս նաեւ ոչ դաշնակցական մարդիկ, հայեր, որոնք քաղաքական վերլուծութիւն անելու կարողութիւն ունեն եւ որոնք գիտակցում են, որ այս իշխանութիւնները չարիք են բերել մեր հայրենիքին եւ պէտք է հեռանան։ Մենք բոլոր մակարդակներով հասցրել ենք ճանաչել այս կառավարութեան բոլոր սխալները, որի մեղքերը կուտակւել են եւ բնական էր, որ մենք այդ պոռթկումն ունեցանք, որն էլ դրսեւորւեց ՀՀ խորհրդարանի այս պատւիրակութեան նկատմամբ, որի կազմում չէին ընդգրկւել «Հայաստան» դաշինքի, «Պատիւ ունեմ»-ի եւ մեր կուսակցական ընկերները, որոնք ընտրւած են ժողովրդի կողմից։ Բայց բուն խնդիրն այն է, թէ այս իշխանութիւնն իր քաղաքական հաշւարկները սխալ կերպով կատարելով, տարիներով ստեղծւած քաղաքական միջավայրում փչացնելով յարաբերութիւնները, սխալ յայտարարութիւններ անելով, ժողովրդին բաժանելով, նախկինների եւ ներկաների միջեւ կռիւ գցելով՝ բաժանեց ժողովրդին եւ թոյլ գտնւեց ազգային անվտանգութեանը սպառնացող օրակարգերը կանխարգելելու կամ մեղմելու հարցում»,- ասաց Այնէճեանը։ 

«Հայաստանի կառավարութեան քաղաքականութիւնն ու Կիպրոսի վարած քաղաքականութիւնը զուգահեռներ չունեն եւ ընդհանուր յայտարարի էլ չեն եկել։ Բացատրեմ, թէ ինչու։ Կիպրոսը նոյն կացութեան մէջ է գտնւում։ 17 տարի առաջ մեզ խաղաղութեան պայմանագիր հրամցւեց, որը վստահաբար պիտի կիպրացիների բարօրութիւնը, կեանքն աւելի լաւացնէր։ Կիպրոսի բնակիչներն այդ ռեֆերենդումին միաձայն ոչ ասեցին եւ նախընտրեցին լինել աւելի խեղճ, քան թէ դառնալ թրքական վիլայէթ, որոշեցինք մնալ աւելի քիչ հնարաւորութիւններով, աւելի քիչ առաւելութիւններ ունեցող կիպրացի քաղաքացի, քան թէ վտանգի տակ դրւի Կիպրոսի ճանաչւած Հանրապետութիւնը։ Թուրքիան ուզում էր իր վերջնական քաղաքական հարւածը հասցնել Կիպրոսին եւ մենք՝ Կիպրոսի բնակիչներս դա թոյլ չտւեցինք մեծ գին վճարելով։ Այսօր, այն, ինչ Հայաստանի մէջ է տեղի ունենում՝ նման է 1974 թւականին Կիպրոսում եղածին։ 1974 թւականին Յունաստանը՝ Կիպրոսի մայր հայրենիքը, ձեռքերը քաշեց Կիպրոսի վրայից, որպէսզի Թուրքիան ներխուժի Կիպրոս, գրաւելու կղզու կէսը, երկու հարիւր հազարից աւելի գաղթականներ ու ունենանք հազարաւոր զոհեր։ Նոյն բանը եղաւ Հայաստանում։ 

Հայաստանն ու ներկայ իշխանութիւնները Պիղատոսի պէս ձեռքները յետ են քաշել Արցախից եւ կարծում են՝ հաւատում են, այն միտքն են փայփայում, որ Արցախից ձերբազատւելով կը կարողանան Հայաստանին բարւոք կեանք ապահովել։ Այս քաղաքական վերլուծութեան ու ուղղութեան դէմ է, որ մենք ցոյցի գնացինք եւ ուզեցինք մեր քաղաքական ուղերձը փոխանցել, որ դէմ ենք այս քաղաքականութեանը»,- ասաց Այնէճեանը։ 

ՀՅԴ Կիպրոսի կոմիտէի ներկայացուցիչն ասաց, որ նմանատիպ բողոքի ցոյցեր լինելու են աշխարհիր տարբեր մասերում, ուր որ այցելեն ՔՊ կուսակցութեան ներկայացուցիչները։ Նա յաւելեց, որ նշանակութիւն չունի, թէ այդ ցոյցերը կը լինեն կազմակերպւած, թէ ինքնաբուխ։ Այնէճեանը նշում է, որ կարեւորութիւն ունի այն հանգամանքը, որ հայկական սփիւռքը մերժում է այս իշխանութիւններին եւ նրանց քաղաքականութիւնը։ 

«Այս իշխանութիւնների քաղաքականութիւնն ընդհանուր առմամբ մերժւել է Սփիւռքի կողմից։ Ես վստահ եմ, որ այլ երկրներ էլ, ուր որ այցելեն «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն ու եթէ փորձեն տեղի գաղութի հետ որեւէ կապ հաստատել՝ չի ստացւելու, ինչպէս որ չստացւեց այստեղ՝ Կիպրոսում։ Գիտէք, մենք երեսուն տարի, անկախ նրանից, թէ ո՞վ է եղել նախագահ, վարչապետ, պաշտպանութեան նախարար, պատւիրակութիւն, խորհրդարանի պատւիրակութիւն, ով որ եկել է՝ մենք նրանց թագաւորի պէս ենք դիմաւորել եւ կարմիր գորգ ենք փռել նրանց ճանապարհին։ Սա առաջին անգամն էր, որ նման ընդունելութեան չարժանացան Հայաստանից եկած ներկայացուցիչները եւ գաղութի անդամները հանդիպում չունեցան այս պատւիրակութեան անդամների հետ՝ հակառակը՝ կազմակերպեց գաղութն ակցիա իրենց դէմ, որ իրենց վարած քաղաքականութիւնն անընդունելի է մեզ համար»,- շեշտեց Սիմոն Այնէճեանը։ 

ՀՅԴ Կիպրոսի կոմիտէի ներկայացուցիչն ասաց, որ իրենց հակադարձել փորձող ՔՊ պատգամաւոր Բաբգէն Թունեանը խորհուրդ էր տալիս իրենց թուրքական դեսպանատան առջեւ ցոյց անել։ Այնէճեանն ասաց, որ անձամբ Թունեանին բացատրեց, որ Դաշնակցութեան 130 տարւայ գործունէութեան ընթացքում, երբ իրենց կառոյցը ներառւած է եղել հայ ժողովրդի բոլոր պայքարներում, Թունեանը շատ փոքր է նման ցուցումներ տալու համար։

«Ինքն իր կեանքում թրքական դրօշակ չի տեսել, ինքը թուրքական սահմանից մի քանի կմ հեռու չի ապրում՝ մենք ենք ապրում, ինքը հայկական գաղութները հայկական պահելու աշխատանքի մէջ չի եղել ներգրաււած՝ դա մենք ենք անում, ինքը վճարովի, իսկ մենք կամաւոր, ինչի դիմաց մենք ստանում ենք թալանչիների ու դաւաճանների պիտակաւորումներ ամենուրէք՝ հէնց իրենց կողմից»,- ասաց վերջինս։

Նա շեշտեց, որ ՔՊ պատգամաւորներին ուղեկցող նկարահանող օպերատորները ցոյց անող կիպրահայերին են նկարել ու հետեւաբար ՀՅԴ Կիպրոսի կոմիտէի ներկայացուցիչը հարց է բարձրացնում, թէ որտե՞ղ է տեղադրւել այդ տեսանիւթը. «Ինչո՞ւ համար էին մեզ նկարահանում։ Սա շանտաժ է, պորովոկացիա, մեզ գիտէ՞ք ով է նկարահաննում՝ աշխարհի վրայ երեք հոգի։ Այս իշխանութիւններն են, որ նկարահանում են եւ պահում իրենց արխիւներում՝ չգիտեմ ինչի համար կամ ինչ նպատակներով, թրքական գաղտնի ծառայութիւններն ու ադրբեջանցիները՝ միայն այս երեքն են մեզ նկարահանում՝ ուրիշ ոչ մէկը»։

Անդրադառնալով ՔՊ պատգամաւոր Վահագն Ալեքսանեանի յայտարարութեանը, թէ Կիպրոսում կազմակերպւած ակցիայի մասնակիցները վճարւել են ու անպիտան ծառայութիւններ են մատուցել, ասաց. «Իրենք մերժւած են մեր կողմից ու մերժւած են մեր գաղութի կողմից։ Ինչ վերաբերում է այն յայտարարութեանը, որ ցոյցի մասնակիցներին վճարել են, ապա պրն Ալեքսանեանին ուզում եմ ասել, որ յաջորդ Կիպրոս այցելութիւնն այդքան էլ յաջող չի լինի։ Աւելի ճիշտ կանի յաջորդ անգամ չհամարձակւի Կիպրոս գալ՝ սա մէկ, թող չհամարձակւի Կիպրոս գալ ու սուտ յայտարարութիւններ անել։ Մեծ տարբերութիւն կայ պրն. Ալեքսանեանի եւ մեր մէջ՝ ինքը պատգամաւոր է եւ վճարւում է իր արած գործի համար։ Մենք կամաւորներ ենք ու մեր գաղափարների, մեր քաղաքականութեան համար ենք պայքարում եւ որպէս կուսակցութեան ներկայացուցիչ կամաւոր եմ աշխատում, ինչպէս իմ կուսակից ընկերներն ու բոլոր յարակից կազմակերպութիւնները։ Ամէն ինչ անում ենք գաղութի համար անվճար, ուրեմն վճարւելու մասին խօսակցութիւնները թող ուրիշ տեղ ծախի, բայց ոչ այստեղ»,- ասաց Սիմոն Այնէճեանը։

 

Յարակից լուրեր

  • Հանդիպում՝ Կիպրոսի Համայնավար «ԱՔԷԼ» կուսակցութեան եւ Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի միջեւ
    Հանդիպում՝ Կիպրոսի Համայնավար «ԱՔԷԼ» կուսակցութեան եւ Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի միջեւ

    Համայնավար ղեկավարը, Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի պատւիրակութեանը յանձնեց Եւրոպայի Ձախակողմեան կուսակցութիւնների բլոկի կողմից՝ Եւրոխորհրդարանի ներկայացւած թղթածրարը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ջանքերի կապակցութեամբ: Հանդիպման աւարտին, Կիպրիանուն, Այնէճեանը եւ Մանուկեանը պատասխանեցին «ԱՔԷԼ»-ի կենտրոնում հաւաքւած՝ Կիպրոսի հեռուստակայանների եւ լրատւական ցանցերի ներկայացուցիչների հարցումներին:

  • Հանդիպում՝ Կիպրոսի ՀՅԴ, Հայ Դատի յանձնախմբի եւ «ԷԴԷՔ»-ի անդամների հետ
    Հանդիպում՝ Կիպրոսի ՀՅԴ, Հայ Դատի յանձնախմբի եւ «ԷԴԷՔ»-ի անդամների հետ

    Ապրիլի 28-ին, ընկերվարական «ԷԴԷՔ» կուսակցութեան գրասենեակում կայացաւ աշխատանքային նիստ Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի եւ Հայ Դատի յանձնախմբի անդամներից բաղկացած պատւիրակութեան եւ «ԷԴԷՔ»-ի Կենտրոնական կոմիտէի անդամների միջեւ:
    Նիստին մասնակցեցին «ԷԴԷՔ»-ի Կենտր. կոմիտէի անդամ եւ նախագահի տեղակալ Կոստաս Էֆստաթիուն ինչպէս նաեւ՝ նրա մամլոյ պատասխանատուն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։