Հա

Ազգային

06/11/2021 - 11:45

Համբիկը 40 տարի իր կեանքից նւիրեց մեր վիրաւոր արժանապատւութեանը... Իսկ մե՞նք

Մի տեսակ լռութեան ժամանակներ են․ թւում է, թէ ամէն բան ասւած է, ոչ զարմանալու, ոչ յուզւելու, ոչ էլ ոգեւորւելու ուժ չի մնացել...

Գնում եմ Համբիկ Սասունեանի հետ հանդիպման։ Գրեթէ քառասուն տարւայ անազատութիւնից յետոյ Համբիկն Հայաստանում է, տանը՝ ինչպէս ինքն է ասում։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը գրում է.

«Մի տեսակ լռութեան ժամանակներ են․ թւում է, թէ ամէն բան ասւած է, ոչ զարմանալու, ոչ յուզւելու, ոչ էլ ոգեւորւելու ուժ չի մնացել...

Գնում եմ Համբիկ Սասունեանի հետ հանդիպման։ Գրեթէ քառասուն տարւայ անազատութիւնից յետոյ Համբիկն Հայաստանում է, տանը՝ ինչպէս ինքն է ասում։ Հայոց Ցեղասպանութեան արդարութեան մարտիկն իր կեանքի երկար ու ձիգ տասնամեակները նւիրեց յանուն մեր վիրաւոր արժանապատւութեան, յանուն մեր Ցեղասպանութեան նահատակների արդար վրէժի, յանուն մեր թափւած արեան, յանուն այն բանի, որ անտարբեր աշխարհն իր աչքերը, սիրտն ու միտքը բացի, յանուն այն բանի, որ մարդկութիւնը երբեք չկանգնի ցեղասպանութիւն ոճիրի առջեւ...

Այս պահին հեշտ ասւող շարքային խօսքեր, որոնց յետեւում մի ամբողջ կեանք է...

Քառասուն տարի, քառասուն տարի... փորձում եմ չափել կեանքի այդ ժամանակը, տեւողութիւնն ու դրա մէջ տեղաւորւող ինքը կեանքը, ու չի ստացւում, անհնար է պատկերացնել։

Մօտենում եմ Համբիկին՝ շրջապատւած է հանդիպման ուրախութիւնից ու ակնածանքից փայլող աչքերով ընկերներով ու բարեկակամներով։

Հեռւից նկատում է ինձ ու համոզւած հարցումով ասում՝ Լիլի՞թ։

- Այո-, ասում եմ ես, ու հին ընկերների պէս ողջագուրւում ենք։ Լռելու ժամանակ է, ամէն բան ասւած է։

- Գիտե՜ս, բանտում որքա՜ն եմ կարդացել յօդւածներդ եւ ուժ առել,- համեստ ու չպարտադրող ձայնով ասում է Համբիկը... ու կրկին գրկախառնւում ենք։ Ես լուռ եմ, աւելի շուտ բառեր չեմ գտնում, մանաւանդ այս ծանր ու անլոյս օրերում, երբ կեանքիս երեսուն տարին կորցնելու անամոք վէրքով եմ ապրում, ամէն օր, ՅԵՏՈՅ հարցը դաջւած ուղեղիս մէջ... Ու Համբիկն այս օրերում...

- Ո՞ւր է գլխարկը,- հայեացքով փնտրում է եղբօրն ու նրա ձեռքից վերցնում ձեռագործ մի գլխարկ։

- Բանտում եմ գործել, երբ շատ անելիք չկար, այս մէկը քո համար է...

Գրեթէ շունչս կտրւում է, ես էլի լուռ եմ՝ ՄԵՂԱՒՈՐԻ ԼՌՈՒԹԵԱՄԲ, յուզմունքից քարացած, բառեր չեմ գտնում, ու կրկին գրկում եմ համեստ ու մի քիչ շփոթւած Համբիկին՝ որն իր կեանքի երկար ու ձիգ տասնամեակները նւիրեց յանուն մեր վիրաւոր արժանապատւութեան, յանուն արդար վրէժի, յանուն մեր թափւած արեան, յանուն այն բանի, որ անտարբեր աշխարհն իր աչքերը, սիրտն ու միտքը բացի...

Իսկ մե՞նք...»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։