Հա

Ազգային

07/11/2021 - 13:05

ՀՅԴ ԱՄՆ Հայ Երիտասարդաց դաշնութեան անդամները դեսպան Մակունցին զգուշացնում են՝ այլեւս ոչ մի անխոհեմ զիջում

ՀՅԴ Հայ Երիտասարդական դաշնութեան ԱՄՆ Արեւելեան շրջանի Կենտրոնական Գործադիրի անդամները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ առանձնազրոյցի ժամանակ պաշտօնապէս յայտնել են իրենց լուրջ մտահոգութիւնը հայ ազգի ճակատագրի վերաբերեալ։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայ Երիտասարդական դաշնութեան ԱՄՆ Արեւելեան շրջանի Կենտրոնական Գործադիրի անդամները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ առանձնազրոյցի ժամանակ պաշտօնապէս յայտնել են իրենց լուրջ մտահոգութիւնը հայ ազգի ճակատագրի վերաբերեալ։ Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Երիտասարդ ակտիւիստների խումբը՝ ատենապետ Վրէժ Դաուլիի (Չիկագօ «Արարատ» մասնաճիւղ), Ալեք Մանուկեանի (Վաշինգտոն, «Անի» մասնաճիւղ), Արամ Բալեանի (Վաշինգտոն, «Անի» մասնաճիւղ), Սիփան Օհաննէսեանի (Վաշինգտոն, «Անի» մասնաճիւղ) եւ Սօսի Բուրուջեանը (Վաշինգտոն, «Անի» մասնաճիւղ), ուղեկցութեամբ ՀՅԴ Արեւելեան շրջանի Կենտրոնական կոմիտէի անդամ Անի Ճաղլասյեանի, ուրբաթ կէսօրից յետոյ կազմակերպել էին նորանշանակ հայ դեսպանի հետ հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ եւս մէկ եռակողմ համաձայնագրի նախաշեմին, որը, ըստ լուրերի, տեղի կունենայ յաջորդ շաբաթ, Նիկոլ Փաշինեանի կողմից 2020 թւականի Արցախեան պատերազմի աւարտի մասին յայտարարութեան ստորագրումից մէկ տարի անց:

«Հայ ազգը դէմ է նոր անխոհեմ զիջումներին,- ընդգծել են երիտասարդները դռնփակ հանդիպման ժամանակ,- մենք դէմ ենք ներկայիս բանակցութիւններին, որոնք կը ստեղծեն մեր հայրենիքը մեկուսացնող միջանցք»։

ՀՅԴ երիտասարդական միութեան բազմաթիւ մտահոգութիւններից են բաց սահմանների վտանգները եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցերը: Օրինակ, Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի ծրագիրը՝ վերականգնել տրանսպորտային եւ կապի ուղիները Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան հետ՝ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքով»՝ Սիւնիքի մարզով։

«Եռակողմ համաձայնագիրը խաղաղութիւն չհաստատեց, այլ աւելի շուտ յարուցեց թշնամու էքսպանսիոնիստական ախորժակը,- նախազգուշացրին դաշնակցականները,- մենք չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի կործանման վտանգին, եւ կը շարժւենք ներկայիս վարչակազմի դէմ, որը վարում է ապակառուցողական քաղաքականութիւն, որը հակահայկական է եւ մեր երիտասարդութեան ապագան տանում է դէպի անդունդ»։

Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մօտից ուղիղ հեռարձակմամբ Վրէժ Դաուլին հակիրճ տեղեկատւութիւն է տրամադրել հանդիպման մասին: «Մենք դէմ առ դէմ կիսւեցինք մեր տեսակէտներով՝ ընդգծելով մեր մտահոգութիւնների խորութիւնը եւ հայ երիտասարդութեան յանձնառութիւնը հայ ազգի անվտանգութեանն ու գոյատեւմանը»:

«Մենք չենք ընդունելու եւ թոյլ չենք տայ Արցախի ուրացումը, հայկական որեւէ հողի յանձնումը, Հայաստանի տարածքով օտարերկրեայ միջանցքների ստեղծումը կամ հայկական անվտանգութեան զիջումը»,- ընդգծել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։