Հա

Ազգային

24/11/2021 - 13:50

«Փաշինեանը, վաղ թէ ուշ, ձեզ լքելու է այնպէս, ինչպէս առաջնագծում լքեց մեր տղաներին». Վիգէն Սօսիկեանի բաց նամակը` Լոս Անջելէսում հայ հիւպատոսին

ԱՄՆ-ում բնակւող սփիւռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վիգէն Սօսիկեանը բաց նամակ է յղել Լոս Անջելէսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանին: Ստորեւ ներկայացնում ենք այն։

ԱՄՆ-ում բնակւող սփիւռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վիգէն Սօսիկեանը բաց նամակ է յղել Լոս Անջելէսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանին: Ստորեւ ներկայացնում ենք այն։

 

Բաց նամակ՝ Լոս Անջելէսում ՀՀ գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանին

Յարգելի՛ պարոն Բայբուրդեան

Յուսով եմ, որ այս նամակը կը հասնի ձեզ: Ես ձեզ դիմում եմ նախ՝ որպէս Հայաստանի արտաքին գործերի ներկայացուցչի Լոս Անջելէսում, եւ երկրորդ՝ որպէս հայ անհատի։ Այն նախարարութիւնը, որը Դուք ներկայացնում էք այստեղ, այնպէս, ինչպէս Փաշինեանի կառավարութեան մնացած նախարարութիւնները, գործում են Նիկոլ Փաշինեանի՝ յաճախ թերի, անմիջական ղեկավարութեամբ։ Եթէ նախարարների բազմաթիւ հրաժարականները բաւարար չեն այս փաստը վկայելու համար, ապա միգուցէ բաւարար են այն բազմաթիւ առիթները, երբ նա օգտագործել է «ես յանձնարարել եմ» տերմինը՝ խօսելով ձեր վերադաս պարոն Արարատ Միրզոյեանին տւած հրահանգների մասին։

Այս փաստը կարող է խնդիր չներկայացնել, եթէ դիտարկւի այլ հարթակում: Բայց իրականում, անշուշտ, չափազանց մտահոգիչ է, երբ.

1) 2020 թւականի նոյեմբերի 9-ին Փաշինենի կողմից գաղտնի ստորագրւած եռակողմ յայտարարութիւնն ամբողջութեամբ իրականացւել է Փաշինեանի կառավարութեան եւ ձեր նախարարութեան կողմից, իսկ 1, 6, 8 եւ 9 կէտերը շարունակում են խախտւել ադրբեջանական կողմից։

2) Արտաքին գործերի նախարարութեան եւ Ձեր առաքելութեան առաջնային մանդատը մեր Հանրապետութեան շահերի պաշտպանութիւնն է, սակայն կառավարութիւնը, որին մաս էք կազմում անուղղակիօրէն, Ադրբեջանին է յանձնել հայկական մի քանի տարածքներ եւ վերահսկողութիւն միջազգային ճանապարհների առանցքային հատւածների վրայ, նոյնիսկ՝ նախքան սահմանազատման պաշտօնական քննարկումները:

3) Սահմանների սահմանազատման թեմայով ձեր կառավարութիւնը պնդում է՝ խորհրդային քարտէզներն օգտագործել որպէս բանակցութիւնների հիմք, միեւնոյն ժամանակ բաւականին ծիծաղելի կերպով մէջբերում է Ազգային ժողովի վարչական սահմանների մասին օրէնսդրութիւնը, որ արդարացնի այս անհեթեթ մօտեցումը:

4) Սահմանադրութեան 205-րդ յօդւածի ուղղակի խախտմամբ՝ Նիկոլ Փաշինեանն իր վերջին ասուլիսում յայտարարեց, որ սահմանագծման եւ սահմանազատման համաձայնագրերի արդիւնքում տարածքային ճշգրտումների իրականացման համար չի կարծում, որ հանրաքւէ անհրաժեշտ է։

5) Ձեր վերադասը` Արարատ Միրզոյեանը, շարունակում է յայտարարել, որ «դրական ազդանշաններ» է տեսնում բռնապետ Էրդողանի կողմից եւ պատրաստ է առանց նախապայմանների յարաբերութիւնները կարգաւորել այն ազգի հետ, որը կրում է Հայոց Ցեղասպանութեան պատասխանատւութիւնը։

Ես, անշուշտ, կարող եմ շարունակել այս ցուցակը՝ թւարկելով փաստ առ փաստ, որը ցոյց է տալիս Նիկոլ Փաշինեանի բազմաթիւ դաւաճանութիւնները եւ ձախողումները, բայց կը նախընտրեմ առայժմ կանգ առնել այստեղ։ Դեսպա՛ն Բայբուրդեան, ի՞նչ էք կարծում, վերոյիշեալ կէտերը բխո՞ւմ են մեր հանրապետութեան լաւագոյն շահերից (շահերը, որոնք Դուք պարտաւորւած էք պաշտպանել): Եթէ՝ այո, ապա, համապատասխանաբար, մատնանշէք: Եթէ՝ ոչ, ապա ամէն օր, երբ Դուք մնում էք մեր պետականութիւնը քայքայող ԱԳ նախարարութեան ներկայացուցիչը այստեղ, կրում էք պատասխանատւութեան ձեր բաժինը հետագայի համար։

Այժմ, որպէս հայ անհատ, դեսպա՛ն Բայբուրդեան, խնդրում եմ, մի փոքր լոյս սփռէք՝ արդեօ՞ք ներկայիս կառավարութեան գործողութիւնները բխում են Հայաստանի շահերից: Դուք ամենեւին էլ վիրաւորւած չէ՞ք՝ մասնիկը լինելով այն արհաւիրքի, որը Փաշինեանի կառավարութիւնը շարունակում է բերել մեր ազգի գլխին։ Կա՞յ զղջում։ Կա՞յ անձնական պատիւ։ Եթէ՝ այո, ապա Դուք անձնական պարտաւորութիւն ունէք ոչ միայն լքելու ԱԳՆ ներկայացուցչի՝ ձեր պաշտօնը, այլ նաեւ պարտաւորութիւն՝ միանալու մեր համայնքի այն տասնեակ հազարաւորներին, ովքեր կոչ են անում Նիկոլ Փաշինեանին՝ հեռանալ իր պաշտօնից։ Եթէ՝ ոչ, ապա Դուք կարող էք ակնկալել, որ Ձեզ, համապատասխանաբար, կը յիշեն մեր Հայրենիքի պատմութեան այս գլխից ոչ հեռու պատմութեան մէջ, քանի որ Նիկոլ Փաշինեանը, վաղ թէ ուշ, ձեզ լքելու է այնպէս, ինչպէս լքեց առաջնագծում կանգնած մեր տղաներին։ Սպասում եմ Ձեր արձագանգին։

 

Յարգանքներով՝ Վիգէն Սօսիկեան

Լոս Անջելէս, Կալիֆորնիա

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։