Հա

Ազգային

25/11/2021 - 12:25

«Փաշինեանը ժողովրդին պատրաստում է ծանր որոշումների, եւ Արցախի մասին ասւածն ամենավտանգաւորն է»․ Արթուր Խաչատրեան

Ալիեւի հետ սպասւող երկու հանդիպումից առաջ Փաշինեանն օգտագործեց ասուլիսի ֆորմատը ժողովրդին քողարկւած եւ նուրբ ձեւով ծանր որոշումներ կայացնելուն պատրաստելու համար, եւ այս մեծ ասուլիսում Արցախի հատւածը ամենառիսկայինն ու ամենավտանգաւորն էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը։

«alikonline.ir» - Ալիեւի հետ սպասւող երկու հանդիպումից առաջ Փաշինեանն օգտագործեց ասուլիսի ֆորմատը ժողովրդին քողարկւած եւ նուրբ ձեւով ծանր որոշումներ կայացնելուն պատրաստելու համար, եւ այս մեծ ասուլիսում Արցախի հատւածը ամենառիսկայինն ու ամենավտանգաւորն էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը։

Խօսելով Փաշինեանի յայտարարութեան մասին՝ իբրեւ թէ Արցախի հարցը տարածքի հարց չէ, այլ իրաւունքի, որով Փաշինեանը կրկնում էր ՀՀՇ-ի ժամանակ հնչող մտայնութիւնը, թէ Արցախի ժողովրդի բարեկեցութիւնը կարելի է ապահովել նաեւ Ադրբեջանի կազմում, Արթուր Խաչատրեանն ասաց, որ Արցախի հարցը ժողովրդի ինքնորոշման իրաւունքի խնդիր է եւ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքի հարց։

«Այսինքն, Արցախի ժողովուրդը ցանկութիւն է յայտնել ապրել անկախ եւ հռչակել է իր անկախութիւնը այդ ժամանակ գործող Սովետական Միութեան կարգաւորումների շրջանակում։ Դրանով իսկ իր կամքը աներկբայօրէն արտայայտել է»,- արձանագրեց պատգամաւորը։

Փաշինեանի մէկ այլ դիտարկմանը, իբրեւ թէ յետխորհրդային երկրները միմեանց տարածքային ամբողջականութիւնը ճանաչել են դեռ ԱՊՀ մտնելիս՝ Արթուր Խաչատրեանը հակադարձեց, որ երբ այդ պետութիւնները մտան ԱՊՀ, Արցախն արդէն Ադրբեջանի կազմում չէր՝ հռչակել էր իր անկախութիւնը դրանից առաջ։

Ապա, ըստ պատգամաւորի, Փաշինեանը փորձեց մարդկանց շատ նուրբ ձեւով ներշնչել, որ Արցախի հարցը ոչ թէ իր կամ նախորդ նախագահների խնդիրն էր, այլ դա չլուծւող հարց էր, ուղղակի քաղաքական կամք էր պէտք ժողովրդին այդ մասին անկեղծօրէն ասելու համար։

«Ասում է՝ մենք ամբողջ ազգով փորձեցինք լուծել, եթէ ուզենայինք յանձնել՝ կռիւ էլ չէր լինի․․․ ինքը մարդկանց փորձում է սովորեցնել, որ դա անլուծելի խնդիր է եւ չի խորշում նաեւ փաստերի աղճատումից։ Ինքը յիշեցրեց իր յօդւածը 44-օրեայ պատերազմի մասին, որը գրել է յունւարի 5-ին եւ էլի այդ նոյն թեզն է տարել, որ Հայաստանը 2017 թ-ին յայտարարել է, որ 7 շրջան պէտք է հէնց այնպէս յանձնի, բայց «մոռացաւ» նշել, որ իր յօդւածից մի քանի օր յետոյ ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը յայտարարութեամբ հանդէս եկաւ եւ ասաց, որ Փաշինեանի ասածները իրականութեանը չեն համապատասխանում՝ երբեք խօսակցութիւն չի եղել հէնց այնպէս ինչ-որ մի բան տալու մասին։ Չմոռանանք, որ Ալիեւն էլ ասում էր՝ ինձ վրայ միջազգային ճնշումներ կան, որ Ղարաբաղի անկախութիւնը ճանաչեմ։ Այսինքն, բանակցութիւնը եղել է ինչը ինչի դիմաց՝ ուղղակի տարածք տալու մասին բանակցութիւն երբեք չի եղել»,- ընդգծեց Արթուր Խաչատրեանը։

Ճշմարտութեան հետ աղերս չունի նաեւ Փաշինեանի մէկ այլ պնդում՝ իբրեւ թէ հայկական կողմից հնչող հայանպաստ լուծումների տարբերակները համահունչ չեն միջազգային իրաւունքի նորմերին։

«Միջազգային հանրութիւնը եթէ մեր մօտեցման հետ համակարծիք չլինէր եւ չասէր, որ կայ ազգերի ինքնորոշման իրաւունք, եւ յղում չկատարէր Հելսինկեան եզրափակիչ ակտին ու 3 հիմնական սկզբունքներին՝ տարածքային ամբողջականութիւն, ուժի չկիրառում եւ ազգերի ինքնորոշման իրաւունք, բանակցութիւններ չէին գնայ 30 տարի, կասէին՝ Հայաստանն ագրեսոր է եւ վերջ։ Բայց քանի որ կային 30 տարի շարունակւող բանակցութիւններ տարբեր ֆորմատներով, իսկ վերջին 28 տարին նաեւ Մինսկի խմբի ձեւաչափով, նշանակում  է ազգերի ինքնորոշման իրաւունքը յարգւած իրաւունք է եւ դրա շուրջ էին բանակցութիւնները»,- ասաց Արթուր Խաչատրեանը։

Եւ հիմա Փաշինեանը, որն իր ապիկար քաղաքականութեան հետեւանքով ձախողեց ամէն ինչ՝ դիւանագիտութիւնը, պատերազմը, նոյեմբերի 9-ից յետոյ է ձախողում Հայաստանի արտաքին, ներքին եւ տնտեսական քաղաքականութիւնները, սեփական ձախողումն ընդունելու փոխարէն եւ հասկանալով, որ ինքը չի կարողանում խնդիրը լուծել, արդէն մեղքը գցում է ամբողջ աշխարհի վրայ, որ՝ ժողովո՛ւրդ, մենք փորձեցինք, բայց աշխարհը մեզ չի ընդունում։

«Ո՛չ, մենք վստահ ենք, որ կայ Արցախի խնդրի հայանպաստ լուծում, եւ մենք գտնում ենք, որ եթէ լինի ճիշտ քաղաքականութիւն, ճիշտ բանակցող եւ հզօր պետութիւն, այդ հարցը հնարաւոր է լուծել, որովհետեւ Ալիեւի յայտարարութիւնն էլ կայ՝ մեզ պարտադրում են ճանաչել Արցախի անկախութիւնը»,- ընդգծեց Արթուր Խաչատրեանը։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։