Հա

Ազգային

04/12/2021 - 10:00

«Ընկճւածութեան էջը մեզ համար փակւած է». Յակոբ Տէր-Խաչատուրեան

Դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը խօսել է խորհրդաժողովի աշխատանքների հիմնական ուղղութիւնների մասին.

«alikonline.ir» - Դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը խօսել է խորհրդաժողովի աշխատանքների հիմնական ուղղութիւնների մասին.

«Յետպատերազմեան այս շրջանում կայ ընդհանուր ընկճւածութիւն: Այդ ընկճւածութիւնը ե՛ւ հայրենի զանգւածների մօտ է, ե՛ւ զգալի է յատկապէս Սփիւռքի պարագայում: Մեզ համար ընդունելի չէ այս երեւոյթը, եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայ Դատի կառոյցները, մեր բոլոր շարքերով ու համակիրներով աշխատելու ենք, որպէսզի դուրս գանք այդ հոգեբանական ընկճւածութիւնից: Մեզ համար այդ էջը փակւած է:

Հիմա ժամանակն է յաւելեալ թափով աշխատանքներին լծւելու եւ առաջ գնալու մեր չորս հիմնական նպատակների ուղղութեամբ: Այդ չորս նպատակները Հայ Դատի ոլորտում հետեւեալ ձեւով ենք սահմանում. առաջինը մեր հայրենիքի իրազեկման խնդիրն է, լոբբինգի հարցը, Հայաստանի ՀանրապետութԵան պետականութեան ամրապնդման եւ միջազգային հեղինակութեան բարձրացման խնդիրը: Երկրորդը մեր շատ սիրելի Արցախի անկախութեան ճանաչման եւ որտեղ դա հնարաւոր չէ, ինքնորոշման իրաւունքի շեշտաւորման խնդիրն է, նաեւ՝ Արցախի օժանդակութեան ծրարը: Երրորդը՝ Հայ Դատի դասական օրակարգն է՝ Ցեղասպանութեան ճանաչման, հետեւանքների վերացման եւ պահանջատիրութեան իմաստով: Չորրորդը՝ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան խնդիրն է, որտեղ էլ գտնւենք՝ հայապատկան հողերի վրայ, թէ տարբեր երկրներում: Կարեւոր է նաեւ մեր երիտասարդութեան քաղաքականացման խնդիրը, անհրաժեշտ է, որ տարբեր երկրների մեր երիտասարդները մասնակցեն քաղաքական կեանքին, ու նաեւ փորձենք տեղ-տեղ «բերդը գրաւել ներսից»:

Մեր խորհրդաժողովի օրակարգի առիւծի բաժինն Արցախն էր: Պատերազմից յետոյ մենք մշակել ենք յատուկ ուղեգիծ, երկու առցանց խորհրդաժողով ենք ունեցել: Նախորդ՝ 2020թ. խորհրդաժողովն էլ Արցախում կայացաւ: Այն ժամանակ դեռեւս կանխատեսելի չէր այն պատերազմը, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց ահաբեկիչ շրջանակներով սանձազերծեցին Արցախի եւ Հայաստանի նկատմամբ: Բայց այդ ժողովի ժամանակ մենք դրեցինք Արցախի համար տարւելիք աշխատանքների հիմքերը: Ուղեցոյց ունէինք, բայց պատերազմից յետոյ այն թարմացնելու, աւելի նպատակայարմար դարձնելու, թիրախաւորելու կարիք կայ:

Այդ աշխատանքը սկսել ենք պատերազմից անմիջապէս յետոյ, որովհետեւ ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից յետոյ մենք մեր աշխատանքները չենք դադարեցրել, այլ պարզապէս փոխել ենք թիրախներն ու շեշտադրումները: Իջել ենք հրապարակ՝ պաշտպանելու Արցախի շահերը՝ մեր շահերը: Մենք լաւ գիտենք, թէ մեր թշնամին ինչ հսկայական միջոցներ է օգտագործում, որի դէմ ունենք մեր բանակը: Հայ Դատի ընկերներն ու ընկերուհիները ներկայացնում են հայ ժողովրդի երկրորդ բանակը: Եթէ առաջինը մեր ժողովրդի ֆիզիկական պաշտպանութիւնն է ապահովում, Հայ Դատի բանակըջհ նրա թիկունքն է, որ քաղաքական, դիւանագիտական եւ արտաքին յարաբերութիւնների ոլորտում նոյնքան մեծ պատերազմի մէջ է աշխարհով մէկ:

Մենք ունենք նաեւ Արցախի բարեկամների ցանց, որն օրն օրի ընդարձակւում է: Միջին Արեւելքում, Հիւսիսային ու Հարաւային Ամերիկայում, Աւստրալիայում, Եւրոպայում ունենք այնպիսի ոչ հայ բարեկամներ, որոնք պատրաստ են Արցախի դատի կողքին կանգնել, յայտարարութիւններ անել, բանաձեւեր ներկայացնել խորհրդարանում, իշխանութեան հետ գործակցել: Եւ մենք բաւական մեծ յաջողութիւնների ենք հասել այս առումով:

Վերջերս Նոբելեան 4 մրցանակակիրներ յստաօրէն Ադրբեջանը որպէս ագրեսոր որակեցին: Համաշխարհային ընկալման մէջ Ադրբեջանն ինքն իրեն ներկայացնում է որպէս իր հողերի վրայ պատերազմ տարած պետութիւն եւ երբեք չի ընդունել Արցախի ինքնուրոյն նկարագիրը: Դա փոխելու համար մենք դիմեցինք Նոբելեան մրցանակակիրներին, որոնք վերջերս այդ յայտարարութիւնը կատարեցին: Շուտով այդպիսի յայտարարութիւն կը լինի նաեւ Կիպրոսում եւ նմանատիպ աշխատանքներ ենք տանում աշխարհով մէկ:

Հնարաւոր եղաւ կասեցնել մի քանի ռազմական աշխատանքներ՝ կապւած մեր թշնամուն զինամթերք մատակարարելու հետ: Այդ ուղղութեամբ լուրջ աշխատանք տարւեց: Կանադայում «Բայրաքթարի» մասեր տրամադրող ընկերութիւնը սնանկացաւ, քանի որ մեր աշխատանքի արդիւնքում Կանադայի կառավարութիւնը արգելեց այդ կտորների առաքումը Թուրքիա: մեծ պայքար ենք մղում այդ ուղղութեամբ ԱՄՆ-ում, Իսրայէլում: Նաեւ աշխարհով մէկ ներկայացնում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի յարձակողական քաղաքականաութեան իսկական դիմագիծը:

Մենք Հայ Դատի յանձնախմբերի կողքին գործող ունենք հայերի իրաւունքներով զբաղւող միութիւն, որը մասնագիտացած է Արցախի հարցի իրաւական մասով: Այսօր դատեր ենք բացել գերիների հարցով եւ այդ ուղղութեամբ աշխատում ենք ՀՀ-ի փաստաբանական ընկերութիւններից մէկի հետ: Նաեւ պատերազմական ոճիրների, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան խնդիրներն ենք արծարծում:

Արցախի առումով օրակարգի վերջին հարցը մեր այլազան յանձնախմբերի եւ գրասենեակների յարաբերութիւններն են ԱՀ իշխանութեան տարբեր օղակների, հիմնականում արտաքին յարաբերութիւնների, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ Արցախի օժանդակութեան ծրագրերը:

Խորհրդաժողովի ընթացքում քննարկումներ ունեցանք ՀՀ քաղաքականութեան, մեր տարւելիք աշխատանքի, Ջաւախքի, Նախիջեւանի, Միջին Արեւելքի ճգնաժամի՝ մանաւանդ լիբանանահայութեան եւ սիրիահայութեան խնդիրների եւ Թուրքիայի ու Արեւմտեան Հայաստանի մեր դատի հետապնդման հարցերի մասին:

Կարեւոր տեղ է յատկացւել Հայ Դատի գրասենեակների աշխատանքը, քարոզչական, հաղորդակցական միջոցներն աւելի արդիւնաւէտ դարձնելուն:

Քննարկւած հարցերի մի մասը միշտ կայ մեր օրակարգում, մի մասն էլ թելադրւած էր վերջին երկու տարում տեղի ունեցած դէպքերի պատճառով: Մենք պիտի շարունակենք մեր քննարկումները, եւ համոզված եմ, որ շուտով կրկին կը տեսնւենք Արցախում»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։