Հա

Ազգային

28/12/2021 - 12:30

Իւրաքանչիւրիս խօսքը այն դիմադրութիւնն է, որը պէտք է խոչընդոտի կազմաքանդման գործընթացը

ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի ելոյթը՝ «Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեանն ու սուբիեկտայնութեանը սպառնացող վտանգների եւ մարտահրաւէրների մասին» օրակարգով հրաւիրւած ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ.

«alikonline.ir» - ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի ելոյթը՝ «Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեանն ու սուբիեկտայնութեանը սպառնացող վտանգների եւ մարտահրաւէրների մասին» օրակարգով հրաւիրւած ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ.

«Անկեղծ ասած սպասում էի, որ նւազագոյնը 20 հոգի կը հերթագրւի ելոյթներ ունենալու համար: Սա այն պահն է, որ պէտք է բոլորս խօսենք՝ ուզենք, թէ չուզենք: Բնականաբար, մեր խօսքը չի կարող զգացական չլինել: Ես փորձել եմ այդ զգացական պահերից զերծ մնալ ու կը փորձեմ սահմանների մէջ ընկալելի, կոռեկտ իմ ընդհանուր մտահոգութիւնն ու տեսակէտները ներկայացնել:

2018թ. յունիսին ես այս ամբիոնից ելոյթ եմ ունեցել: Երբ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխութիւն, երբ Արցախում որոշակի խլրտումներ, շարժեր կային, մի հետաքրքիր արտայայտութեամբ նկարագրել եմ ընդհանուր իրավիճակը եւ հետեւեալ միտքն եմ յայտնել, որ մեր պետութեան ու պետականութեան նկատմամբ «քաղաքական դիւերսիաներ» են տեղի ունենում: Այդ «քաղաքական դիւերսանտների» կողմից որոշ արձագանգներ եղան, շատ լուռ տարել ենք: Այդ «քաղաքական դիւերսիաները» շարունակւում են մինչեւ հիմա եւ որոշակի անտես, չերեւացող, երբեմն երեւացող տեսքով մենք ուղղակիօրէն առնչւում ենք դրան:

2018-2022թթ. շատ փոփոխութիւններ են տեղի ունեցել մեր կեանքում: Սկզբում նկատի պէտք է առնել 2020թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները, իսկ յետոյ 2020թ. պատերազմը: Յետահայեաց նայելիս հետեւեալ հարցն ունենք: Մի առիթով Ազգային ժողովի յարգարժան նախագահ Արթուր Թովմասեանն էլ էր ասում՝ ո՞ւր էինք, ո՞ւր հասանք: Պիտի արձանագրեմ, որ թէ նախապատերազմեան, թէ յետպատերազմեան շրջանում համատարած կազմաքանդման գործընթացներ են ծաւալւել ՀՀ-ում ու Արցախում: Այդ կազմաքանդման գործընթացներից մենք դուրս չէինք ու դուրս չենք: Գործելաոճ է դարձել թուլացնել, պառակտել, մասնատել: Արդիւնքում ի՞նչ է ստացւում՝ իշխել, կառավարել, ուղղորդել: Այս ամէնը կատարւում է մեր շրջապատում մեր կողքին, փաստօրէն՝ «կուտը կերանք»:

Մենք պէտք է արձանագրենք, որ մեր սուբիեկտայնութիւնն արտայայտող երկու պետական օղակներ, մարմիններ ունենք՝ նախագահական ինստիտուտը եւ Ազգային ժողովը՝ առաջնային մանդատ ստացած երկու մարմիններ, որոնց նկատմամբ նոյնպէս շարունակւում է դեռեւս 2018թ. սկսւած կազմաքանդման գործընթացը: Ես պատահական չեմ ասում դրանց մասին եւ իւրաքանչիւրիս խօսքը հէնց նաեւ հակադրում է, իւրաքանչիւրիս խօսքը այն դիմադրութիւնն է, որը պէտք է խոչընդոտի կազմաքանդման գործընթացը: Մենք հիմա ունենք կիսաքանդւած, կիսաանկենդան, քաղաքական գործընթացներից գրեթէ դուրս, ցածր իմունիտետով այդ երկու օղակները: Թող ինձ ներեն իմ գործընկերները, նախագահական ինստիտուտի ներկայացուցիչները, բայց սա է իրականութիւնը: Պետական այդ երկու կարեւոր օղակները մեր ժողովրդի ազատ կամարտայայտութեամբ ձեւաւորւած մարմիններ են: Երկուսի բնականոն, աւելի ակտիւ քաղաքական գործունէութիւնից է կախւած մեր ապագան: Որքանո՞վ մենք կը կարողանանք այդ ակտիւութիւնը ցուցաբերել:

3 տարի շարունակւում է կազմաքանդման գործընթացը: Օրինակներ կարող եմ բերել՝ յիշէք նախապատերազմեան շրջանում Հայաստանի Հանրապետութեան տարբեր օղակներում՝ «Արցախի մարզպետ» անւանումը, Արցախի Հանրապետութիւնը միտումնաւոր դուրս թողնելը: Յիշէք 2019թ. օգոստոսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում յայտնի հանրահաւաքի ժամանակ հասարակութեան տարբեր շերտերի ակտիւ «գործողութիւնները»՝ ուղղւած գործող իշխանութիւնների դէմ, 2018-ի յունիս-յուլիսեան դէպքերը եւ այլն:

Յետպատերազմեան շրջանում այս գործընթացը շարունակւել է: Հայաստանի եւ Արցախի միջեւ քաղաքական յարաբերութիւններ չկան: Հայաստանը մեր անվտանգութեան երաշխաւորն է, անվտանգութեան ինչպիսի՞ բաղադրիչ ունենք: Մենք առաջարկել ենք երկու ինստիտուտների՝ ՀՀ եւ ԱՀ Ազգային ժողովների միջեւ յարաբերութիւններ հաստատել, որոնք չկան: Սրա մասին գուցէ իմաստ չունի այսպէս հրապարակային խօսել, բայց մենք պարտաւոր ենք ասել՝ դանակը ոսկորը հատել-անցնում է: Այժմ նոյնիսկ չունենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընձեռած այդ կարեւոր տնտեսական կամ նիւթական բաղադրիչը: Իսկ մենք լուռ, հանգիստ հետեւում ենք: ԱՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ միայն կան յարաբերութիւններ՝ սոցիալական, տնտեսական հարցերի շուրջ: Չի երեւում քաղաքական այն ենթատեքստը, այն հարցերի շրջանակը, որ քննարկւում է: Ինչ-որ արւում է, իմիտացիա է: Իսկ մենք «կուտը ուտում ենք»:

Առաջին փուլն աւարտւել է. մի քանի օր առաջ ՀՀ վարչապետը պարզապէս երկրորդ փուլը ազդարարեց: Սկսւել է տնտեսական եւ սոցիալական դէինտեգրման քաղաքականութիւն: Ես այս գործընթացը բնութագրել եմ որպէս դէինտեգրում: 30 տարի մենք ՀՀ հետ ինտեգրւել ենք, հիմա դէինտեգրման գործընթաց է ընթանում: Իսկ յետոյ կը լինի ռէինտեգրում Ադրբեջանի Հանրապետութեան հետ: Դուք ոնց ուզում էք ընկալէք, բայց սա է իրականութիւնը: Սա քաղաքականութիւն է: Մենք պարտաւոր ենք դա հասկանալ, կանխորոշել եւ ապագայ քայլերը կատարել: Արդեօ՞ք մենք դա անում ենք: Ես կասէի՝ ոչ:

Հայաստանի Հանրապետութեան առաջին դէմքը «ձեռքերը լւանում է» Արցախից եւ ասում՝ ես մանդատ չեմ ստացել: Ողջունելով մեր նախագահի երէկւայ ֆէյսբուքեան գրառումը՝ պիտի ասել՝ թո՞ւյլ ենք տալիս Հայաստանին «ձեռքերը լւանալու»: Ո՛չ: ՀՀ մեր անվտանգութեան երաշխաւորն էր իր ստանձնած պարտաւորութիւններով: Իսկ ո՞վ պիտի մեզ ներկայացնի միջազգային հարթակներում: Չէ՞ որ 30 տարւայ ընթացքում միջազգային հարթակներում մեր շահերը ներկայացնող օղակ կար՝ ի դէմս ՀՀ-ի: Հիմա ո՞վ պիտի ներկայացնի: Մենք չունենք այդ հնարաւորութիւնը եւ համապատասխան կարելիութիւնը: Յայտարարութանը կողմ քւէարկելը բաւական չէ, այն նւազագոյնն է, բայց նաեւ ուզում եմ առաջարկներ ներկայացնել:

Ժողովրդի հետ խօսակից չկայ: Տարբեր խմբերի բաժանւելով՝ ժողովրդի հետ բոլորս միասին խօսելու հնարաւորութիւն ստեղծենք: Երկրորդ՝ պատւիրակութիւններ կազմել դէպի կարեւոր կենտրոններ՝ անկախ նրանից ընդունո՞ւմ են մեզ, թէ՞ չեն ընդունում: Առաջին հերթին պէտք է պատւիրակութիւն ուղարկել ՀՀ՝ վարչապետի, Ազգային ժողովի հետ հանդիպելու, այնուհետեւ համանախագահող երեք երկրներ՝ Մոսկւա, Փարիզ-Բրիւսէլ եւ Վաշինգտոն, ինչու չէ՝ նաեւ մեր հարեւան Իրան: Պատւիրակութիւնները պէտք է կազմւած լինեն լեգիտիմ ընտրւած մարմիններից:

Մեզնից իւրաքանչիւրը շատ է դիտել հրէական համակենտրոնացման ճամբարների ընդհանուր գոյութեան, գործունէութեան մասին ֆիլմեր: Շատ կարեւոր եւ դիպուկ բնութագրութիւն է տւել իմ լաւ ընկերներից մէկը: Ասում է՝ դուք բաց համակենտրոնացման ճամբարի կարգավիճակում էք. անձնագիր էք ցոյց տալիս մտնում, դուրս գալիս ցոյց էք տալիս: Համակենտրոնացման ճամբարների այդ ֆիլմերը մեզ համար ուղենիշ թող լինեն: Վերջապէս այդ ֆիլմերը ստեղծում են նաեւ գործելու համար»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։