Ռազմիկ Դաւոյեան մեծ բանաստեղծին զուգահեռ, մեր կողքին ապրեց Հայրենիքի անկախութեան նւիրեալը, քաղաքացին, մտաւորականը, դաշնակցականը, որը երբեք չդաւաճանեց իր հաւատամքին, սկզբունքներին, սեփական ճշմարտութեանը։
«alikonline.ir» - 82 տարեկանում կեանքից հեռացաւ մեր ժամանակների մեծանուն բանաստեղծը՝ Ռազմիկ Դաւոյեանը։
60-ականներին՝ իր առաջին իսկ հրապարակումներով, Ռազմիկ Դաւոյեանը փաստեց, որ գրական ասպարէզ է մտել արեգակնային շռայլութեան մի բանաստեղծ։ Նա չէր տեղաւորւում Հայրենիք կամ սէր երգող մեզ ծանօթ կարծրատիպերի մէջ, եւ, այդուհանդերձ, նրա գրիչը բխում էր հայ գրականութեան ամենազուլալ ու լուսեղէն ակունքներից, նրա պոէզիան Հայաստան-հայրենիքի հետ նոյնացման մանիֆեստ էր ու իր ազնւական արմատին անմնացորդ երկրպագութիւն։
Դեռ Խորհրդային շրջանում Ռազմիկ Դաւոյեանն ամենաշատ տպագրւող, թարգմանւող, նաեւ Սփիւռքում հրատարակւող հայ պոէտներից էր, սակաւ ընտրեալներից մէկը։ Իր գրական գործունէութեան վաթսունամեայ ճանապարհին Ռ. Դաւոյեանը ստեղծագործել է գրական տարբեր ժանրերում, ունեցել քառասունն անցնող հրատարակութիւններ եւ ամէնուր մնացել «մեր ամէն ցաւերն իր ուսին առած» փիլիսոփայ-պոէտ։
Ռազմիկ Դաւոյեան մեծ բանաստեղծին զուգահեռ, մեր կողքին ապրեց Հայրենիքի անկախութեան նւիրեալը, քաղաքացին, մտաւորականը, դաշնակցականը, որը երբեք չդաւաճանեց իր հաւատամքին, սկզբունքներին, սեփական ճշմարտութեանը։
Երբեք չճկւեց ու չնահանջեց մեր ցաւը ճանաչող եւ այդ ցաւով ապրող պոէտը. այդ ցաւից ու տագնապներից ծնւեց նրա հրապարակախօսութիւնը։ Նա հաւատարիմ մնաց գրող-քաղաքացու՝ Ճանապարհ ցոյց տւողի իր առաքելութեանը։
Ռ. Դաւոյեանը նախ եւ առաջ ԲԱՆԱՍՏԵՂԾ է, մեր մեծ ժամանակակիցը, եւ նրա գրականութիւնը նրան արդէն դարձրել է յաւերժի ճամբորդ:
Ցաւակցում ենք Ռ. Դաւոյեանի ընտանիքին, հարազատներին, ընթերցողներին։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
12.01.2022 թ.