Առանց որեւէ նախապայմանների Թուրքիայի հետ բանակցութիւնների գնալու Հայաստանի իշխանութիւնների պնդումները ընդդիմադիրներին վստահութիւն չեն ներշնչում։
«alikonline.ir» - Առանց որեւէ նախապայմանների Թուրքիայի հետ բանակցութիւնների գնալու Հայաստանի իշխանութիւնների պնդումները ընդդիմադիրներին վստահութիւն չեն ներշնչում։
Ընդգծելով, որ այդ նախապայմանների մասին յստակ խօսել են Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը՝ «Ազատութեան» «Կիրակնօրեայ վերլուծական Հրայր Թամրազեանի հետ» հաղորդման ժամանակ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը յայտարարեց՝ չեն հանդուրժելու Հայաստանի իշխանութիւնների քայլերը եւ թոյլ չեն տալու Փաշինեանին՝ հրաժարւելու «մեր անօտարելի իրաւունքներից»։
«Էրդողանը առաջ է քաշել չորս նախապայման՝ Թուրքիայի տարածքային ամբողջականութեան ճանաչում, Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման արշաւի դադարեցում, Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ընդունում եւ Թուրքիայի, թուրքական աշխարհի միջեւ ցամաքային միջանցքի տրամադրում Հայաստանի տարածքի միջով։ Դրա մասին խօսել է նաեւ Թուրքիայի արտգործնախարարը՝ Չաւուշօղլուն։ Այս պայմաններում Հայաստանի Հանրապետութեան կմկմացող, ոչ հաստատակամ պնդումները, որ առանց որեւէ նախապայմանների մենք գնալու ենք բանակցութիւնների, մեզ համար որեւէ վստահութիւն չեն ներշնչում։
Եւ այսօր էլ մենք յայտարարում ենք, որ չենք հանդուրժելու այս քայլերը, ինչ ձեռնարկում են Հայաստանի իշխանութիւնները, եւ մենք պատրաստ ենք, հնարաւոր բոլոր ռեսուրսներով, Հայաստանում եւ Սփիւռքում նոյն շարժումը ծաւալել, որպէսզի թոյլ չտանք, որ Նիկոլ Փաշինեանը հրաժարւի մեր անօտարելի եւ անժամանցելի իրաւունքներից»,- յայտարարեց Խաչատրեանը։