Հա

Ազգային

19/01/2022 - 12:30

«Վերելք Սիւնիքի» նպատակներից մէկը ցոյց տալն է, որ կարող ես լինել Կապանից, Քաջարանից, Գորիսից, Մեղրիից ու ապրել լաւ»․ Քրիստինէ Վարդանեան

Շեշտադրում ենք կատարել Սիւնիքի վրայ, որովհետեւ Սիւնիքն Արցախի հետ Հայաստանի ողնաշարն է, առանց Սիւնիքի ու Արցախի մեր անվտանգութիւնը խարխլւած է՝ Կապանում Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, որը Սիւնիքում մասնակցում էր ՀՅԴ կազմակերպած՝ «Վերելք Սիւնիք» ծրագրին։

«alikonline.ir» - Շեշտադրում ենք կատարել Սիւնիքի վրայ, որովհետեւ Սիւնիքն Արցախի հետ Հայաստանի ողնաշարն է, առանց Սիւնիքի ու Արցախի մեր անվտանգութիւնը խարխլւած է՝ Կապանում Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, որը Սիւնիքում մասնակցում էր ՀՅԴ կազմակերպած՝ «Վերելք Սիւնիք» ծրագրին։

«Վերելք Սիւնիքը» Սիւնիքի երիտասարդների ներուժը բացայայտող ձեռներեցութեան ծրագիր է, որը կազմակերպել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը Revolve Consulting-ի եւ ՀՅԴ ՀԵՄ-ի հետ համատեղ:

Սիւնիքում ձեռներեցութեամբ հետաքրքրւած երիտասարդները եռամսեայ դասընթացի ժամանակ հմուտ մասնագէտներից սովորել են գործարարութեան նրբութիւնները, որպէսզի կարողանան իրենց բիզնես գաղափարներն իրականութիւն դարձնել, իսկ աւարտին մասնակցել մէկշաբաթեայ բիզնես ճամբարի։ Յաղթող 4 մասնակիցները ստացել են ֆինանսական աջակցութիւն Սիւնիքում իրենց բիզնեսներներն սկսելու համար։

«Ակնյայտ էր, որ աղէտալի պատերազմից յետոյ մենք խնդիր ունէինք վերանայելու եւ մեր առաջնահերթութիւնները ճշտելու, եւ անցած տարւայ օգոստոսից հպարտութեամբ կարող ենք ասել, որ շատ աւելի շեշտադրւած, աւելի կազմակերպւած գործունէութիւն ենք իրականացնում Սիւնիքում եւ, իհարկէ, Արցախում, որն արդէն համակարգում է ՀՅԴ համաշխարհային երիտասարդական միութիւնը»,- ասաց Քրիստինէ Վարդանեանը։

Սփիւռքահայ դաշնակցական երիտասարդներից ոմանք, որոնք Սիւնիք էին եկել այս ծրագրով աջակցութիւն տրամադրելու, հաստատւել են Մեղրիում, Կապանում եւ մտադիր են մնալ Հայաստանում։ Քրիստինէ Վարդանեանն ասաց՝ որովհետեւ նրանք նախ հայ են։

«Բարեկեցիկ երկրներից երիտասարդները միակողմանի տոմսով են գալիս, մշտական բնակութիւն հաստատելու միտումով են գալիս։ Եթէ ինձ հարցնէք, թէ պատերազմի օրերին ինչն էր ամենաոգեշնչողը, ապա դա այն էր, որ մեր գրասենեակներում մէկ էլ կը տեսնէիր՝ Լիբանանից մինչեւ Ամերիկա մեր ընկերները եկել էին ու երազում էին ճակատ մեկնել, օգտակար լինել։ Բայց Դաշնակցութեան մօտ կայ այդ գիտակցումը, որ միայն պատերազմում չէ, որ պէտք է հայրենիքի համար գործ անել՝ առօրեայ կեանքում պէտք է գործունէութիւն իրականացնել, եւ բոլոր այդ երիտասարդներն այդ գիտակցման արտացոլանքն են»,- ասաց Քրիստինէ Վարդանեանը։

Նա վստահեցրեց, որ «Վերելք Սիւնիքի» նպատակներից մէկն էլ ցոյց տալն է Սիւնիքի երիտասարդներին, որ իրենք կարող են լինել Կապանից, Քաջարանից, Գորիսից, Մեղրիից, մնալ Հայասանում, ունենալ հայկական կրթութիւն, եւ ստեղծել իրենց բիզնեսն ու ապրել լաւ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։