Հա

Ազգային

20/01/2022 - 12:40

«Կառավարութեան վստահեցումները, որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, իրականութեանը չեն համապատասխանում»․ Արթուր Խաչատրեան

Օրեր առաջ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքեան իր էջում լուսանկարներ էր հրապարակել ու գրել․ «2021 թ. նոյեմբերին շահագործման յանձնւած Գորիս-Կապան հրաշք «այլընտրանքային» ճանապարհն այսօր…»։

«alikonline.ir» - Օրեր առաջ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքեան իր էջում լուսանկարներ էր հրապարակել ու գրել․ «2021 թ. նոյեմբերին շահագործման յանձնւած Գորիս-Կապան հրաշք «այլընտրանքային» ճանապարհն այսօր…»։

Լուսանկարներում ակնյայտ երեւում է, որ ճանապարհը տեղ-տեղ արդէն վնասւած է։

Պատգամաւորը սոյն հարցը բարձրացրեց նաեւ ԱԺ նիստում, ինչին ի պատասխան ՔՊ խմբակցութեան պատգամաւոր Մարինա Ղազարեանը յայտարարեց, որ այդ այլընտրանքային ճանապարհը միջպետական չէ, գիւղական նշանակութեան է, դրանցով անցնում են 40 տոննա կշռող աւտոմեքենաներ, որոնք նախատեսւած չեն գիւղական ճանապարհների համար։

PressTime.am-ի հետ զրոյցում Խաչատրեանը նշեց, որ Տաթեւ-Աղւանի հատւածն իրօք չի նախագծւել ու չի կառուցւել որպէս միջպետական ճանապարհ, հետեւաբար կառավարութեան վստահեցումները, որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, իրականութեանը չեն համապատասխանում․ «Միջգիւղական ճանապարհը չես կարող այլընտրանք համարել միջպետական ճանապարհին։ Այդ ճանապարհն իրօք շատ արագ ասֆալտապատեցին, մանաւանդ՝ հարաւային հատւածը, դէպի Կապան տանող, որովհետեւ Ալիեւի հետ հաւանաբար համաձայնութիւն ունէին, որ ադրբեջանցիները փակելու են Գորիս-Կապան ճանապարհը։ Հաւանաբար սրանք Ալիեւին խնդրել էին մի քիչ ուշ փակել, որպէսզի ժամանակ ունենան ճանապարհն ասֆալտապատել։

Իմ նկարած հատւածներն աւելի շատ դէպի հարաւ գնացող հատւածներն են՝ Նորաշէնիկ, Աճանան, Խոտանան, Սիւնիք համայնք։ Ես ամբողջ ճանապարհը չեմ նկարել, քանի որ իմաստ չկայ։ Դա այն հատւածն է, որն արագ կառուցեցին, որպէսզի ասեն՝ շատ մեծ բան չենք կորցրել, որովհետեւ այլընտրանքային ճանապարհ ունենք»։

«Ի դէպ, իշխանական պատգամաւորներից մէկն ասել է՝ նոյնիսկ եթէ ադրբեջանցիները փակեն Տիգրանաշէնի ճանապարհը, մենք էլի այլընտրանքային ճանապարհ ունենք՝ ակնարկելով Ուրցաձորի ճանապարհը։ Խօսքը վերաբերում է Գագիկ Մելքոնեանին, ով դա ասել է իր հարցազրոյցներից մէկում։ Բայց Ուրցաձորի ճանապարհն էլ է միջգիւղական ճանապարհ ու չի կարող համարւել այլընտրանք։ Դա նոյնն է, որ կարտոֆիլն այլընտրանք համարենք խնձորին»,- յաւելեց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։