Հա

Ազգային

26/01/2022 - 09:40

«Սփիւռքը, Հայաստանը եւ Արցախը համատեղ ջանքերով պէտք է ձեւաւորեն համահայկական ընդվզում ընդդէմ Հայաստանի թրքացման օրակարգի». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Sputnik Արմենիայի հետ խօսել է երկրի առաջ ծառացած կարեւորագոյն խնդիրների մասին, ներկայացրել հետագայ անելիքներն ու պայքարի ձեւերը։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Sputnik Արմենիայի հետ խօսել է երկրի առաջ ծառացած կարեւորագոյն խնդիրների մասին, ներկայացրել հետագայ անելիքներն ու պայքարի ձեւերը։

 

- Պարոն Սաղաթելեան, խմբակցութիւնում քննարկե՞լ էք Հայաստանի Հանրապետութեան նախագահի ընտրութիւններին մասնակցութեան հարցը։ Թեկնածու առաջադրելո՞ւ էք, թէ՞ ոչ։

- Թեկնածու առաջադրել-չառաջադրելու մասին վերջնական որոշում չունենք։ Առաջիկայ 2 օրւայ ընթացքում քննարկում կունենանք նաեւ ընդդիմադիր միւս խմբակցութեան` «Պատիւ ունեմ»-ի հետ։ Նախ կը հասկանանք առաջադրելու նպատակայարմարութիւնը, յետոյ կը քննարկենք թեկնածուի հարցը եւ վերջնական դիրքորոշում կը յայտնենք։

 

- Ո՞ւմ էք տեսնում ՀՀ նախագահի պաշտօնում։ Կա՞յ այնպիսի մէկը, որը կը կարողանայ հաւասարակշել քաղաքական դաշտը` ընդդիմադիր եւ իշխանական ուժերին։

- Մենք գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պէտք է լիարժէք կարողանայ իրականացնել Սահմանադրութիւնից բխող իր պարտականութիւնները, նաեւ լինի այնպիսի մարդ, որը կունենայ մեր հասարակութեանը համախմբելու ու պառակտւած վիճակից դուրս բերելու եւ երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին իրական լուծումներ գտնելու հնարաւորութիւններ։

 

- Նիկոլ Փաշինեանի ասուլիսին հետեւե՞լ էք։ Ինչո՞վ էր այն տարբերւում նախորդներից, որո՞նք էին այն հիմնական ուղերձները, որոնք վարչապետը փորձեց մատուցել հասարակութեանը։

- Ասուլիսն ամբողջութեամբ չեմ հետեւել, բայց մի քանի դրւագների ծանօթ եմ։ Գիծը յստակ է` հասարակութեանը շարունակում են տրամադրել նոր զիջումների, շարունակում են համոզել, որ այս ամէնը վաղուց է որոշւել, եւ իրենք պատասխանատւութեան բաժին չունեն այս ամէն ինչում. աբսուրդ է, ծիծաղելի է, արդէն զզւելի, բայց սա է իրականութիւնը։

Եթէ կարճ բնութագրենք` ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարունակում է սպասարկել թշնամի երկրի շահերը։ Այլ մեկնաբանութիւն չեմ կարող տալ իր ասածներին` սկսած նրանից, որ 1992 թւականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, վերջացրած միւս խայտառակ հիմնաւորումներով։

 

- Այդ ամէնը հնարաւո՞ր է կանխել, թէ՞ ամէն ինչ կարելի է աւարտւած համարել։

- Երբեք ամէն ինչ աւարտւած չէ։ Երկիրը կանգնած է լուրջ մարտահրաւէրների առաջ, գործընթացները դեռ առջեւում են, հնարաւոր է պայքարել, եւ նաեւ մեր պարտականութիւնն է այս ամենի դէմ պայքարել։ Անհրաժեշտ է ձեւաւորել համաժողովրդական դիմադրութիւն այս խայտառակ օրակարգերի դէմ։

 

- Ի դէպ, պարբերաբար տեղեկութիւններ են շրջանառւում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից նոր գործընթացներ սկսելու մասին։ Ի՞նչ գործընթացների մասին է խօսքը, եւ ի՞նչ էք անելու այս անգամ, որ մինչեւ հիմա չէք արել։

- Մեր տեսակէտը հետեւեալն է` պէտք է ձեւաւորւի դիմադրութիւն Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը, երկիրը նոր զիջումների տանելու օրակարգին եւ բոլոր այն ապօրինութիւններին, որոնք տեղի են ունենում այս իշխանութիւնների կողմից։ Այս ուղղութեամբ աշխատանքներ են տարւում, մասնաւորապէս`ժողովրդի հետ հանդիպումներ, քննարկումներ, կազմակերպչական աշխատանքներ են իրականացւում։ Յոյս ունենք եւ ամէն ինչ անելու ենք, որ այդ դիմադրութիւնը ձեւաւորւի, որ այդ դիմադրութիւնը վերաճի համազգային դիմադրութեան։

 

- Ինչպէ՞ս է դա դրսեւորւելու. աւելի վաղ Դուք յայտարարել էիք դիմադրութեան շարժում սկսելու, փողոցային պայքարի մասին։ Հիմա ի՞նչ բանաձեւերով էք խոչընդոտելու գործող իշխանութիւնների, ինչպէս Դուք էք նշում, հակապետական գործողութիւններին։

- Թէ ինչպէս է դրսեւորւելու Դուք դրան ականատես կը լինէք, հիմա դետալների մէջ չմտնեմ։ Երբ այս ամէնը գործնական տիրոյթում լինի, վստահ եմ` Դուք կը տեղեկանաք։ Տարբեր դրսեւորումներ է ունենալու` մեծուփոքր ակցիաներից, փողոցային պայքարից կազմւած մի ամբողջական գործընթաց պէտք է լինի։

 

- Այս փուլում իշխանափոխութեան նախադրեալներ կա՞ն։

- Նախադրեալներ, իհարկէ, կան։ Փաշինեանի վերջին ասուլիսն արդէն բաւարար էր ցանկացած առողջ, նորմալ հասարակութիւնում, պետութիւնում իշխանափոխութեան գործընթաց սկսելու համար։ Սրանից այն կողմ էլ ինչ նախադրեալ լինի։

 

- Պարոն Սաղաթելեան, 2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ մենք աւելի դժւարին իրավիճակներ ենք ունեցել, որոնց յաղթահարման ճանապարհը, թւում է` իշխանափոխութիւնն է եղել, սակայն տարատեսակ բողոքի ակցիաների, շարժումների, անգամ ընտրութիւնների միջոցով չի յաջողւել այդ հարցը լուծել։

- Եթէ մինչեւ հիմա չենք յաջողել, դա չի նշանակում, որ պայքարն աւարտւել է։ Պայքարը դեռ առջեւում է, որովհետեւ մենք չենք հրաժարւել մեր օրակարգից, մենք չենք նահանջել նախկին յայտարարութիւններից, մենք չենք համակերպւել ստեղծւած իրավիճակի հետ։ Մենք պէտք է ամէն ինչ անենք, որ վիժեցնենք իրենց առաջ բերած օրակարգը եւ հասնենք իշխանափոխութեան։ Թէ ինչ կը լինի` կախւած է հասարակութեան, ժողովրդի հետ մեր ճիշտ աշխատանքից։

 

- Հետեւութիւններ արե՞լ էք նախկինում ձախողւած փորձերից։

- Հետեւութիւններ միշտ էլ արել ենք, անելու ենք եւ նորից եմ կրկնում` եթէ նախորդ շրջանում չի ստացւել, դա չի նշանակում, որ ապագայում եւս չի ստացւելու։

 

- Նիկոլ Փաշինեանն անդրադարձաւ նաեւ սահմանադրական փոփոխութիւններին եւ ասաց, որ ամենեւին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխութիւններ տեղի կունենան։ Այս յայտարարութիւնն ինչպէս կը մեկնաբանէք։

- Հերթական անգամ ծաղրում է ժողովրդին եւ քաղաքական կուսակցութիւններին։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հերթական բլեֆն է, հէնց դա էր պատճառը, որ մենք հրաժարւեցինք մաս կազմել այդ խեղկատակութեանը եւ շոուին, որն իրենք նախաձեռնել են։

 

- Ինչո՞ւ է Փաշինեանը մտափոխւել է։ Գուցէ նախագահի հրաժարականով պայմանաւորւած` իրողութիւններն այլեւս այլ հունով են գնում։

- Ինքը երբեք պատրաստ չէ երկրում որեւէ իրական բարեփոխում անելու։ Սա հերթական կեղծ օրակարգն է հասարակութեանը զբաղեցնելու, անիմաստ քննարկումներ անելու, բուն եւ գլխաւոր հարցերից մեր ուշադրութիւնը շեղելու համար։ Նոյն յաջողութեամբ կարող է 3 օր յետոյ դուրս գալ եւ կարեւորել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտութիւնը, անգամ հանրաքւէի օր նշանակել, բայց դրանից մէկ օր անց փոշմանի` հակառակն ասի։ Այսինքն` սա հետեւողական վարքագիծ է, որն անընդհատ տեղի է ունենում։

Այդ նոյն տրամաբանութեամբ ինքը հիմնաւորեց ջրի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, այսինքն` օրը մի բան կարող է ասել, յաջորդ օրը դա հերքել եւ հակառակը հիմնաւորել։

 

- Մամուլը գրում է, որ ՀՅԴ-ն պատրաստւում է կուսակցութեան ընդհանուր ժողովին։ Ըստ այդ հրապարակումների` ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամների փոփոխութիւններ են սպասւում։ Նշւում է, որ Ձեր անձի շուրջ դժգոհութիւններ են հասունանում։ Ե՞րբ է նախատեսւում կուսակցութեան ընդհանուր ժողովը եւ ինչից են դժգոհ Ձեր կուսակից-ընկերները։

- Դրանք ընդամէնը բամբասանքներ են, որոնք իրականութեան հետ կապ չունեն։ Դաշնակցութեան ԳՄ ժողովը տեղի է ունեցել օգոստոսին, յաջորդ ժողովը երկու տարի յետոյ է։ Շատ յաճախ ամէն մի ապատեղեկատւութեան հարկ չենք համարում անդրադառնալ կամ պաշտօնապէս հերքել։ Իսկ կուսակցութեան ժողովը մարտին է։

Դաշնակցութեան ընդհանուր ժողովները տարբեր սպասումներ են ձեւաւորում, ես այս ամէնը դրանով եմ պայմանաւորում եւ շատ հանգիստ եմ վերաբերւում այդ ամէն ինչին։ Դաշնակցութիւնը շատ պինդ, շատ ամուր է, որեւէ խնդիր չկայ։

 

- Հայ-թուրքական յարաբերութիւններ. հայ եւ թուրք յատուկ բանագնացների յունւարի 14-ին կայացած առաջին հանդիպումից յետոյ յայտարարւեց առանց նախապայմանների բանակցութիւնների մասին. 90-ականներից ի վեր Թուրքիան մշտապէս նախապայմաններ է առաջ քաշել, հիմա ի՞նչ է փոխւել, կամ ի՞նչ է թաքնւած առանց նախապայմանների ձեւակերպման տակ։

- Շատ ենք անդրադարձել այդ հարցին։ Շատ յստակ է ամէն բան։ Վարչապետի աթոռը զբաղեցնողի ասուլիսն էլ վկայում էր այդ ամենի մասին, որ Թուրքիան շարունակում է իր նախապայմաններով յարաբերութիւնները, Թուրքիան նոյն Թուրքիան է` ինչպէս տարիներ առաջ, իսկ պատերազմից յետոյ Հայաստանն այլեւ նոյն Հայաստանը չէ։ Թուրքիայի կողմից տարիներ շարունակ առաջադրւած նախապայմանների գերակայ մասն արդէն փաստացի կատարւած է, կան բաներ, որ արդէն բաւարարւած են։

Իր ասուլիսից ակնյայտ էր, որ իրենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը թողնելու են սփիւռքի վրայ եւ, ըստ էութեան, Հայաստանի պետական արտաքին քաղաքական օրակարգից յայտարարելով կամ առանց յայտարարելու դուրս է գալու այս քաղաքականութիւնը։ Այս իշխանութիւնը կարմիր գծեր չունի։ Երբ մենք մի քանի ամիս առաջ ասում էինք, որ Հայաստանը թրքացման է գնում, հէնց սա նկատի ունէինք։

 

- Այս համատեքստում որն է սփիւռքի, մասնաւորապէս Հայ Դատի հիմնական դերակատարումը։

- Ես երբեք չեմ ուզի սփիւռքին առանձնացնել Հայաստանից, կամ տարանջատել սփիւռքի օրակարգ-Հայաստանի օրակարգ եզրոյթները։ Կայ մէկ օրակարգ` դա հայ ժողովրդի, Հայաստանի, սփիւռքի ու Արցախի օրակարգն է, դա Հայաստանի անվտանգութիւնն է, Արցախի կարգավիճակն է, Արցախի պահպանումն է ու սփիւռքի ամրապնդումը։ Միեւնոյն ժամանակ` առանց պետութեան մասնակցութեան այս օրակարգերը չեն կարող յաջողութիւն ունենալ։ Առաջնահերթ պէտք է խուսափել այդ բաժանումից, որը հետեւողական առաջ է տանում այս իշխանութիւնը։

Երկրորդը` հայ-թուրքական յարաբերութիւնների գծով պէտք է լինի հայ-թուրքական ընդվզում, դա միայն սփիւռքի խնդիրը չէ, առաջին հերթին հէնց Հայաստանի խնդիրն է։ Սփիւռքը, Հայաստանը եւ Արցախը համատեղ ջանքերով պէտք է ձեւաւորեն համահայկական ընդվզում ընդդէմ Հայաստանի թրքացման օրակարգի, Հայաստանի` մեր սերունդների իրաւունքներից հրաժարւելու եւ առհասարակ հայկական ինքնութեան ոչնչացման այս գործընթացների դէմ։ Պէտք է համախմբւենք ու միասնաբար պայքարենք այսօրւայ իշխանութեան առաջ քաշած այս կործանարար օրակարգի դէմ։

 

- ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչների հանդիպման մասին. ի վերջոյ նման հանդիպում եղե՞լ է, թէ ոչ, ի՞նչ կարող էին քննարկել սփիւռքի դաշնակցականները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ։

- Անկեղծ`տեղեակ չեմ` հանդիպել են, թէ ոչ։ Հայ Դատի գրասենեակներն աշխարհում լուրջ առաքելութիւն ունեն։ Ես մի բան կարող եմ ասել` ցանկացած հանդիպում դա կը լինի միջազգային կազմակերպութիւնների, տւեալ երկրների, պետութիւնների ղեկավարների, Հայաստանի ներկայացուցիչների կամ որեւէ մէկի հետ, առնւազն պէտք է բխի Արցախի եւ Հայաստանի շահերից։

Եթէ անգամ այդպիսի հանդիպում եղել է` դրա մէջ ես սարսափելի ոչինչ չեմ տեսնում, որովհետեւ վստահաբար մեր կուսակից-ընկերներն իրենց տեսակէտներն ու մտահոգութիւնները բարձրաձայնած կը լինեն, նաեւ այն, ինչ մտածում են օրւայ իշխանութեան, Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ Արցախի հարցի ուղղութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։