ՀՀ վարչապետը 2022 թ. յունւարի 24-ի հարցազրոյցում իրեն թոյլ է տւել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթիւրում են պատմական փաստերը, միւս կողմից` գրեթէ նոյնութեամբ կրկնում ադրբեջանաթուրքական թէզերը, որոնց դէմ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը տեւական ժամանակահատւած արդիւնաւէտ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցաւալի է Հայաստանի գործադիր իշխանութեան ղեկավարի շուրթերից լսել թշնամական թէզերի կրկնութիւն։
ՀՀ վարչապետը 2022 թ. յունւարի 24-ի հարցազրոյցում իրեն թոյլ է տւել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթիւրում են պատմական փաստերը, միւս կողմից` գրեթէ նոյնութեամբ կրկնում ադրբեջանաթուրքական թէզերը, որոնց դէմ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը տեւական ժամանակահատւած արդիւնաւէտ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցաւալի է Հայաստանի գործադիր իշխանութեան ղեկավարի շուրթերից լսել թշնամական թէզերի կրկնութիւն։
Ի թիւս բազմաթիւ թշնամահաճոյ պնդումների, Փաշինեանը յայտարարել է, թէ «Հայաստանի Հանրապետութիւնը երբեք Հայ Դատի քաղաքականութիւն չի վարել», իսկ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը գլխաւորապէս համարել է սփիւռքեան գործունէութեան արդիւնք։
Հայ Դատ ասելով` Փաշինեանը տւեալ դէպքում, հաւանաբար, նկատի ունի Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրութեան հարցը՝ դիտաւորութեամբ մոռացութեան մատնելով այն փաստը, որ 1921թ. Կարսի պայմանագիրը, որը միջազգային իրաւունքի տեսանկիւնից առ ոչինչ է, ցայսօր ընդունւած չէ Հայաստանի Հանրապետութեան կողմից որպէս Հայաստան-Թուրքիա սահմանի իրաւական հիմք։ Այդ մասին է վկայում 2009թ. հոկտեմբերի 10-ին Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձում կատարւած հետեւեալ հաստատումը. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ սահմանների հարցը ենթակայ է լուծման միջազգային իրաւունքի համաձայն: Արձանագրութիւնները դրանից աւելի ոչինչ չեն ասում»։ Աւելին` ցիւրիխեան արձանագրութիւնների սահմանադրականութեան վերաբերեալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. յունւարի 12-ի որոշմամբ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը նշւում է որպէս «փաստացի սահման»։
Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի կողմից կազմւած եւ 2015թ. յունւարի 29-ին Ծիծեռնակաբերդում ներկայացւած` Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը եղել եւ մնում է Հայոց Ցեղասպանութեանն առնչակից հանգամանքների եւ առաջիկայ անելիքների վերաբերեալ համազգային եզակի փաստաթուղթ, որն իր համընդգրկունութեամբ եւ ընդունւածութեան համախոհութեամբ ցայսօր էլ շարունակում է բարձր արժէք ունենալ։
Պէտք է արձանագրել նաեւ այն փաստը, որ եթէ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը գլխաւորապէս եղել է սփիւռքեան կառոյցների գործունէութիւն, այդ գործունէութեան արդիւնաւէտութիւնը բազմապատկւել է այն ժամանակ, երբ ՀՀ օրւայ իշխանութիւնները սատարել են այդ գործին՝ 1990թ. օգոստոսի 23-ին որդեգրւած Հայաստանի անկախութեան հռչակագրով ստանձնւած յանձնառութեան համապատասխան։
Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման վերաբերեալ՝ ՀՀ այս իշխանութիւնների կողմից կառավարութեան գործունէութեան ծրագրին կատարւած անընդյատական յղումներին, ապա պէտք է նկատել, որ ՀՀ կառավարութեան 2021-2026 թթ. ծրագրում նշւած է. «Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը Կառավարութիւնը ծառայեցնելու է ոչ թէ տարածաշրջանային լարւածութեան աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Հարց է առաջանում՝ ինչպէ՞ս է հնարաւոր Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը համադրել Թուրքիայի հետ յարաբերութիւնների զարգացմանը։ Պէտք է նաեւ ուշադրութեամբ նկատել, որ ցեղասպանութեան միջազգային ճանաչումը կառավարութեան ծրագրում չի ներկայացւում իբրեւ գործընթաց, ինչը խօսում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ճանաչման գործընթացը դուրս բերելու մասին։
Հայաստանի վարչապետը չի խորշել նաեւ խիստ վտանգաւոր յայտարարութիւններ անել Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ։
Ցաւում ենք, որ Հայաստանի վարչապետը կա՛մ այնքան անպատրաստ է, որ չգիտի, կա՛մ միտումնաւոր խեղաթիւրում է ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքի յարաբերակցութիւնը միջազգային իրաւունքում։ Ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքի յարաբերակցութեան վէճն առաւել յստակեցւել է Արդարադատութեան միջազգային դատարանի՝ միջազգային իրաւունքի շրջանակում Կոսովոյի կողմից անկախութեան միակողմանի համապատասխանութեան վերաբերեալ 2010թ. յուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ։ Աւելի չխորանալով այդ որոշման իրաւաքաղաքական ծալքերի մէջ՝ միայն նշենք, որ Դատարանն ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականութեան սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակւում է ճանաչւած պետութիւնների յարաբերութիւնների ոլորտով»։ Որպէս եզրակացութիւն՝ Դատարանն ընդունել է, որ միջազգային իրաւունքը չի արգելում անկախութեան միակողմանի հռչակումները։
Աւելին, ՄԱԿ-ի Կանոնադրութեամբ սահմանւած՝ իրաւունք եւ սկզբունք հասկացութիւնները միմեանցից տարբերւում են, եւ սկզբունքները միտւած են իրաւունքների ապահովութեանը, ոչ թէ հակառակը։ Հետեւաբար, տարածքային ամբողջականութեան սկզբունքը եւ ինքնորոշման իրաւունքը միմեանց հակադրւել չեն կարող, իսկ Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ տարածքային ամբողջականութեան հարց առաջանալ առհասարակ չի կարող, քանի որ, ինչպէս արձանագրել է Արդարադատութեան միջազգային դատարանը, տարածքային ամբողջականութեան սկզբունքը կարող է կիրառւել միմեանց ճանաչած երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւններում։
Այսպիսով, փոխանակ օգտւելու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում հայկական կողմի դիրքերն ամրապնդող օբիեկտիւ հանգամանքներից, ՀՀ իշխանութիւնները, անկարող լինելով դա անել, ամբողջապէս տրւել են ադրբեջանաթուրքական թէզերի ամօթալի կրկնութեանը, իսկ Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատման գործընթացում բաւարարել են թուրքական յայտնի նախապայմանները։
ՀՅԴ Հայ Դատի աշխարհասփիւռ կառոյցը, անկախ Հայաստանի իշխանութիւնների պարտւողական ու ամօթալի դիրքորոշումներից, շարունակում է մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը՝ այն վստահութեամբ, որ այդ իրաւունքների պաշպանութիւնը չի կարող պայմանաւորւած լինել անցողիկ եւ ապաշնորհ իշխանութիւնների գոյութեամբ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդ
25.01.2022 թ.