Հա

Ազգային

02/02/2022 - 13:10

Աշխարհասփիւռ հայութիւն` ոտքի՛

Մեծով ու փոքրով, կուսակցական թէ անկուսակցական, արեւելեան թէ արեւմտեան հատուածներ, մի կողմ թողնելով ամէն տեսակի փոքրոգի անհամաձայնութիւններ, միաւորուելով, համապատասխան մարմինների հաւաքականութեամբ, կազմակերպուած ոտքի պէտք է ելնենք ողջ հայութեամբ, աշխարհի բոլոր անկիւններում:

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

- Իրենց պապենական տներում կացնահարուած,

- Տեղահանութեան ճանապարհներին ձիու սմբակների տակ ճզմուած,

- Հայրենի կիրճերում ու ձորերում մորթուած,

- Ամենավայրագ ձեւերով անդամահատուած,

- Քարայրներում այրուած, մոխրացած,

- Տէր Զօրի եւ Մուսուլի անապատների կիզիչ արեւի տակ անգերեզման նետուած,

- Եփրատի ալիքներում խեղդուած,

- Անդնդախոր ձորեր նետուած,

- Ցեղասպանուած մեր անմեղ ծնողների տիեզերական ճիչը հրամայում է մեզ` այսօրուայ շառաւիղներիս`

 

Ոտքի՛ ելէք

Այս պահին մեր միլիոնաւոր զոհերի, հետեւաբար մե՛ր իրաւունքներն է ոտնահարում այսօրուայ մեր իշխանութիւնը:

Ոչ միայն ոտնահարում, այլ թշնամուն` թուրքին, ուզում է ազատագրել նրա գործած մեծագոյն յանցագործութիւնից:

Յանցագործութիւն, որը վաղուց մարդկային իրաւունքների օրէնքով Հայոց Ցեղասպանութիւն անունն է կրում:

Ցեղասպանութիւն, որն իր տարողութեամբ, իր ծրագրումով եւ օգտագործուած միջոցներով համեմատականը չունի աշխարհում:

Ցեղասպանութիւն, որի պատճառով հայութիւնը կորցրեց ոչ միայն իր միլիոնաւոր ժողովրդին, այլ նաեւ` իր երկրի տարածքի մեծագոյն հատուածը, իր մշակութային, հոգեւոր բոլոր տեսակի արժէքները:

Ցեղասպանութիւն, որը մեր ժողովրդին աշխարհասփիւռ դարձրեց, զրկեց համախմբումից, իր հողից ու իրաւունքներից:

Ցեղասպանութիւն, որը հիմնովին փոխեց մեր ազգային դիմագիծը:

 

Ոտքի՛ ելնենք

Քանզի մենք ենք ցեղասպանուածների արեան կրողները, նրանց անմիջական մասնիկները, նրանց շարունակութիւնը:

Յուսահատութեան, լռութեան եւ սպասումի ժամերը վաղուց իրենց աւերը գործել եւ փրկութեան հրամանին են սպասում:

Այդ հրաման տուողը մեզնից իւրաքանչիւրն է դառնալու այս պահին:

Մեծով ու փոքրով, կուսակցական թէ անկուսակցական, արեւելեան թէ արեւմտեան հատուածներ, մի կողմ թողնելով ամէն տեսակի փոքրոգի անհամաձայնութիւններ, միաւորուելով, համապատասխան մարմինների հաւաքականութեամբ, կազմակերպուած ոտքի պէտք է ելնենք ողջ հայութեամբ, աշխարհի բոլոր անկիւններում:

Ոտքի ելնենք, ոչ թէ օտար երկրներից մեր հարցին լուծում խնդրելու, նրանց ստայօդ պաշտպանութիւնը հայցելու, ինչպէս սովոր ենք անել, ինչպէս անարդիւնք արել ենք մինչ այսօր, այլ միաւորուելով, մեր երկրում ապրող հայութեան ազգանուէր հատուածին էլ ոտքի հանելով` միասնաբար ազատագրենք մեր երկիրը եւ մեր իրաւունքները ներկայ ազգադաւ իշխանութիւնից:

Մեր անբացատրելի լուռ հնազանդութիւնը օգնեց ներկայ իշխանութեան` հիմնովին կործանելու ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանի տարածքները, ե՛ւ մեր բանակը, մինչեւ իսկ` մեր պետականութիւնը:

Մենք ականատես ենք, թէ ինչպիսի՛ պատրաստակամութեամբ է ներկայ իշխանութիւնը թուրքին ծառայում, ինչպիսի՛ հաւատարմութեամբ է նրա կամակատարը դարձել, որ նրա հրամանով փորձում է ոչնչացնել մինչեւ իսկ անոչնչացնելիքը` Ցեղասպանութիւնը:

Այս օրերին, երբ թէժ բանակցութիւններ են գնում հայ-թուրքական սահմանի բացման, երկու երկրների յարաբերութիւնում, բոլորովին պատահական չէր իր ղեկավարած ժողովրդի դէմ կատարուած Ցեղասպանութեան հանդէպ ներկայ վարչապետի կեցուածքը, որ բացայայտ ատելութեամբ հրաժարուեց երկրի սահմանադրութեամբ իսկ ընդունուած Ցեղասպանութիւնից` փորձելով ոչնչացնել մեր 100 ամեայ Հայ դատը, դրանով ձայնակցելով թուրքերին, սփիւռքահայութեան էլ առանձնացրեց, կարծես խօսքը վերաբերւում էր մի ինչ-որ օտար ցեղախմբի:

Աւելորդ անգամ նրան յիշեցնեմ, որ Ցեղասպանութիւնից փրկուած հայութեան ներդրած արեան ջանքերով է ստեղծուել եւ պահպանուել մեր ներկայ այն հայրենիքը, որը ոչ բարով, անարժօրէն պաշտօնավարում է ինքը եւ ցեղասպանուածների շառաւիղների ջանքերով էլ երկրորդ անգամ ազատագրուելու է թուրքի շահերը գերադասող իշխանութիւնից:

Ցեղասպանութիւնից փրկուածներիս աշխարհը միշտ տարբեր անուններ է տուել եւ շարունակում է տալ` գաղթական, տեղահանուած, որբեր, անապատի սերունդ, աշխարհագրական տարբեր երկրների` ֆրանսահայ, ամերիկահայ եւ այլն, սփիւռքահայ, այնինչ մեր երկիրը դեռ թշնամու ճանկերում բռնագրաւուած է մնում, եւ դեռ շարունակում են եղածն էլ բռնագրաւել:

Այս ամէնով հանդերձ, այս բոլոր անուանումների տակ, մնացել ենք հաւատարիմ մեր ուխտին, մեր վրիժառութեան, մեր պահանջատիրութեան անժամկէտ անանցանելիութեան երդումին: Եւ աշխարհում ոչ մի ուժ չի կարող ջնջել այն:

Այս հաւատքով, մեր երդումին հաւատարիմ ՈՏՔԻ ԵԼՆԵՆՔ եւ հայրենի ժողովրդի հետ միասնաբար փրկենք մեր երկիրը, մեր ապագան, մեր ճակատագիրը` մեզ դէպի ոչնչացում տանող ներկայ իշխանութիւնից:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱ՛Ն ՇԱՌԱՒԻՂՆԵՐ, ՏԷ՛Ր ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻՆ, ՄԵՐ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԵԱՆ, ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ, ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ ԵՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ:

ՈՏՔԻ՛:

30 յունուար 2022

«Ազդակ»

 

Յարակից լուրեր

  • Հայ Դատի համար ազատազրկուած որդին վերջապէս իր մայր հայրենիքում է…   
    Հայ Դատի համար ազատազրկուած որդին վերջապէս իր մայր հայրենիքում է…  

    38 տարուայ ազատազրկումից յետոյ, մայր հայրենիք վերադարձաւ հայրենիքի համար իր ողջ երիտասարդութիւնը` մէկ ամբողջ գիտակցական կեանք, զոհաբերած հերոս որդին` Համբիկ Սասունեանը:

  • «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի
    «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի

    Երկու օր առաջ մեր պատմութեան մէջ առաջին քաղաքական մեծ իրադարձութեան՝ Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն էր, որը ցաւալիօրէն ցաք ու ցրիւ արձագանգ ունեցաւ ու անձայն անցաւ։

    Անշուշտ դա սպասելի էր, քանզի ինչպէս միշտ, այն համարւելով արեւմտահայութեան պատմական դէպք, նշւում է առաւել սփիւռքում։ Հայրենի երկրի համար, յատկապէս այս վերջին շրջանում, դա իր պատմութեան մասը չի կազմում, ինչպէս Արցախը եւ մինչեւ իսկ իր սահմանները։

  • Խոնարհումով յիշենք այս հինգ երիտասարդների անունները
    Խոնարհումով յիշենք այս հինգ երիտասարդների անունները

    Յուլիս 27, 1983թ. Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզպոն։

    Ինչո՞ւ Լիզպոն, ինչո՞ւ յուլիսեան այդ օրը։

    Այդ օր Լիզպոնում գումարւելու էր Եւրոպայում թուրքական դեսպանների խորհրդակցութիւն։

  • Հայրենիք կամ մահ
    Հայրենիք կամ մահ

    Հայոց մեծագոյն Ցեղասպանութիւնը բառերի վերածելու համար սահմռկել է անգամ Յ․ Օշականի նման բառեր արարող հսկան, շեշտելով, որ «Բառերը Պէտք է հաւասար ըլլան կատարուածի տարողութեանը։ Իսկ կատարուած ցեղասպանութիւնը Սովորական Բառերու նշանակութենէ դուրս երեւույթ է»։

  • Եղե՞լ է պահը երբեւէ այսքան վտանգով լեցուն ու պոռթկուն
    Եղե՞լ է պահը երբեւէ այսքան վտանգով լեցուն ու պոռթկուն

    Այս վտանգով լեցուն օրերին ով թիկունք է կանգնում, կամ լռում, մեկուսանում, դարան մտած հետեւում է, թէ դէպքերը ի՛նչ ուղղութեամբ են շարժւում, ո՛ր լծակն է աւելի ծանր, ո՛ր դրան յարի, նոյնքան թրքասէր եւ դաւաճան է, որքան` ներկայ իշխանութեան ողջ կազմը, ներառած` ոստիկանութիւնն ու գիշեր-ցերեկ ամենայն հոգատարութեամբ նրանց պաշտպանող ծառայութիւնները, նրանց կամակատարը դարձած իրաւապահ մարմինները, պետական ողջ համակարգը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։