ունւարի 8-ին Փարիզում Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհուրդը (CCAF) կազմակերպել էր հայ համայնքի աւանդական դարձած տարեկան ընթրիքը, որին մասնակցել է Ֆրանսիայի քաղաքական էլիտան՝ իր կարկառուն ներկայացուցիչներով։ Ի տարբերութիւն նախորդ տարիների՝ այս անգամ ներկայ չի եղել Ֆրանսիայի նախագահը։
«alikonline.ir» - Յունւարի 8-ին Փարիզում Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհուրդը (CCAF) կազմակերպել էր հայ համայնքի աւանդական դարձած տարեկան ընթրիքը, որին մասնակցել է Ֆրանսիայի քաղաքական էլիտան՝ իր կարկառուն ներկայացուցիչներով։ Ի տարբերութիւն նախորդ տարիների՝ այս անգամ ներկայ չի եղել Ֆրանսիայի նախագահը։
Ընթրիքին Էմանուէլ Մակրոնի բացակայութեան պատճառների, Հայաստանին աջակցութեան հարցում Ֆրանսիայի ներգրաււածութեան եւ այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է CCAF-ի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի հետ։
- Պարո՛ն Փափազեան, յունւարի 8-ին Ֆրանսիայում հայ համայնքը անցկացրեց արդէն աւանդական դարձած իր ընթրիքը։ Այս անգամ էլ դրան մասնակցում էր Ֆրանսիայի քաղաքական էլիտան։ Ներկայ չէր Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը։ Նրա բացակայութիւնը կապւած էր Ուկրայինայի շուրջ բանակցութիւնների հետ, թէ՞ այլ պատճառներ կային։
- Այո՛, պատճառը դա էր։ Նա ընթրիքի օրը Մոսկւայից Կիեւ մեկնեց, յետոյ եղաւ Բեռլինում։ Մէկ շաբաթ առաջ՝ փետրւարի 1-ին, մենք հանդիպել ենք Ելիսէյեան պալատում։ Մինչեւ գիշերւայ 9-ը քննարկում էինք ընթրիքի կազմակերպչական աշխատանքները։ Արդէն մէկ շաբաթ առաջ յստակ էր, որ նա ներկայ է լինելու ընթրիքին, սակայն երբ Ուկրայինայի շուրջ իրավիճակը լարւեց, որոշեց գնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Քանի որ Ֆրանսիան է ստանձնել Եւրամիութեան խորհրդի նախագահութիւնը, Մակրոնը պէտք է զբաղւէր այդ բանակցութիւններով։
Պէտք է նշեմ, որ ամէն դէպքում, այս անգամւայ ընթրիքը իր մասնակիցներով աննախադէպ էր։ Ներկայ էին Ֆրանսիայի վարչապետը, Սենատի նախագահը, տարբեր նախարարներ, Փարիզի քաղաքապետը, որը նաեւ նախագահական ընտրութիւններում թեկնածու է, պատգամաւորներ, որոշ շրջանների նախագահներ, նախագահի թեկնածու Վալերի Պեկրէսը եւ այլք։ Ամէն տարի էլ ընթրիքին շատ քաղաքական գործիչներ են մասնակցում, բայց այս տարի նրանց թիւը շատ աւելի շատ էր։
- Ի՞նչ դեր ունի ընթրիքը համայնքի եւ հայ-ֆրանսիական յարաբերութիւնների համար։ Այս անգամ ի՞նչ հարցեր կարեւորւեցին ընթրիքի ընթացքում։
- Ղարաբաղեան պատերազմից յետոյ առաջին անգամ էինք ընթրիքը կազմակերպում։ 2021թ․ կորոնավիրուսի տարածման պատճառով չկարողացանք այն կազմակերպել։ Այս ընթրիքին մենք կարեւորեցինք Արցախի ավտանգութեան հարցերը, նաեւ քննարկեցինք Թուրքիայի հետ կապւած հարցերը, որոնք կարեւոր են Եւրոպայում եւ մասնաւորապէս Ֆրանսիայում։ Ինչպէս միշտ, այս անգամ էլ կոշտ արտայայտւեցինք Թուրքիայի հասցէին, քանի որ մենք Ֆրասիայում պէտք է պաշտպանենք Արցախի, Հայաստանի եւ Հայ Դատի շահերը։ Նաեւ քննադատեցինք այն, որ Ֆրանսիայի արդարադատութիւնը քննադատել էր ֆրանսիական որոշ քաղաքների կողմից Արցախի քաղաքների հետ բերակամութեան յուշագրերը։ Մեր ճնշման հիման վրայ ֆրանսիական կառավարութիւնը գտել է ճանապարհը եւ պէտք է կարողանայ այսուհետ Արցախում ներդրումներ ունենալ․ ֆրանսիական հասարակական կազմակերպութիւնները, որոնք օգտւում են Ֆրանսիայի օժանդակութիւնից, արդէն կարող են գնալ Արցախ եւ այնտեղ հումանիտար, մշակութային օգնութիւն ցուցաբերել։
Այս ընթրիքը մեզ համար միշտ առիթ է՝ արժեւորել Հայաստանը, Հայ Դատը եւ Արցախը։ Երկու կարեւոր ընթրիք կայ Ֆրանսիայում։ Մէկը՝ հրեաներինն է, որոնք արդէն 2000 տարի է՝ Ֆրանսիայում են, Ֆրանսիայի պատմութեան մաս են կազմում, նրանց ցեղասպանութիւնը տեղի ունեցաւ նաեւ այստեղ։ Միւսը մերն է։ Մենք կարողացանք Ֆրասիայում մեր ազգին հասցնել լաւագոյն մակարդակին․ նախագահական ընտրութիւնների ժամանակ բոլոր թեկնածուները մեր կարծիքը հաշւի են առնում։ Այս ընթրիքին էլ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական աշխարհը ներկայ էր, որպէսզի իրենց աջակցութիւնը մեզ յայտնի։
- Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում ի՞նչ կարծիքներ են ձեւաւորւել Արցախի վերաբերեալ՝ պատերազմից յետոյ։
- Ֆրանսիան համաձայն չէ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կէտերի հետ։ Նախագահ Մակրոնը մեզ այդ մասին ասել է պատերազմի դադարից 3 օր յետոյ։ Նա նշել է, որ ինքը համաձայն չէ, որ Ադրբեջանը Շուշին եւ Հադրութը իրեն վերցրեց, համաձայն չէ, որ Սիւնիքում միջանցք ստեղծւի եւ համաձայն չէ ընդհանրապէս, որ ծնկի եկած Հայաստանը ստորագրէր համաձայնագրի կէտեր, որոնք չէին պաշտպանում իր շահերը։ Ֆրանսիան փորձում է միջնորդել, մասնակից դառնալ գործընթացներին, իր խօսքը հասցնել։ Նախագահ Մակրոնի եւ նախագահ Պուտինի երկխօսութիւնը բաւական դրական է։ Երկու նախագահները յաճախ են զրուցում, Մակրոնը գիտի, որ Ռուսաստանի հետ կարող է մշակել նոր մակարդակի յարաբերութիւններ եւ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի հետ կապւած հարցերի դէպքում, այլեւ ընդհանրապէս միջազգային ասպարէզում:
- Պարո՛ն Փափազեան, վերջերս տեղի ունեցաւ տեսակոնֆերանս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։ Այն կազմակերպողներից էր Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը։ Ելիսէյեան պալատում նրա հետ հանդիպմանը խօսե՞լ էք այդ տեսակոնֆերանսից։
- Այո՛, խօսել ենք։ Բրիւսէլում տեսանք, որ Մակրոնը հանդիպել էր ե՛ւ Ալիեւի, ե՛ւ Փաշինեանի հետ, յետոյ նաեւ կազմակերպել էր նրանց հանդիպումը։ Մակրոնը կողմնակիցն է նրա, որ պէտք է պահել բանակցային գործընթացը։ Նա կարծում է, որ այդպէս կարելի է առաջընթաց ապահովել, եւ նա տեսնում է առաջընթաց։ Ես նրան ասացի, որ մենք չենք հաւատում Ադրբեջանի հետ երկխօսութեանը, որովհետեւ 25 տարի երկխօսութիւն կար, եւ Հայաստանը պատրաստ էր զիջումներ անել, օրինակ, 2016 թւականին, սակայն Ադրբեջանը չհամաձայնեց։ Ադրբեջանը ցանկանում է իր ձեռքը դնել ամբողջ Արցախի վրայ, Հայաստանի հարաւն է ցանկանում վերցնել, նաեւ Գեղարքունիքը։ Նա չի ցանկանում խաղաղութեան պայմանագիր ստորագրել։ Պանթուրքական ուժերը՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, ունեն այստեղ իրենց շահերը եւ քանի որ դրանց խաղաղ ճանապարհով չեն հասնում, ցանկանում են ուժի միջոցով հասնել։ Այս ուժերը նաեւ ուրիշ հաշւարկ ունեն․ դրա հետ կապւած իրենց յոյսը կապել են Հայաստանի վարչապետի հետ։ Նրանք ցանկանում են ստեղծել հայ-թուրքական նոր յարաբերութիւններ, ցանկանում են, որ Հայաստանը եւ Թուրքիան հաստատեն դիւանագիտական յարաբերութիւններ, առեւտրական յարաբերութիււնները վերականգնւեն, Թուրքիան իր ներդրումները բերի այստեղ եւ մի քանի տարի յետոյ Ադրբեջանի հետ լուրջ տնտեսական ուժ դառնայ։ Սա է նրանց ծրագիրը։ Ֆրանսիային այդ ծրագիրը շատ է մտահոգում, Փարիզը երկրորդում է մեր վերլուծութիւնը, որ Թուրքիան գերիշխելու է Հայաստանի տնտեսութիւնում, եւ հայ ժողովուրդն աշխատելու է թուրքական տնտեսութեան համար։
- Ասացիք՝ Մակրոնը առաջընթաց է տեսնում հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում։ Ի՞նչ առաջընթացի մասին է խօսքը, եւ արդեօք Ֆրանսիան նախատեսո՞ւմ է առաւել ակտիւ գործունէութիւն պատերազմից յետոյ եղած հումանիտար հարցերի լուծման գործընթացում՝ գերիների վերադարձ, հայկական մշակութային ժառանգութեան պահպանութիւն եւ այլ․․․
- Տեսանք, որ Ֆրանսիայի ջանքերով 8 գերի վերադարձաւ Հայաստան։ Մակրոնը մեզ պատմեց, որ խօսել է Փաշինեանի հետ եւ նրան ասել է, որ համաձայն է աշխատել, որ գերիները ազատւեն, բայց երբ գերիները ադրբեջանական բանտերից ազատւեն, ինքը նրանց հայկական բանտերում չփակի։ Մակրոնն ասել է, որ մենք ջանքեր չենք ներդնում գերիների ազատման համար, որ Հայաստանը նրանց բանտարկի։ Ես նրան հարցրի, թէ ինչ է պատասխանել Փաշինեանը, պատասխանեց՝ «ինձ համար անհասկանալի բան է պատասխանել»։ Այո՛, գերիների հարցը կարեւոր է, Հայաստանի համար է նա դա անում։
Երկրորդ՝ Մակրոնը հաւատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են համաձայնւել։ Ես այդ մօտեցման հետ համաձայն չեմ, որովհետեւ Ադրբեջանը ուժի դիրքերից է խօսում, ինքն է յաղթողը եւ ինքը պատրաստ չէ զիջումների։ Ադրբեջանը ցանկանում է աւելին։ Բայց դիւանագիտական օրէնքներն են՝ պէտք է շարունակել բանակցել, երկխօսել։ Դիւանագիտութիւնն իր աշխատանքը տանում է, բայց պէտք չէ շատ մեծ յոյսեր ունենալ դրա արդիւնքներից։
- Պարո՛ն Փափազեան, ինչպէ՞ս է Ֆրանսիայի քաղաքական էլիտան տրամադրւած ընդհանրապէս Հայաստանի նկատմամբ։
- Ֆրանսիան պրոհայկական է, քանի որ այստեղ կազմակերպւած զօրաւոր հայկական սփիւռք կայ։ Այս սփիւռքը ֆրանսահայութիւն է, այսինքն՝ մենք ե՛ւ ֆրանսիացի ենք, ե՛ւ հայ ենք, ինչպէս Շառլ Ազնաւուրն էր ասում՝ «100 տոկոս ֆրանսիացի, 100 տոկոս հայ»։ 600 000-անոց ֆրանսահայութիւնը կարողացել է այս տարիների ընթացքում հզօրացնել իր կապերը, զարգացնել։ Մենք ոչ պաշտօնական դիւանագիտութիւն ենք իրականացնում։ Մենք Հայաստանի, Արցախի, Հայ Դատի պաշտպաններն ենք սփիւռքում։ Պէտք է անպայման նշել, որ Հայաստանը, Արցախը եւ Հայ Դատը կապւած են, չենք կարող դրանք առանձնացնել, անջատել։ Այս արժէքները պաշտպանւած են հայ ժողովրդի կողմից, իսկ երբ ասում ենք ժողովուրդ, նկատի ունենք նաև սփիւռքը։ Հայաստանը կարիք ունի հզօր սփիւռքի, որպէսզի դրսում այլ երկրների կողքին կարողանայ ունենալ հզօր պաշտպաններ։