Ամերիկահայ բարերար, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան աջակից, դոկտոր Մայք Սարեանը՝ Բրիւսէլում Հայ Դատի յանձնախմբի համար գրասենեակ գնելու նպատակով տւել է 300 հազար ԱՄՆ դոլար նւիրելու խոստում:
Ամերիկահայ բարերար, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան աջակից, դոկտոր Մայք Սարեանը՝ Բրիւսէլում Հայ Դատի յանձնախմբի համար գրասենեակ գնելու նպատակով տւել է 300 հազար ԱՄՆ դոլար նւիրելու խոստում:
«Դոկտոր Մայք Սարեանը Կալիֆորնիայի գաղութի այն բարերարներից է, որն իր լուման է բերում մեր ազգի իրաւունքների պաշտպանութեան հարցում: Հայոց ցեղասպանութեան հետապնդման ճանապարհին՝ Հայ Դատին կատարած Մայք Սարեանի այս ներդրումն իր դրական անդրադարձը կունենայ մեր պահանջատիրական աշխատանքներում»,- հաստատեց Արեւմտեան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Տարօն Տէր-Խաչատուրեանը:
Մայք Սարեանը նաեւ տեսաուղերձով յաջողութիւն է մաղթել փետրւարի 28-ին Հայաստանում մեկնարկած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին: Անդրադառնալով հայութեան առջեւ ծառացած դժւարութիւններին, մասնաւորապէս Արցախեան 44-օրեայ պատերազմի արդիւնքում ունեցած մեծ կորուստներին, ամերիկահայ բարերարը յոյս է յայտնել, որ միասնական աշխատանքով հնարաւոր կը լինի կերտել աւելի լաւ ապագայ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում: Այս առաքելութեան մէջ նա առանձնայատուկ կարեւորել է Դաշնակցութեան դերը, որն առաջիկայ երկու շաբաթների ընթացքում պէտք է Ընդհանուր ժողովում բիւրեղացնի իր որոշումներն ու անելիքները:
«Դաշնակցութիւնն ուժեղ է իր աջակիցներով, որոնք տարբեր միջոցներով նպաստում են մեր համազգային ընդգրկում ունեցող աշխատանքներին: Հայ Դատի հետապնդման ջանքերը, մասնաւորապէս, մշտապէս կարիք ունեն ուշադրութեան եւ ներդրումների, կամաւոր եւ մասնագիտական ներուժի ներգրաւման: Այս նւիրական գործունէութեանն իրենց նպաստն են բերում բազմաթիւ բարերարներ, մասնագէտներ, երիտասարդներ: Դոկտոր Մայք Սարեանի նւիրատւութեան այս նախաձեռնութիւնը, անշուշտ, էապէս կը նպաստի Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի աշխատանքներին եւ կը լինի դրական նոր ազդակ՝ նմանատիպ աջակցութիւնների համար: Շնորհակալութիւն մեր համազգային Դատի հետապնդման աշխատանքներին աջակցելու, ինչպէս նաեւ Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին յաջողութիւն մաղթելու համար»,- նշեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:
Arfd.am