Անլուր տառապանք է կրել հայ ժողովուրդը, թուրքական բիրտ լծի ներքոյ իր հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում:
Աւելի քան 600 տարի, նա շատ մօտկից զգացել է օսմանեան աւազակային պետութեան սարսափներն ու բռնութիւնները, բայց այն ինչ բաժին ընկաւ մեր ժողովրդին, Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին իր նախադէպը չի ունեցել թէ՛ մեր ժողովրդի պատմութեան, եւ թէ՛ մարդկային պատմութեան մէջ, որի 107-րդ տարելիցը լրացել է 2022 թ.-ին:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Անլուր տառապանք է կրել հայ ժողովուրդը, թուրքական բիրտ լծի ներքոյ իր հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում:
Աւելի քան 600 տարի, նա շատ մօտկից զգացել է օսմանեան աւազակային պետութեան սարսափներն ու բռնութիւնները, բայց այն ինչ բաժին ընկաւ մեր ժողովրդին, Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին իր նախադէպը չի ունեցել թէ՛ մեր ժողովրդի պատմութեան, եւ թէ՛ մարդկային պատմութեան մէջ, որի 107-րդ տարելիցը լրացել է 2022 թ.-ին: Արդեօք ճիշտ է, 107 տարի է անցել Հայոց Ցեղասպանութեան թւականից, բազմաթիւ անուրանալի փաստերի եւ նիւթերի հիման վրայ կատարւած ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ Հայոց Ցեղասպանութիւնն ունի 600 տարւայ անցեալ եւ գործադրւել է երեք փուլերով:
Առաջին փուլը, որ տեւել է 500 տարի սկսւել է 13-րդ դարից, երբ թուրքական ցեղերը գրաւելով հայոց հայրենիքը, գործադրել եւ կենսագործել են հայի ոչնչացնելու ծրագիրը հետեւալ ձեւերով.
ա. Հայ ժողովրդի ձուլում, թուրքացնելու միջոցով
բ. Երկրից արտաքսում, որով արտաքսւածները դատապարտւած էին ձուլման
գ. Մասնակի եւ զանազան ձեւերի ջարդեր ու սպանութիւններ:
Այս նպատակի իրականացման համար մշակել էին քաղաքական, տնտեսական, կրօնական ու ազգային դժոխային մարտավարութիւն, ինչպէս օրինակ հարստահարութեան եւ կրօնափոխութեան ճնշումներ, ինչպէս նաեւ սպիտակ ջարդ, ցեղասպանութիւն ու արտաքսումներ:
19-րդ դարի վերջերին համոզւելով, որ հայ ժողովրդին ձուլելու, Հայաստանը հայաթափելու իրենց այս ծրագիրը էֆեկտիւ չէ եւ սպասւած արդիւնքը չի տալիս, թուրքերը անցնում են երկրորդ փուլին՝ հայերին ֆիզիկապէս ոչնչացման, որն սկսւում է 1890-ական թւականից Աբդուլ Համիդի ձեռքով 1894-96 թւականներին, որոնցում զոհւեցին 300,000 անմեղ հայեր, եւ որն շարունակւեց մինչ 1990 թւականը, (Բաքւի, Սումգայթի, Կիրովաբադի ջարդերը):
Երրորդ փուլը 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանութիւնն էր, որին զոհ գնացին 1.500.000-ից աւելի հայեր եւ մնացեալն էլ ցրւեցին ի Սփիւռս աշխարհի, բացի նշեալ մարդկային վնասներից, մեր ժողովուրդը ձեռքից տւեց բազմամիլիոն հաստատութիւն, շարժական եւ անշարժ գոյքեր, ինչպէս նաեւ քանդւեցին մեր մշակութային գոհար հանդիսացող կոթողներ, եկեղեցիներ, բերդեր, կամուրջներ, խաչքարեր եւ այլն եւ ամենից կարեւորը՝ Հայաստանը դատարկւեց իր բնիկ տիրոջից եւ հայը դարձաւ աշխարհացրիւ, ենթակայ ձուլման վտանգին:
Ըստ 1882 թ.-ի Թուրքիայի պաշտօնական մարդահամարի՝ Թուրքիայում ապրել են 2.660.000 հայեր: Արդ, եթէ նկատի ունենանք, որ իւրաքանչիւր ժողովուրդ բնական պայմաններում իր թւաքանակը ամէն 30 տարին մէկ՝ կրկնակի է դառնում այդ թւաքանակը, հետեւաբար եթէ Հայոց Ցեղասպանութիւնը տեղի չունենար, կարելի է ճշգրիտ հաշւարկով պարզել, թէ այսօր մենք մեր Արեւմտեան Հայաստանում քանի միլիոն հայութիւն պիտի ունենայինք:
Այժմ տեսնենք ինչ պատճառով էր տեղի ունենում այս ամէն անմարդկային ընթացքն ու սարսափելի ոճիրները: 20-րդ դարի սկզբից ձեւաւորւում է Աֆրիկայից մինչեւ Չինաստան, Չինաստանից մինչեւ սառուցեալ ովկիանոս սփռւած թուրքալեզու ժողովրդների ազգային գաղափարախօսութիւն՝ «պանթուրքիզմ»-ը, որի նպատակն էր մեծ թուրանի ստեղծման իրագործումն երեք փուլերով.
1-Թուրքիայի թուրքացում՝ քրիստոնեաների եւ ի մասնաւորի հայերի ոչնչացմամբ:
2-Օղուզական պետութեան ստեղծում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Պարսկաստանի Ատրպատականի եւ Թուրքմենստանի մասնակցութեամբ:
3-Մեծ թուրանի պետութեան ստեղծում: Այս ծրագրով, արեւմտահայութեան անմիջական ոչնչացումը պիտի կատարէր Թուրքիան, իսկ արեւելահայութեանը՝ Ադրբեջանի օժանդակութեամբ: Այսպիսով յանուն թուրք ժողովրդի նոր հայրենիքի եւ մեծ թուրանի ստեղծման, պէտք է ոչնչացւէր հայ ժողովուրդը:
Դժբախտաբար, այսօր մի շարք միամիտ, ինչպէս նաեւ թուրքամոլ, հայեր համոզւած են, որ ներկայի թուրքիայի կառավարիչները նման չեն նախկիններին եւ նրանք այլեւս չեն առնչւում «պանթուրքիզմ»-ի գաղափարախօսութեանը: Այս մօտեցումներն ունեցողները չարաչար սխալւում են, քանզի այսօր էլ ներկայի Թուրքիայի իշխանաւորների հոգում եւ մտքում դաջւած են «պանթուրքիզմ»-ի սկզբունքները, որոնց հիման վրայ իրականացրել են 1988-1990 թւականների Բաքւի, Սումգայթի, Կիրիովաբադի եւ այլնի հայոց սպանդը, հայաթափել են Նախիջեւանը, 44-օրեայ պատերազմով գրաւել են թէ՛ Արցախի Հանրապետութեան տարածքների երկու երրորդը, եւ թէ՛ ՀՀ-ի ճանապարհներ ու տարածքներ, երկար տարիներ շրջափակել են ՀՀ-ը, ուրացել եւ ուրանում են Հայոց Ցեղասպանութեան անհերքելի փաստը, հակառակ միջազգային օրէնքների եւ կնքւած եռակողմ պայմանագրի, չեն վերադարձնում հայ գերիներին, ամենուրեք հայատեաց քաղաքականութիւն են իրականացնում, թուրքիայի արտաքին գործոց նախարարը, Ուրուգւայում հայ ցուցարարներին, ի նշան իր ազգայնամոլ համոզումների, թուրքիայի գորշ գայլերի ռասիստ կազմակերպութեան նշանն է ցոյց տալիս, Ալիեւը բացէ ի բաց եւ անամօթաբար յայտարարում է, թէ Սիւնիքը, Երեւանը եւ Սեւանը, Ադրբեջանի պատմական տարածքներն են: Միւս կողմից ինչպէս չյիշել թուրքիայի ոտնձգութիւնները Կիպրոսում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում եւ միջերկրական ծովում եւ վերջապէս թուրքիոյ վերնախաւը չի մոռացել, որ «պանթուրքիզմ»-ը իրագործել է միայն արեւմտահայութեան ցեղասպանութիւնը, սպասելով՝ արեւելահայութեան չիրագործւած սպանդի ամբողջացմանը...
Այս ամէնը ցոյց են տալիս, որ ներկայումս գոյութիւն ունի «պանթուրքիզմ»-ի գաղափարախօսութիւնը եւ նրա վտանգը դեռ կախւած է հայ ժողովրդի գլխին եւ էշի ականջում քնած «իմ-քայլական» իշխանաւորները փորձում են մեր ժողովրդին համոզել, որ թուրքիայի հետ բարեկամութիւնը բարիքներ է բերելու հայ ժողովրդի համար, մինչդեռ ճիշտ հակառակը, թուրքիայի հետ բարեկամութիւնը ոչ թէ բարիքներ է բերելու մեր ժողովրդին՝ այլ չարիք ու արհաւիրք:
Նոր Ջուղա
28.4.2022 թ.