Համացանցի վրայ այսօրւանից կարելի է ընթերցել «Դրօշակ»-ի մայիսեան համարը։ Աւանդաբար տօնական մայիսը մեր օրերում տրամադրում է այլ խորհրդածութիւնների, բնականաբար դարձեալ առանցքում ունենալով հայոց պետականութեան անցեալի, ներկայի ու ապագայի հիմնահարցերը։ Այդ ոգին է կրում նաեւ համարի առաջնորդողը, որի քննարկման հիմնական առարկան այսօրւայ ներքաղաքական իրողութիւններն են։
«alikonline.ir» - Համացանցի վրայ այսօրւանից կարելի է ընթերցել «Դրօշակ»-ի մայիսեան համարը։ Աւանդաբար տօնական մայիսը մեր օրերում տրամադրում է այլ խորհրդածութիւնների, բնականաբար դարձեալ առանցքում ունենալով հայոց պետականութեան անցեալի, ներկայի ու ապագայի հիմնահարցերը։ Այդ ոգին է կրում նաեւ համարի առաջնորդողը, որի քննարկման հիմնական առարկան այսօրւայ ներքաղաքական իրողութիւններն են։
Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը «Մոսկւա՞, թէ՞ Բրիւսէլ» վերտառութեամբ յօդւածում քննում է ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրւող զիջումների պայմաններում Հայաստանի պատեհապաշտ իշխանութիւնների դեգերումների հարցը՝ Մոսկւայի եւ Բրիւսէլի միջեւ։ Յօդւածի հեղինակը համոզմունք է յայտնում, որ վարւող պարտւողական քաղաքականութեան դէմ այս ներկայումս ծաւալւող համազգային ընդվզումը բոլորի համար ակնյայտ է դարձնում, որ հայ ժողովուրդը չի պատրաստւում համակերպւելու իշխանութիւնների դաւաճանական քաղաքականութեան հետ եւ որ իր այս վճռական կեցւածքով ժողովուրդն իր պետութիւնը օբիեկտի կարգավիճակից բարձրացնում է սուբիեկտի մակարդակի։
Իշխանութիւնների կոլաբորացիոնիստական էութեանն է անդրադառնում պատմաբան Անի Մելքոնեանը, այս անգամ եւս երեւոյթը ընդհանրացնելով պատմական համապատկերի վրայ։
Հիմնւելով Հայաստանի բարձր պաշտօնեաների արտայայտութիւնների վրայ միջազգային իրաւունքի մասնագէտ, Աւստրիայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Գէորգ Յակոբճեանը նկատում է, որ պետական-պաշտօնական մակարդակով փորձ է արւում ճարպկօրէն հրաժարւել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան վերականգնման պահանջատիրութիւնից յայտարարելով, թէ․
«Մեր նահատակւած հայրենակիցների յիշատակին յարգանքի տուրք մատուցելու լաւագոյն ձեւը հզօր եւ ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովուրդի բարօր կեանքի, մեր երկրի սահմանների ամրութեան ու անվտանգութեան ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակութեան ամրապնդումն է»: ՀՀ նախագահի ապրիլքսանչորսեան ուղերձից արւած այս մէջբերումը, ըստ յօդւածագրի, ազգային կարեւոր հիմնահարցից հրաժարւելու, այն մոռացութեան մատնելու ձեւ է:
104 տարի առաջ հայոց անկախ պետականութեան վերականգնմանը, այդ ճակատագրական իրողութեան դասերին ու խորհուրդներին է անդրադառնում պատմական գիտութիւնների դոկտոր Արարատ Յակոբեանը։ Նոյն շրջանին հետազօտողի հայեացք նետելով պատմական գիտութիւնների դոկտոր Արմէն Մարուքեանը լուսաբանում է 1918 թւականին տեղի ունեցած Ղարաքիլիսայի ճակատամարտին, դրան առնչւող իրադարձութիւններին, ինչպէս եւ ճակատամարտի նշանակութեանը վերաբերող խնդիրներ։ Պատմաբան դոկտոր Վանիկ Վիրաբեանի յօդւածը նւիրւած է առաջին հանրապետութեան շրջանում Ադրբեջանի գործադրած ջանքերին Հայաստանից խլելու Զոդն ու Բասարգեչարը (Վարդենիսը)։ Աւելորդ է ասել, որ շօշափւող թեման խիստ արդիական է ներկայումս Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնների խորապատկերի վրայ։
«Դրօշակ»-ի ընթերցողը հետաքրքրութեամբ կընթերցի նաեւ բանասիրական գիտութիւնների դոկտոր Դաւիթ Գասպարեանի յօդւածը՝ նւիրւած Եղիշէ Չարենցին եւ ճարտարապետ Ռոմէօ Ջուլհակեանին նւիրւած գրքին անդրադարձը՝ կանադահայ մտաւորական, ճարտարապետ, գրող, հրապարակագիր Վրէժ Արմէնի կողմից։
«Դրօշակ»-ի 2022թ. հինգերորդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 5, 2022թ․