Հա

Ազգային

12/06/2022 - 14:30

Ադրբեջանի պահանջներին ի պատասխան

Հայրենիք նշանակում է հարազատ պատմական տարածք եւ համախմբւած ժողովուրդ, որ դարերի ընթացքում կերտել է լեզու, մշակոյթ, աւանդութիւն եւ պետութիւն, այդ տարածքի եւ ժողովրդի անվտանգութեան եւ պաշտպանութեան գլխաւոր պատասխանատուն եւ երաշխաւորը պետութիւնն է: Ցաւօք սրտի, մեր այսօրւայ հայրենի իշխանաւորները, ոչ միայն չեն պաշտպանում հայրենի տարածքներն ու ժողովրդի անվտանգութիւնը, այլ տեղիք են տալիս մեր դարաւոր հայատեաց թշնամիների անօրինական պահանջներին:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Ադրբեջանը իբր թէ Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու համար, ներկայացրել է հայ ժողովրդի ընդհանրական շահերին հակադիր, ներքոյիշեալ հինգ կէտերից բաղկացած պահանջները.- 1-Հայաստանի Հանրապետութեան կողմից, Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչում եւ Արցախի պահանջից հրաժարում: 2-Հայաստանի զօրքերի դուրս բերում «անկլաւ» տարածքներից, (Տիգրանակերտի ու Տաւուշի հինգ գիւղերից): 3-Տրանսպորտային եւ հաղորդակցութեան անարգել երթեւեկութիւն (սոյն կէտով պահանջում է նաեւ միջանցք, որ նախատեսւած չի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում): 4-Սահմանազատում եւ սահմանագծում, ըստ 1970 թ.-ի Սովետական քարտէզների: 5-Թուրքերի վերադարձի քննարկում եւ վնասի հատուցում (անշուշտ վնասի հատուցումը, ըստ այդ կէտի, պիտի կատարի հայ ժողովուրդը):

Վերոնշեալ պահանջին, վեց կէտերով պատասխանել է թէ՛ Հայաստանի իշխանութիւնը, եւ թէ՛ այդ առթիւ իր տեսակէտն է յայտնել Հայաստանի ընդդիմութիւնը:

Իշխանութեան տրւած պատասխանում նկատում ես երկչոտութիւն, արժանապատւութեան նսեմացում, իր ուժերի հանդէպ անվստահութիւն, արտաքին ուժերի հանդէպ հնազանդութիւն, ամէն պարտադրանքի պատրաստակամութիւն ու դէմ լինելու անզօրութիւն, պարտութիւն ընդունելու խեղճութիւն եւ հայ ժողովրդի ընդհանրական շահերի ու անվտանգութեան անտեսում, որոնց պատճառով էլ իշխանութիւնը համոզւել է որ Արցախը մաս կազմի Ադրբեջանին եւ հրաժարւել է Արցախի ինքնավարութեան իրաւունքից: Փոխարէն պահանջ դնէին Ադրբեջանի զօրքերի Հայաստանից դուրս բերմանը, համաձայնւել անկլաւ շրջաններից (Տիգրանակերտի եւ Տաւուշի հինգ գիւղեր) հայկական զօրքերի դուրս բերմանը, տրանսպորտային եւ հաղորդակցութեան անարգել երթեւեկութեան փոխարէն համաձայնւել է միջանցքի ստեղծմանը եւ մինչեւ իսկ թուրքերի Հայաստան վերադարձի վնասի հատուցմանը:

Սակայն ընդդիմութեան տեսակէտների մէջ ամրագրւած են հայրենասիրութիւն, քաջութիւն, հայրենիքի շահերի եւ պատմական իրաւունքի նկատմամբ հոգատարութիւն, յանուն հայրենիքի՝ ինքնազոհութիւն ի խնդիր հայ ժողովրդի ու հայրենիքի պաշտպանութեան, աննահանջ պայքարի գիտակցութիւն, հոգատարութիւն ժողովրդի տառապանքներին, յարգանաք հայրենիքի պատմական անցեալի եւ նրանից ժառանգած աւանդութիւններին եւ յայտարարել են, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանի եւ Արցախի միջեւ պիտի լինի յուսալի ցամաքային կապ, որպէսզի Արցախը անկլաւ չլինի, Հայաստանի Հանրապետութիւնը Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ ինքնորոշման երաշխաւորն է, սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքը պէտք է իրականացւեն Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զօրքերի դուրս բերման նախապայմանով, հայ-թուրքական յարաբերութեանց կարգաւորման գործընթացում բացառւում է որեւէ համաձայնութիւն, որն հարցականի տակ կը տանի Հայոց Ցեղասպանութիւնը եւ վերջապէս ճանապարհային ու հաղորդակցութեան անարգել երթեւեկութիւն, չի կարող տեղի ունենալ միջանցքի տրամաբանութեամբ»:

Հայրենիք նշանակում է հարազատ պատմական տարածք եւ համախմբւած ժողովուրդ, որ դարերի ընթացքում կերտել է լեզու, մշակոյթ, աւանդութիւն եւ պետութիւն, այդ տարածքի եւ ժողովրդի անվտանգութեան եւ պաշտպանութեան գլխաւոր պատասխանատուն եւ երաշխաւորը պետութիւնն է: Ցաւօք սրտի, մեր այսօրւայ հայրենի իշխանաւորները, ոչ միայն չեն պաշտպանում հայրենի տարածքներն ու ժողովրդի անվտանգութիւնը, այլ տեղիք են տալիս մեր դարաւոր հայատեաց թշնամիների անօրինական պահանջներին:

 

Նոր Ջուղա

12.6.2022 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։