ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախաձեռնութեամբ յունիսի 16-ին եւրոպական 91 կազմակերպութիւններ, որոնք ակտիւ գործունէութիւն են ծաւալում Եւրոպական Միութեան անդամ երկրներում, նամակ են յղել Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշէլին՝ յայտնելով իրենց խոր դժգոհութիւնը նրա վերջին յայտարարութեան առնչութեամբ, որը հրապարակւել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ 2022 թւականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից յետոյ։

Կազմակերպութիւնները ողջունում են Շառլ Միշէլի կողմից խաղաղութեանն ուղղւած միջնորդական ջանքերը: Այնուամենայնիւ, նրանք անհրաժեշտ են համարում, որ խաղաղութեան բանակցութիւնները հիմնւած լինեն արդարութեան վրայ, երբ չեն արհամարւի հայկական կողմի հիմնարար իրաւունքներն ու կարիքները, նամանաւանդ, որ վերջինս 2020թ․ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ագրեսիայի զոհ է դարձել:
Նամակը ստորագրած կազմակերպութիւնները ցաւում են, որ մայիսի 23-ի յայտարարութիւնն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ ԵՄ-ի փաստաթղթաւորւած մօտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաեւ այն փաստին, որ օգտագործւում է «Ղարաբաղ» անորոշ ձեւակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարէն, որը կոնկրետ տարածք ունեցող քաղաքական միաւոր է։ Նամակում մանրամասն ադրադարձ է կատարւում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձեւակերպման օգտագործումը միտւած է պետական մակարդակով իրականացւող էթնիկ զտման քաղաքականութեան սպասարկմանը:
Անդրադառնալով 2022 թւականի մայիսի 31-ին Շառլ Միշէլի մամուլի խօսնակի յայտարարութեանը՝ կազմակերպութիւնները երախտագիտութիւն են յայտնում, որ այն կարեւոր պարզաբանումներ է մտցրել եւ ընդգծել հիմնարար սկզբունքներ։ Կազմակերպութիւնները յոյս են յայտնում, որ ԵՄ-ի ապագայ միջնորդութիւնը կը յանգեցնի արդար եւ տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւնների մեկնարկին: Այդ նպատակով կոչ է արւում Եւրոպական խորհրդի նախագահին միջնորդութիւնը հիմնել վեց կոնկրետ կէտերի վրայ: Նամակին ամբողջութեամբ կարող էք ծանօթանալ հետեւեալ յղմամբ:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
17.06.2022 թ.