Հա

Ազգային

24/06/2022 - 12:30

Նախագահ Բայդէնը կրկին հրաժարւել է 907-րդ բանաձեւի սահմանափակումների կիրառումից

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջօ Բայդէնը կրկին հրաժարւել է 907-րդ բանաձեւի սահմանափակումների կիրառումից եւ ճանապարհ բացել Ալիեւի հակահայկական ու կոռումպացւած ռեժիմին ամերիկեան օգնութեան տրամադրման համար։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջօ Բայդէնը կրկին հրաժարւել է 907-րդ բանաձեւի սահմանափակումների կիրառումից եւ ճանապարհ բացել Ալիեւի հակահայկական ու կոռումպացւած ռեժիմին ամերիկեան օգնութեան տրամադրման համար։

Մեկնաբանելով նախագահ Բայդէնի որոշումը՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Նախագահ Բայդէնի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնութեան ցուցաբերմանը «կանաչ լոյս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիեւին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկութիւնը, Արցախի դէմ մահաբեր յարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարութեան հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնութիւնը զրոյացնելու եւ 907-րդ բանաձեւի կատարումից հրաժարւելու նախագահական իրաւասութիւնը սահմանափակելու համար»։

Նախագահ Բայդէնը մինչեւ պաշտօնավարումը ստանձնելը, 2020թ․ հոկտեմբերի 14-ին յայտարարել էր, որ «Միացեալ Նահանգները պէտք է ամբողջութեամբ իրականացնի եւ չհրաժարւի «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդւածի պահանջներից եւ դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դէպի Ադրբեջան»: Առաջին անգամ Բայդէնն իր դիրքորոշումից հրաժարւեց 2021թ․ ապրիլի 23-ին։

907-րդ բանաձեւը, ուժի մէջ է մտել 1992 թւականին եւ նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարութեանը տրամադրւող օգնութեանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարութիւնը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ շրջափակումներն ու յարձակումները։ 2002թ․ Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հնարաւորութիւն տւեց ամէն տարի հրաժարւել 907-րդ բանաձեւի սահմանափակումների կիրառումից, ինչը ամերիկեան նախագահներն անում են ցայսօր։

Յատկանշական է, որ 907-րդ բանաձեւի պահանջների կատարումից այս հրաժարմանը նախորդել էր տարեսկզբին ԱՄՆ կառավարութեան հաշւետւողականութեան գրասենեակի յատուկ հաղորդումն այն մասին, որ ամերիկեան ռազմական օժանդակութիւնն Ադրբեջանին հաշւի չի առել Հարաւային Կովկասում ուժի հաւասարակշռութեան խախտման հաւանականութիւնը եւ վերջինիս վերաբերեալ Պետդեպարտամենտը պատշաճ կերպով չի զեկուցել Կոնգրեսին։ Համաձայն զեկոյցի՝ 2002-ից 2020թթ․ ընթացքում Ադրբեջանը ստացել է 808 մլն դոլարի ամերիկեան օգնութիւն։

Ադրբեջանին ամերիկեան բազմաբնոյթ ռազմական օժանդակութիւնից զրկումը Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից մէկն է, եւ այդ ուղղութեամբ յանձնախմբի աշխատանքներն ամենօրեայ ռեժիմով շարունակւում են։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

24.06.2022 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։