Հա

Ազգային

03/07/2022 - 10:10

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահաւաք առաքելութիւնից

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) կառավարութեան հետ կապերի հարցերով տնօրէն Թերեզա Երիմեանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին փաստահաւաք առաքելութիւնից: 

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) կառավարութեան հետ կապերի հարցերով տնօրէն Թերեզա Երիմեանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին փաստահաւաք առաքելութիւնից: Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը:

«Արցախում պատերազմի ժամանակ աւերւած բազմաթիւ դպրոցներ եւ հիւանդանոցներ մնացել են աւերակների տակ, անհամար տներ՝ անբնակելի, բնիկ հողերի առնւազն 70%-ը կորցնելուց բացի արցախահայութիւնն այժմ ապրում է ականներով եւ յատկապէս չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում երեխաների եւ ընտանիքների կեանքի համար»,- նշել է նա:

Երիմեանը եւս մէկ անգամ յիշեցրել եւ ընդգծել է այն կոչերը, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրւող ամբողջ ռազմական օգնութիւնը պէտք է դադարեցւի, իսկ Արցախին շտապ անհրաժեշտ 50 միլիոն դոլարի օգնութեան փաթեթ տրամադրել։

Նա նկատել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել եւ բռնութեան ենթարկել հայ ռազմագերիներին՝ ի հակառակ հրադադարի պայմանագրի եւ միջազգային իրաւունքով Բաքւի ստանձնած պարտաւորութիւնների։

«Հայ Դատի յանձնախմբի Արցախ կատարած մեր վերջին այցի ժամանակ հարցազրոյց վերցրեցինք 80-ամեայ կնոջից, ով գերի էր ընկել իր գիւղի տանը, ականատես էր եղել ամուսնու ծեծին եւ ինքն էլ խոշտանգումների ենթարկւել»,- ասել է նա:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն Արցախի ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանի հետ քննարկել է Արցախի աշխարհաքաղաքական մարտահրաւէրները, Արցախի Հանրապետութեան սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Արմինէ Պետրոսեանից նոր մանրամասներ իմացել 2020 թւականի պատերազմի ժամանակ իրենց պապենական տներից հեռացւած 100,000 հայ փախստականների վիճակի մասին։

Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը ներկայացրել է Արցախի բնակչութեան առջեւ ծառացած ջրի ու գազի մարտահրաւէրները։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի անդամները հանդիպել են նաեւ The HALO Trust-ի ներկայացուցիչների հետ, որոնց ականազերծման ջանքերը աւելի քան երկու տասնամեակ Արցախում փրկել են անթիւ կեանքեր:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։