Հա

Ազգային

19/07/2022 - 14:10

««Ժողովրդավարութեան բաստիոն» չկայ». Կարէն Խանլարեան

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Դեռ կան քաղաքացիներ, որոնք միամտաբար կարծում են, թէ Հայաստանը, իր «ժողովրդավարութեան բաստիոն» ինքնահռչակ կարգավիճակով, կարող է եւրոպական տէրութիւնների աչքին քաղաքական «լուրջ» գործօն ձեւանալ, եւ այդպիսով հակակշռել բռնատիրական «Ադրբեջան»-ի նաւթը․․․

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Դեռ կան քաղաքացիներ, որոնք միամտաբար կարծում են, թէ Հայաստանը, իր «ժողովրդավարութեան բաստիոն» ինքնահռչակ կարգավիճակով, կարող է եւրոպական տէրութիւնների աչքին քաղաքական «լուրջ» գործօն ձեւանալ, եւ այդպիսով հակակշռել բռնատիրական «Ադրբեջան»-ի նաւթը․․․

Տւեալ քաղաքական հաւատամքի հեղինականերն անգամ չեն հաւատում դրան։

Եթէ ՀՀ իշխանութիւնները հաւատային, ապա բարձր կը պահէին «բաստիոն»-ի դրօշը․ հանգուցեալ Արմէն Գրիգորեանի ցաւալի մահւան կապակցութեամբ, գոնէ մի ողջամիտ, պատշաճ, մարդկային կարեկցանքի էլեմենտներ պարունակող յայտարարութեամբ հանդէս կը գային հանրութեան մօտ, այդպիսով գոնէ կը թաքցնէին իրենց որոշ հետեւորդների «անհուն բերկրանք»-ն ու «գոհունակութիւն»-ը ընդիմադիր մտաւորականի մահւան համար․․․

ՀՀ իշխանութիւնները եթէ հաւատային սեփական կրեդոին՝ «բաստիոն»-ի հեքիաթին, ապա ընդհանրապէս չէին նախաձեռնի համահայկական հեղինակաւոր ուժի ներկայացուցիչ՝ Մուրատ Փափազեանի ՀՀ մուտքի արգելման խայտառակ արարողութիւնը, որը ոչ միայն ազատ կարծիքի արտայայտման սկզբունքի բացայայտ խախտում է, այլեւ ՀՀ սահմանադրութեան ոգու կոպիտ ոտնահարում։ Սոյն երեւոյթը դատապարտւեց ե՛ւ ներքին քաղաքական դաշտում, յանձին համաշխարհային հռչակ ունեցող, նախկին ՄԻՊ՝ Արմէն Թաթոյեանի, ե՛ւ արտաքին քաղաքականութեան հարթակում՝ միջազգային սոցիալիզմի հեղինակաւոր ղեկավար՝ Լուիս Այալայի միջոցով։ Կարծում եմ այս բնոյթի դատապարտանքների շարքը դեռ կերկարի։

Ահա այսպէս կարելի էր խայտառակել, առանց այն էլ գոյութիւն չունեցող, «ժողովրդավարութեան բաստիոն»-ի վարկն ու պատիւը։

Կան նաեւ քաղաքացիներ, ովքեր ազգային եւ ժողովրդավարութեան գաղափարների միջեւ նշմարում են՝ որոշակի պարադոքս։ Ի սկզբանէ չկար եւ չէր կարող գոյութիւն ունենալ նման պարադոքս։ Արդ բացայայտօրէն տեսանելի է, որ ազգային գաղափարը ժխտող քաղաքական ուժն, անխուսափելիօրէն, ընթանում է ժողովրդավարութեան ժխտման ուղիներով։

Չկայ՝ «ժողովրդավարութեան բաստիոն»-ը։

Ուրիշ էլ ի՞նչ կշռաքարով էք պատրաստւում հակակշռել «Ադրբեջան»-ի նաւթը․․․

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։