Հա

Ազգային

06/08/2022 - 13:10

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների վերջին աշխատանքները՝ պայմանաւորւած ադրբեջանական հերթական ագրեսիայով

Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանութեան բանակի դիրքերի եւ զօրամասերի ուղղութեամբ ադրբեջանական նախայարձակ ագրեսիան դատապարտելու եւ Ադրբեջանի լկտի պահւածքը վերացնելու համար Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները կատարել են լայնածաւալ յարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապէս էթնիկ զտման ենթարկելն է եւ Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակութեան անյաղթահարելի խնդիրներ ստեղծելը։

Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանութեան բանակի դիրքերի եւ զօրամասերի ուղղութեամբ ադրբեջանական նախայարձակ ագրեսիան դատապարտելու եւ Ադրբեջանի լկտի պահւածքը վերացնելու համար Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները կատարել են լայնածաւալ յարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապէս էթնիկ զտման ենթարկելն է եւ Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակութեան անյաղթահարելի խնդիրներ ստեղծելը, ինչպիսին օրինակ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողութեան հաստատման փորձն է՝ հակառակ նոյեմբերի 9-ի յայտարարութեան, որով Լաչինի միջանցքը գտնւում է բացառապէս ռուսական խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան տիրոյթում։

Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիւանագիտութեան շրջանակներում հակազդելու գործին լծւեց Հայ Դատի գրեթէ ամբողջ կառոյցը։ Առաւել մեծ ակտիւութիւն դրսեւորեցին Հայ Դատի Ամերիկայի, Եւրոպայի, Կանադայի եւ Հարաւային Ամերիկայի յանձնախմբերը, ինչպէս նաեւ Հայ Դատի Արցախի գրասենեակը։ Վերջինս Հայ Դատի միջազգային ցանցին ապահովում էր տեղում իրավիճակի զարգացումների վերաբերեալ հաւաստի տեղեկութիւններով։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անյապաղ իրազեկել է Արցախում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ՝ խնդրելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը, եւ Ադրբեջանի մասով վերանայման ենթարկել 2023թ․ համար ԱՄՆ արտաքին օժանդակութեան ֆոնդը եւ «Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտը», ինչպէս նաեւ վերականգնել 907-րդ բանաձեւի կիրարկումը։

Ադրբեջանական ագրեսիան դատապարտել եւ Պետդեպարտամենտին ու ԻՒՆԵՍԿՕ-ին Ալիեւի սանձարձակ պահւածքին վերջ տալու կոչով է հանդէս եկել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Ադրբեջանին դատապարտող յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ կոնգրեսական Ջէքի Սփեյէրը՝ ամերիկեան գործադիր իշխանութեանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին յատկացւող ամերիկեան օժանդակութիւնը։

Աւելի ուշ յայտարարութիւններով են հանդէս եկել եւ ադրբեջանական ագրեսիան խստօրէն դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջենիս Շակովսկին, Լորի Թրահանը։

Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբը ադրբեջանական յարձակումների առաջին ժամերից ինտենսիւ աշխատանքային կապ է պահել Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորների եւ Արցախեան հիմնախնդրին առնչւող ԵՄ ղեկավար այլ կառոյցների հետ։ Գրասենեակը նաեւ յայտարարութիւն է տարածել եւ Եւրոպական Միութեան ղեկավարութիւնից պահանջել՝ հրաժարւել հաւասարակշռող յայտարարութիւններից եւ իրերն իրենց անունով կոչել, Ադրբեջանին ստիպել դադարեցնել էթնիկ զտման քաղաքականութիւնն Արցախում, Ադրբեջանի կողմից իրագործւած պատերազմական յանցագործութիւններին տալ թիրախային գնահատականներ եւ կանխել Թուրքիայի ռազմական ներգրաւումը հակամարտութիւնում եւ այդ պետութեան կողմից տարածաշրջանի ապակայունացումը։

Հայ Դատի Հարաւային Ամերիկայի յանձնախումբն Արցախում ստեղծւած իրավիճակը նկարագրող գրութիւն է ուղարկել Արգենտինայի ազգային գործերի նախարարութեանը եւ խորհրդարանի բոլոր անդամներին։ Հայ Դատի Արգենտինայի, Ուրուգւայի եւ Բրազիլիայի յանձնախմբերն էլ համապատասխան գրութիւններ են հասցէագրել հարաւամերիկացի լրագրողներին եւ մարդու իրաւունքներով զբաղւող կազմակերպութիւններին։

Հայ Դատի Կանադայի յանձնախումբը յարաբերական աշխատանքներ է կատարել ինչպէս կանադական իշխանութեան օրէնսդիր, այնպէս էլ գործադիր թեւի ներկայացուցիչների հետ։ Կատարւած աշխատանքների արդիւնքները հաւանաբար տեսանելի կը լինեն առաջիկայ օրերի ընթացքում:

Հայ Դատի Յունաստանի յանձնախումբը նամակ է հասցէագրել Յունաստանում Եւրոպական Միութեան ներկայացուցչութեանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծւած իրավիճակն ու ԵՄ ղեկավարութիւնից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելով ուղղակիօրէն դատապարտել ադրբեջանական յարձակումները, վերջ տալ ոչ որոշակի խօսոյթին, դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացւող էթնիկ զտման քաղաքականութիւնն ու կանխել Արցախեան հակամարտութիւնում Թուրքիայի ռազմական ներգրաւումը։

Հայ Դատի Կիպրոսի յանձնախմբի գործողութիւնների արդիւնքում Եւրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամաւոր, ԵԽ-ում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, դիմել է Եւրոպական յանձնաժողովին՝ կոչ անելով անյապաղ եւ պարտադրողական միջոցառումներ կիրառել եւ ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։

Հայ Դատի Բելգիայի յանձնախումը օգոստոսի 4-ին նամակ է յղել երկրի արտաքին եւ եւրոպական գործերի նախարարին՝ պահանջելով անվերապահօրէն դատապարտել Ադրբեջանի յարձակումը, կոչել ագրեսորին իր անունով եւ Արցախի հիմնախնդրում ցանկացած դիրքորոշման պարագայում հաշւի առնել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի (CEPA) հիմնարար կէտերը, ինչպէս նաեւ 2020 թւականի դեկտեմբերին Բելգիայի Դաշնային խորհրդարանում միաձայն ընդունւած կարեւոր բանաձեւը։

Յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ Հայ Դատի Մերձաւոր Արեւելքի գրասենեակը` արաբական երկրների հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնը հրաւիրելով ադրբեջանական ագրեսիայի վրայ եւ նկատելով, որ կատարւածը հայութեան նկատմամբ էթնիկ զտման քաղաքականութեան շարունակութիւն է։ Հայ Դատի գրասենեակը նաեւ արաբերէնի է թարգմանել եւ արաբական լրատւամիջոցներով տարածել Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի խմբակացութիւնների՝ օգոստոսի 4-ի համատեղ յայտարարութիւնը Ադրբեջանական ագրեսիայի վերաբերեալ, որով միջազգային հանրութիւնից ակնկալւում է հասցէական յայտարարութիւններով ու կոնրետ գործողութիւններով սանձել ադրբեջանական նախայարձակ ագրեսիան։

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը յայտարարութիւն է տարածել օգոստոսի 5-ին, որով Աւստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնն է հրաւիրել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական նախայարձակ գործողութիւնների վրայ՝ մանրամասնելով դրանց բնոյթն ու հեռահար նպատակները՝ այդ թւում Հայաստանի ու Արցախի մինչեւ ցամաքային կապը խափանելու ադրբեջանական ծրագիրը։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

06.08.2022 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։