Հա

Ազգային

01/09/2022 - 13:00

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (օգոստոս, 2022 թ.)

Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանութեան բանակի դիրքերի եւ զօրամասերի ուղղութեամբ ադրբեջանական նախայարձակ ագրեսիան դատապարտելու եւ Ադրբեջանի լկտի պահւածքը չէզոքացնելու համար ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն իրականացրել են լայնածաւալ յարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակն է Արցախը շարունակաբար էթնիկ զտման ենթարկել եւ արղախահայութեան համար առաջացնել գոյութենական նշանակութեան անյաղթահարելի խնդիրներ, ինչպիսին, օրինակ, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողութեան հաստատման փորձը՝ հակառակ նոյեմբերի 9-ի յայտարարութեան, որով Լաչինի միջանցքը գտնւում է բացառապէս ռուսական խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան տիրոյթում։

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանութեան բանակի դիրքերի եւ զօրամասերի ուղղութեամբ ադրբեջանական նախայարձակ ագրեսիան դատապարտելու եւ Ադրբեջանի լկտի պահւածքը չէզոքացնելու համար ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն իրականացրել են լայնածաւալ յարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակն է Արցախը շարունակաբար էթնիկ զտման ենթարկել եւ արղախահայութեան համար առաջացնել գոյութենական նշանակութեան անյաղթահարելի խնդիրներ, ինչպիսին, օրինակ, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողութեան հաստատման փորձը՝ հակառակ նոյեմբերի 9-ի յայտարարութեան, որով Լաչինի միջանցքը գտնւում է բացառապէս ռուսական խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան տիրոյթում։ Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիւանագիտութեան շրջանակներում հակազդելու գործին լծւեց ՀՅԴ Հայ Դատի գրեթէ ամբողջ կառոյցը։ Առաւել մեծ ակտիւութիւն դրսեւորեցին Հայ Դատի Ամերիկայի, Եւրոպայի, Կանադայի եւ Հարաւային Ամերիկայի յանձնախմբերը, ինչպէս նաեւ ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակը։ Վերջինս ՀՅԴ Հայ Դատի միջազգային ցանցին ապահովում էր տեղում իրավիճակի զարգացումների վերաբերեալ հաւաստի տեղեկութիւններով։

 

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անյապաղ իրազեկել է Արցախում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը եւ Ադրբեջանի մասով վերանայել 2023թ․ համար ԱՄՆ արտաքին օժանդակութեան ֆոնդը եւ «Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտը», ինչպէս նաեւ վերականգնել 907-րդ բանաձեւի կիրարկումը։

Ադրբեջանական ագրեսիան դատապարտել եւ Պետդեպարտամենտին ու ԻՒՆԵՍԿՕ-ին Ալիեւի սանձարձակ պահւածքին վերջ տալու կոչով է հանդէս եկել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Ադրբեջանին դատապարտող յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ կոնգրեսական Ջէքի Սփիէրը՝ ամերիկեան գործադիր իշխանութեանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին յատկացւող ամերիկեան օժանդակութիւնը։

Աւելի ուշ յայտարարութիւններով են հանդէս եկել եւ ադրբեջանական ագրեսիան խստօրէն դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջենիս Շակովսկին, Լորի Թրահանը։

Օգոստոսի երկրորդ կէսին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով հետաքննութիւն անցկացնել Բայդէնի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնութիւն չտրամադրելու վերաբերեալ, քանի որ վերջինս ենթարկւում է ագրեսիայի եւ էթնիկ զտումների, ինչպէս նաեւ ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասութիւն։

Յղում անելով «Արցախի հայերին սովամահ տեսնելու Ադրբեջանի կառավարութեան մտադրութիւնը»՝ Համբարեանն ընդգծել է․ «ամերիկեան վարչակազմն Արցախում ապրող հայ ընտանիքներին մարդասիրական օգնութիւն գրեթէ չի ուղարկել»։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահը նաեւ նկատել է․ «Ամերիկան չպէտք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչութեան էթնիկ զտմանը»։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գրութեամբ ամերիկեան օրէնսդիրներից պահանջւում է, պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի եւ Միջազգային զարգացման ամերիկեան գործակալութեան ղեկավար Սամանթա Փաուէրի միջոցով, Բայդէնի վարչակազմից տեղեկանալ թէ հումանիտար ի՞նչ բնոյթի միջոցառումներ է վարչակազմն իրականացրել Արցախի համար եւ ի՞նչ է պատրաստւում իրականացնել։

Րաֆֆի Համբարեանի նամակին յաջորդել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից իրականացւած համայնքային մոբիլիզացիան, ինչի արդիւնքում` յանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարաւորութիւններով, Ամերիկայի հայ համայնքի աւելի քան 100․000 ակտիւիստներ, ԱՄՆ  ողջ տարածքից, նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրւած կոնգրեսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին եւ պահանջելով անյապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնութիւնն Ալիեւի ռեժիմին։ Ուղարկւած նամակների մէջ հայկական ծագումով ԱՄՆ քաղաքացիները հարց են բարձրացրել․ «Ինչու՞ էք իմ տւած հարկային դոլարներն ուղարկում նաւթով հարուստ ադրբեջանցի զինւորականներին, որոնք քրիստոնեայ հայերի էթնիկ զտում են իրականացնում վերջիններիս բնիկ հայրենիքում՝ Արցախում»։

Շարունակելով Ադրբեջանին ամերիկեան օժանդակութիւնից զրկելու պայքարի աշխատանքները՝ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը եւ Դինա Թիթուսը նոր գործընթաց են սկսել Արցախին ամերիկեան օժանդակութիւն ապահովելու համար՝ խնդրելով օրէնսդիրներին ստորագրել պետքարտուղար Էնթոնի Բլինքէնին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) ղեկավար Սամանթա Փաուէրին ուղղւած կոնգրեսական նամակը, որով վերջիններիս կոչ է արւում «անյապաղ քայլեր ձեռնարկել Արցախում վտանգի տակ գտնւող հայ բնակչութեանը նշանակալի օժանդակութիւն յատկացնելու համար»։

Կոնգրեսականներին ուղղւած նամակում Փալոնն ու Թիթուսը ընդգծել են՝ մինչեւ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն ընդամէնը 5 միլիոն դոլար է յատկացրել Արցախից տեղահանւածների օժանդակութեանը, ովքեր ներկայումս գտնւում են Հայաստանում։ Կոնգրեսականները գումարի այդ չափը բաւարար չեն համարել հումանիտար ճգնաժամը լուծելու համար եւ մտահոգութիւն են յայտնել, որ Արցախի բնակչութիւնն առհասարակ այդ օգնութիւնը չի ստացել: Նամակով պետքարտուղար Էնթոնի Բլինքէնին եւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուէրին կոչ է արւում աւելացնել Արցախի ժողովրդին տրամադրւող անմիջական օգնութիւնը, խթանել Բայդէնի վարչակազմի ջանքերն Արցախին անմիջականօրէն աջակցելու ուղղութեամբ, իրականացնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերեալ կարիքների գնահատում։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջէքի Սփիէրը եւ Ներկայացուցիչների պալատի հետախուզութեան յանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն արդէն իսկ յայտարարել են այս նախաձեռնութեանն իրենց զօրակցութեան մասին։ Հայ Դատի յանձնախումբն աշխատանքներ է տանում հնարաւորինս շատ կոնգրեսականների ստորագրութիւն ապահովելու համար։

Հայ Դատի Ամերիկայի  յանձնախումբը եւ Յունա-ամերիկեան առաջնորդութեան խորհուրդը տեւական շրջան է, ինչ համախմբել են ջանքերը՝ կանխելու Էրդողանի մտերիմ եւ Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի Մեհմետ Օզի ընտրութիւնն իբրեւ Ամերիկեան Սենատի՝ Փենսիլւանիան ներկայացնող անդամ։ Համայնքային կազմակերպութիւնների կողմից պատրաստւած եւ Օզի իրական դէմքը մերկացնող հոլովակը սոցիալական ցանցերում կարճ ժամկէտում ապահովել է աւելի քան մէկ ու կէս միլիոն դիտում։

Օգոստոսի վերջին օրերին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբին համերաշխութիւն է յայտնել «Ի պաշտպանութիւն քրիստոնեաների» կազմակերպութիւնը, քննադատել ադրբեջանական էթնիկ զտումները Բերձորում եւ կոչ արել ԱՄՆ վարչակարգին վերջ տալ Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութեանը:

 

Կանադա

Արցախում արձանագրւած ադրբեջանական հերթական ագրեսիայից յետոյ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը յարաբերական աշխատանքներ է կատարել ինչպէս կանադական իշխանութեան օրէնսդիր, այնպէս էլ գործադիր թեւի ներկայացուցիչների հետ։

Աւելի ուշ, օգոստոսի 11-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Եիփի եւ Հան Դոնգի ուղեկցութեամբ այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանօթացել հայ համայնքի առօրեայ կեանքին եւ հոգեւոր-կրթական կառոյցների գործունէութեանը։ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտօնում, սա առաջին այցելութիւնն էր հայ համայնքին։ Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի է ունեցել նաեւ առանձնազրոյց Կանադայի արտաքին գործերի նախարարի եւ ՀՅԴ Հայ Դատի տեղական ու շրջանային յանձնախմբերի ներկայացուցիչների միջեւ։ Հանդիպման ընթացքում ծաւալուն անդրադարձ է կատարւել Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրւանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Կանադայի դեսպանութեան հիմնդրութեան աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակութեանը, ինչպէս նաեւ Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունէութեանը։

Հայ Դատի Կանադայի յանձնախմբի անդամները, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Րաֆֆի Տօնապետեանի ներկայութեամբ, օգոստոսի 17-ին ընդունել են Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցութեան ղեկավարի թեկնածու Պիէր Փոլիւէրին եւ Կանադայի Սենատի անդամ Լէօ Հուսաքուսին։ Հանդիպման ընթացքում Հայ Դատի Կանադայի յանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշեանը ներկայացրել է կանադահայ համայնքին յուզող մի շարք խնդիրներ, Հայաստանին ու Արցախին առնչւող քաղաքական առաջնահերթութիւններ։ Իր հերթին, Պիէր Փոլիւէրը ներկայացրել է իբրեւ թեկնածու իր քաղաքական ուղեգիծն ու առաջիկայ ծրագրերը։

 

Եւրոպա

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբն ադրբեջանական յարձակումների առաջին ժամերից ինտենսիւ աշխատանքային կապ է պահել Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորների եւ Արցախեան հիմնախնդրին առնչւող ԵՄ ղեկավար կառոյցների հետ։ Գրասենեակը նաեւ յայտարարութիւն է տարածել եւ Եւրոպական Միութեան ղեկավարութիւնից պահանջել՝ հրաժարւել հաւասարակշռող յայտարարութիւններից եւ իրերն իրենց անունով կոչել, Ադրբեջանին ստիպել դադարեցնել էթնիկ զտման քաղաքականութիւնն Արցախում, Ադրբեջանի կողմից իրագործւած պատերազմական յանցագործութիւններին տալ թիրախային գնահատականներ եւ կանխել Թուրքիայի ռազմական ներգրաւումը հակամարտութիւնում եւ այդ պետութեան կողմից տարածաշրջանի ապակայունացումը։

Օգոստոսի սկզբին Հայաստանի իշխանութիւնների հանդէպ քննադատական յայտարարութիւններով են հանդէս եկել ինչպէս ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը, այնպէս էլ ՀՅԴ Հայ Դատի Նիդերլանդների յանձնախումբը՝ վերջինիս ատենապետ Մասիս Բաղդասարեանի մուտքը Հայաստան ապօրինի խոչընդոտելու կապակցութեամբ։ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը նկատել է, որ համայնքային ակտիւ գործունէութեամբ զբաղւող սփիւռքահայերին հայրենիք մուտք գործելն արգելելով՝ ՀՀ իշխանութիւնները բացայայտ խտրականութիւն են դրսեւորում իրենց քաղաքականութիւնը չկիսող եւ դրան ընդդիմացող անձանց նկատմամբ։

 

Մեծ Բրիտանիա

Օգոստոս ամսւայ ընթացքում Մեծ Բրիտանիայում հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից կարեւոր քայլ էր մեր ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից շրջանառութեան մէջ դրւած բազմակուսակցական գրութիւնը՝ ուղղւած Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղար Լիզ Թրասին։ Գրութիւնը հանգամանօրէն ներկայացնում է Արցախում ստեղծւած ծանր իրավիճակը, անդրադառնում ադրբեջանական յարձակումներին, վտանգաւոր հռետորաբանութեանը, գերիների հանդէպ վատ վերաբերմունքին, ադրբեջանական ամենաթողութեանը, Լաչինի հումանիտար միջանցքին եւ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացմանը։

Օգոստոսի 5-ի դրութեամբ գրութիւնը ստորագրել էին 13 խորհրդարանականներ, այդ թւում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Թիմ Լոթնը։ Օգոստոսի վերջին եւս 5 խորհրդարանականներ էին միացել այդ գրութեանը։

 

Յունաստան

ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախումբը նամակ է հասցէագրել Յունաստանում Եւրոպական Միութեան ներկայացուցչութեանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծւած իրավիճակն ու ԵՄ ղեկավարութիւնից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելով ուղղակիօրէն դատապարտել ադրբեջանական յարձակումները, դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացւող էթնիկ զտման քաղաքականութիւնն ու կանխել Արցախեան հակամարտութիւնում Թուրքիայի ռազմական ներգրաւումը։

 

Կիպրոս

ՀՅԴ Հայ Դատի Կիպրոսի յանձնախմբի գործողութիւնների արդիւնքում Եւրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամաւոր, ԵԽ-ում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, դիմել է Եւրոպական յանձնաժողովին՝ կոչ անելով անյապաղ եւ պարտադրողական միջոցառումներ կիրառել եւ ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։

 

Բելգիա

ՀՅԴ Հայ Դատի Բելգիայի յանձնախումը օգոստոսի 4-ին նամակ է յղել երկրի արտաքին եւ եւրոպական գործերի նախարարին՝ պահանջելով անվերապահօրէն դատապարտել Ադրբեջանի յարձակումը, կոչել ագրեսորին իր անունով եւ Արցախի հիմնախնդրում ցանկացած դիրքորոշման պարագայում հաշւի առնել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի (CEPA) հիմնարար կէտերը, ինչպէս նաեւ  2020 թւականի դեկտեմբերին Բելգիայի Դաշնային խորհրդարանում միաձայն ընդունւած կարեւոր բանաձեւը։

 

Աւստրալիա

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը յայտարարութիւն է տարածել օգոստոսի 5-ին, որով Աւստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնն է հրաւիրել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական նախայարձակ գործողութիւնների վրայ՝ մանրամասնելով դրանց բնոյթն ու հեռահար նպատակները՝ այդ թւում Հայաստանի ու Արցախի մինչեւ ցամաքային կապը խափանելու ադրբեջանական ծրագիրը։

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում` Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Աւստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը հեմատեղ ստորագրել են Նոր Հարաւային Ուելսի օրէնսդրական համագումարի խօսնակ Ջոնաթան Օդեան եւ  օրէնսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահն է։

Նամակում մասնաւորապէս անդրադարձ է կատարւում քաղաքացիական բնակավայրերի ուղղութեամբ ադրբեջանական վերջին յարձակումներին եւ 2020թ․ նոյեմբերին ձեւաւորւած շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը յանգեցրել է զոհերի ու վիրաւորումների եւ խախտել մարդու մի շարք հիմնարար իրաւունքներ։ Նամակը ստորագրած խորհրդարանականներն աւստրալիական կառավարութիւնից պահանջել են հրապարակայնօրէն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը օգոստոսի 22-ին ողջունել է աւստրալիական Վիլբի  քաղաքի քաղաքային խորհրդի միանձնեայ որոշումը՝ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու վերաբերեալ։ Որոշման նախագիծը ներկայացւել է քաղաքային խորհրդի աւստրալահայ անդամ Սարգիս Մուրադեանի կողմից եւ երկրորդւել խորհրդի անդամ Բրենդոն Ժուի կողմից։ Վիլբի քաղաքն ունի հայկական մեծ եւ աշխոյժ համայնք։ Քաղաքի խորհուրդը Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքի իրացումը պաշտօնապէս ճանաչել էր 2020թ․ պատերազմի ընթացքում։

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը, աւստրալիահայ գաղութի անունից, օգոստոսի 31-ին, բողոքի նամակ է ուղարկել Աւստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարութեանը՝ Շուշիում կազմակեպւած խորհրդաժողովին Բաքւում Աւստրալիայի դեսպանի մասնակցութեան համար։ Հայ Դատի յանձնախումբը նամակում, ի թիւս այլնի, նշել է, որ խիստ անընդունելի է  աւստրալիացի դիւանագէտի այցը էթնիկ զտման ենթարկւած Շուշի քաղաք, յատկապէս այն դէպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետութիւններից երկուսի դեսպանները մերժել էին այցելել Շուշի։ Նաեւ անընդունելի է համարւել այն, որ աւստրալիացի հարկատուների միջոցներով պահւող դիւանագիտական համակարգի ներկայացուցիչն այցելում է բռնապետական ու հակաժողովրդավարական վարչակազմի կողմից կազմակերպւած միջոցառմանը։

 

Հարաւային Ամերիկա

ՀՅԴ Հայ Դատի Հարաւային Ամերիկայի յանձնախումբն Արցախում ստեղծւած իրավիճակը նկարագրող գրութիւն է ուղարկել Արգենտինայի ազգային գործերի նախարարութեանը եւ խորհրդարանի բոլոր անդամներին։ ՀՅԴ Հայ Դատի Արգենտինայի, Ուրուգւայի եւ Բրազիլիայի յանձնախմբերն էլ համապատասխան գրութիւններ են հասցէագրել հարաւամերիկացի լրագրողներին եւ մարդու իրաւունքներով զբաղւող կազմակերպութիւններին։

 

Մերձաւոր Արեւելք

Օգոստոսի սկզբի իրադարձութիւնների առիթով յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ ՀՅԴ Հայ Դատի Մերձաւոր Արեւելքի գրասենեակը` արաբական երկրների հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնը հրաւիրելով ադրբեջանական ագրեսիայի վրայ եւ նկատելով, որ կատարւածը հայութեան նկատմամբ էթնիկ զտման քաղաքականութեան շարունակութիւն է։ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակը նաեւ արաբերէնով թարգմանել եւ արաբական լրատւամիջոցներով տարածել Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի խմբակացութիւնների՝ օգոստոսի 4-ի համատեղ յայտարարութիւնը ադրբեջանական ագրեսիայի վերաբերեալ, որով միջազգային հանրութիւնից ակնկալւում է հասցէական յայտարարութիւններով ու կոնրետ գործողութիւններով սանձել ադրբեջանական նախայարձակ ագրեսիան։

 

Լիբանան

ՀՅԴ Հայ Դատի Լիբանանի յանձնախումբը օգոստոս ամսին նամակներ է յղել Բէյրութում հաւատարմագրւած Կիպրոսի, Հնդկաստանի եւ Եգիպտոսի դեսպաններին։ Յանձնախումբը մի դէպքում խստօրէն քննադատել է օգոստոսի 9-ին Քոնիայում Իլհամ Ալիեւի եւ Հիւսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետութեան ղեկավար Էրսին Թաթարի հանդիպումը, ինչն, ըստ էութեան,  Ադրբեջանի կողմից Հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութեան ճանաչման դրսեւորում է։ Միւս նամակը յանձնախումբն օգոստոսի 15-ին հասցէագրել է Լիբանանում Հնդկաստանի դեսպանին՝ շնորհաւորելով Հնդկաստանի  անկախութեան 75-ամեակի առթիւ՝ ցուցելով ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրացման կարեւորութիւնը։  

Բէյրութիւմ Եգիպտոսի դեսպանին ուղարկւած նամակով՝ յանձնախումբը խորին ցաւակցութիւն է յայտնել Եգիպտոսում ղպտիական մզկիթի հրդեհի, դրան զոհ գնացած մարդկանց եւ վիրաւորների համար։

 

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

01.09.2022 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։