Հա

Ազգային

18/09/2022 - 14:05

Խաղաղութիւն

Չեմ կարծում աշխարհում որեւէ բանականութիւն ունեցող անձ գտնւի, որ կողմնակից չլինի խաղաղութեան եւ պաշտպան՝ պատերազմի, բացի հոգեկան խելագարներից, որոնց հիւանդագին ուղեղներից է ծագում մարդասպան եւ հայրենակործան պատերազմները։

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Չեմ կարծում աշխարհում որեւէ բանականութիւն ունեցող անձ գտնւի, որ կողմնակից չլինի խաղաղութեան եւ պաշտպան՝ պատերազմի, բացի հոգեկան խելագարներից, որոնց հիւանդագին ուղեղներից է ծագում մարդասպան եւ հայրենակործան պատերազմները։

Քրիստոնէութեան վարդապետութիւնը հիմնւած է սիրոյ եւ խաղաղութեան սկզբունքի վրայ եւ առ այդ եկեղեցական աղօթքներում, ի մասնաւորի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիներում, հոգեւոր հայրերը յանուն հաւատացեալների խնդրում են, որ Տէրը տայ «աշխարհին խաղաղութիւն» եւ պատարագի վերջաւորութեան, պատարագիչ քահանան հաւատացեալներին ասում է. «երթայք խաղաղութեամբ», իսկ Ազգերի Միաւորւած կազմակերպութիւնն էլ հիմնւել է, իբր թէ աշխարհում խաղաղութիւն հաստատելու համար, որն դժբախտաբար ցայսօր, չի յաջողել ի կատար ածել։

Ազգերը զարգանում եւ բազմապիսի ստեղծագործութիւններ են կատարում՝ ազատութեան եւ խաղաղութեան պայմաններում միայն, ոչ թէ գերութեան եւ պատերազմական, որից բացառութիւն չի կազմում նաեւ հայ ժողովուրդը, հետեւաբար հայը, որի նկատմամբ պատմութիւնը այնքան դաժան եւ անարդար է գտնւել, իրեն վերագտնելու եւ իր կորցրած արժէքները վերականգնելու համար, այն եզակի ազգերից է, որն առաւել կարիք ունի խսղաղութեան եւ անդորր կեանքի, իսկ եթէ որեւէ խաղաղութեան ու բարեկամութեան դաշինք պիտի կնքւի ի գին մեր ինքնիշխան պետութեան փլուզման եւ կործանման, պարտաւոր ենք բոլոր միջոցներով պայքարել նման դաշինքի կնքման դէմ։

Խաղաղութիւն է կնքւում նախ պատերազմի հրադադարից յետոյ, պատերազմող կողմերի միջեւ, որի դէպքում յաղթողը միշտ իր կամքն է պարտադրում պարտւողին եւ կամ՝ երկու երկրների բարի կամեցողութեամբ, որի դէպքում բանակցութիւնը ընթանում է բարեացակամօրէն եւ հաւասար սկզբունքների հիման վրայ։

Արդ, մեր ուսապարկային վարչախումբը իր բռնապետիկի գլխաւորութեամբ, որ յաւակնում է «խաղաղութեան դարաշրջան» կերտել, 44-օրեայ պատերազմին խայտառակ պարտութիւն կրելուց յետոյ, արդէն կնքել են նոյեմբեր 9-ի ազգավնաս ու հայրենակործան յայտարարութիւնը եւ այժմ էլ ցանկանում են ադրբեջանի հետ որպէս բարեկամի, խաղաղութեան ու բարեկամութեան պայմանագիր կնքել։

Արդեօք բռնակալ ալիեւն, իրապէս հայութեան անկեղծ բարեկա՞մ է, ոչ եւ հազար անգամ ոչ. նա հայ ժողովրդի ոչ թէ բարեկամն է՝ այլ ոխերիմ թշնամին, քանզի նա.-

ա- Կանոնաւորապէս հայատեացութեան եւ թշնամանքի քարոզչութիւն է կատարում իր ժողովրդի մօտ:

բ- Ըստ նոյեմբեր 9-ի պայմանագրի, մեր գերիներին անյապաղ ազատ արձակելու փոխարէն պատանդ է պահել։

գ- Ամենուրէք Վանդալիզմի է ենթարկում հայ ժողովրդին պատկանող պատմական կոթողները։

դ- Դարձեալ, ըստ նոյն պայմանագրի, ստորագրումից յետոյ, կողմերի բանակները պէտք է մնային իրենց գտնւած վայրում, սակալն ադրբեջանը խախտելով պայմանագրի համապատասխան կէտը, ներխուժել է ինքնիշխան Հայաստանի տարածք եւ գրաւել մի շարք բնակավայրեր եւ տարածքներ։

ե- Փաշինեանի լռիկ-մնջիկ համաձայնութեամբ, գրաւել է Խորհրդային Հայաստանի կողմից կառուցւած եւ 1964 թ.-ից ի վեր, Հայաստանի կողմից օգտագործւած եւ Հայաստանին պատկանող, Կապան-Գորիս 20- կմ. աւտոճանապարհը։

զ- Մերժում է Արցախի ինքնորոշման անկապտելի իրաւունքը եւ ձգտում է սեփականացնել եւ հայաթափել, հայ ժողովրդի քաջարի զաւակների արեան գնով ազատագրւած եւ անկախացած Արցախը, արդէն իսկ Նիկոլի օրհնութեամբ, հայաթափւել է Արցախին մաս կազմող Աղաւնոն, Բերձորը եւ Սուսն։

է- Ներկայիս Հայաստանին եւ Արցախին պատկանող 185 քաղաք եւ գիւղ, ինչպէս նաեւ շուրջ 8000 կմ. 2 տարածք եւ Սեւ լճից մի կարեւոր հատւած գտնւում են ադրբեջանի տիրապետութեան ներքոյ։

Եւ այս ամենից յետոյ մեր «պատւական, չնաշխարհիկ եւ խելացի» իշխանիկները անիմաստ ջանացողութեամբ, փորձում են նման մի թշնամի պետութեան հետ բարեկամութեան եւ խաղաղութեան դաշինք կնքել: «Ողբամ զքեզ ազգ իմ թանկագին, որ թագաւորդ մանուկ է»...

Իսկ ըստ թուրքագէտ պրոֆեսոր՝ Ռուբէն Մելքոնեանի, «Հայ-թուրքական բարեկամութիւն երբեւէ չի եղել եւ չկայ»։

 

Երեւան

12.9.2022 թ. 

 

Յարակից լուրեր

  • Հայկական գագաթաժողով թէ՞․․․․
    Հայկական գագաթաժողով թէ՞․․․․

    Ըստ Հայաստանի Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի յայտարարութեան՝ նոյն գրասենեակի կազմակերպութեամբ, 2022 թ.-ի, հոկտեմբերի 28-31-ին, Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթաժողով, որն որպէս նոր ձեւաչափ եւ դինամիկ հարթակ, պիտ ծառայի Սփիւռքի ներկայացուցիչների եւ տեղացի գործընկերների համար, քննելու համընդհանուր նշանակութեան մարտահրաւէրներն ու խնդիրները։

  • Հայաթափում
    Հայաթափում

    Ամէն անգամ, երբ մամուլից, հեռուստացոյցից եւ կամ համացանցից որեւէ լուր եմ լսում Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայ ընտանիքների անդամների արտասւաթոր եւ թախծալի դէմքով իրենց հարազատ տուն ու տեղը լքելու մասին, միտքս մթագնում, սիրտս թրթռում եւ հոգիս այլալյւում է: Ախր որերորդ անգամւայ համար, միջազգային հանրութեան եւ մեր ժողովրդի աչքի առաջ, հայ մարդը իր ընտանիքով պիտի բնաւեր դառնայ եւ կրկին ու կրկին պանդխտութեան ցուպը ձեռք առած՝ աստանդական կեանք վարի։

  • Ի պատասխան արսէնթորոսեաններին
    Ի պատասխան արսէնթորոսեաններին

    Արսէն Թորոսեանն եւ իր նմանները, հայ իրականութիւններից կտրւած ու անտեղեակ, չսովորելու եւ չզարգանալու յետադէմ մտայնութեամբ, որոնք բախտի բերմամբ թէ պատահմամբ անարժանօրէն հասել են որոշ դիրքերի, իրենց հակադաշնակցական մոլուցքով ու մոլեռանդութեամբ, առ յաւէտ պիտի մնան տգիտութեան խաւարի մէջ։

  • Այլամերժութիւն
    Այլամերժութիւն

    Անկախութիւնը որ ժողովրդներին ազատագրում է օտարի լծից, տնտեսական եւ քաղաքական ազատութիւն է պարգեւում, ազգային ազատ ինքնորոշման իրաւունք է ապահովում, զերծ է կացուցում տնտեսական շահագործումից եւ կեղեքումից, ազատ ստեղծագործելու եւ ազատ ապահով կեանք է երաշխաւորում ու այլ ժողովրդների հետ հաւասար իրաւունքների պայմաններ հաստատում, բոլորն էլ թէ մարդկութեան եւ թէ ազգերի անկապտելի իրաւունքներն են որից բացառութիւն չի կազմում նաեւ հայ ժողովուրդը։

  • Ադրբեջանի պահանջներին ի պատասխան
    Ադրբեջանի պահանջներին ի պատասխան

    Հայրենիք նշանակում է հարազատ պատմական տարածք եւ համախմբւած ժողովուրդ, որ դարերի ընթացքում կերտել է լեզու, մշակոյթ, աւանդութիւն եւ պետութիւն, այդ տարածքի եւ ժողովրդի անվտանգութեան եւ պաշտպանութեան գլխաւոր պատասխանատուն եւ երաշխաւորը պետութիւնն է: Ցաւօք սրտի, մեր այսօրւայ հայրենի իշխանաւորները, ոչ միայն չեն պաշտպանում հայրենի տարածքներն ու ժողովրդի անվտանգութիւնը, այլ տեղիք են տալիս մեր դարաւոր հայատեաց թշնամիների անօրինական պահանջներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։