Հա

Ազգային

28/09/2022 - 13:20

Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկող եւ պատժամիջոցներ նախատեսող բանանձեւ է ներկայացւել նաեւ ԱՄՆ Սենատում

ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ նոյն յանձնաժողովի անդամ Մարկօ Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդէս են եկել երկկուսակցական օրէնսդրական նախաձեռնութեամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է արւում անյապաղ դադարեցնել ամերիկեան անվտանգային աջակցութիւնն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական յանցագործութիւնների համար։ 

ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ նոյն յանձնաժողովի անդամ Մարկօ Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդէս են եկել երկկուսակցական օրէնսդրական նախաձեռնութեամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է արւում անյապաղ դադարեցնել ամերիկեան անվտանգային աջակցութիւնն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական յանցագործութիւնների համար։ Բանաձեւով համերաշխութիւն է յայտնւում ՀՀ տարածքային ամբողջականութեանը, ինչպէս նաեւ կոչ է արւում մեծացնել Հայաստանին եւ Արցախին տրամադրւող ամերիկեան օժանդակութիւնը։

Ներկայացւած բանաձեւի նախագծի առիթով Ռոբերտ Մենենդեսը նկատել է․ «Ադրբեջանի վերսկսած յարձակումը հայկական տարածքների եւ քաղաքացիական ենթակառուցւածքների վրայ կոպիտ թիրախաւորումը մարդկային կեանքի հանդէպ արհամարհանքի սարսափելի ցուցադրութիւն է։ Քանի որ տարածաշրջանի համայնքները, ներառեալ Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը եւ Ճակատէնը տառապում են Ալիեւի վարչակարգից, ԱՄՆ-ն պէտք է աջակցութեան խօսքերը որոշակիացնի Հայաստանի ժողովրդի համար արւող գործողութիւններով: Այս բանաձեւով մենք հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարութեան համար ազգային անվտանգութեան հրամայական է անել ճիշտը եւ մէկընդմիշտ դադարեցնել անվտանգութեան ապահովման աջակցութիւնն Ադրբեջանին»:

Իր հերթին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Մենք ողջունում ենք յանձնաժողովի նախագահ Մենենդեսի եւ սենատոր Ռուբիոյի վճռական ջանքերը՝ կիրառելու «907-րդ բանաձեւը», որը դադարեցնում է ԱՄՆ ռազմական օգնութիւնը Ադրբեջանին՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից ինքնիշխան Հայաստանի եւ Արցախի տարածքների շարունակական օկուպացման: Ամերիկեան «արհեստական հաւասարութեան» քաղաքականութիւնը միայն քաջալերել է նախագահ Ալիեւին ընդլայնել իր յարձակումները Հայաստանի եւ Արցախի դէմ։ Վաղուց ժամանակն է դադարեցնել անվտանգութեան ոլորտում Ադրբեջանին տրամադրւող օգնութիւնը եւ պատժել Ալիեւին եւ նրա կոռումպացւած կառավարութեանը»։

ԱՄՆ Սենատում Ռոբերտ Մենենդեսի եւ Մարկօ Ռուբիոյի ներկայացրած բանաձեւով, փաստօրէն, Ադրբեջանին ամերիկեան անվտանգային օժանդակութիւնից զրկելու, պատժամիջոցների կիրառման, ինչպէս նաեւ հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից կարեւոր այլ հարցեր մտնում են նաեւ ԱՄՆ Սենատի օրակարգ։ Աւելի վաղ իրենց բանաձեւերի նախագծերով այդ հարցերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգ էին մտցրել կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիէրը։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը բազմաբնոյթ աշխատանքներ է իրականացնում՝ ապահովելու համար ներկայացւած երեք նախագծերի ընդունումը։

Բանաձեւի նախագծի տեքստը հասանելի է հետեւեալ յղումով:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

28.09.2022 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։