ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Չաւուշօղլուի յայտարարութեանը, որով նա կոչ է արել Ֆրանսիայում ապրող թուրքերին պայքարել տեղի հայկական համայնքի դէմ։
«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Չաւուշօղլուի յայտարարութեանը, որով նա կոչ է արել Ֆրանսիայում ապրող թուրքերին պայքարել տեղի հայկական համայնքի դէմ։
Օտար երկրներում թուրք պաշտօնեաների, այդ թւում արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի յայտարարութիւններով պէտք է զբաղւեն այդ երկրների անվտանգութեան ծառայութիւնները, որովհետեւ կոնկրետ այս դէպքում Չաւուշօղլուի կոչը միջամտութիւն է սուվերն երկրի` Ֆրանսիայի ներքին գործերին։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխաւոր հիւպատոսութիւնում հոկտեմբերի 9-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայկական սփիւռքին` նշելով, որ վերջինս դէմ է Թուրքիայի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների կարգաւորմանը։ Չաւուշօղլուն կոչ է արել ֆրանսաբնակ թուրքերին աւելի կազմակերպւած կերպով իրենց ձայնը բարձրացնել հայկական սփիւռքի դէմ։
«Ի տարբերութիւն հայկական սփիւռքի` Ֆրանսիայի թուրքական համայնքն ուղղորդւում է Թուրքիայի կողմից, կազմակերպւում պաշտօնական Անկարայի միջոցով։ Թուրքիան հսկայական միջոցներ է ծախսում արտասահանում գործող թուրքական կառոյցներն ուժեղացնելու համար, մինչդեռ հայկական սփիւռքի պարագայում մենք գործ ունենք համայնքային կազմակերպութիւնների հետ, որոնց անդամները Ֆրանսիայի լիիրաւ քաղաքացիներն են եւ ուղղակի աշխատում են իրենց ազգային պահանջները բաւարարելու ուղղութեամբ»,- նշեց Ղուկասեանը։
Նրա խօսքով` թուրքական իշխանութիւնների նմանօրինակ յայտարարութիւնները նորութիւն չեն։ Նա յիշեցրեց, որ մէկ տարի առաջ Թուրքիայի անվտանգութեան խորհուրդը վեց ժամանոց նիստ անցկացրեց, որի կարեւորագոյն օրակարգային հարցերից մէկը հայկական սփիւռքին հակազդելն էր։
«Ի դէմս հայկական սփիւռքի` մենք գործ ունենք միջազգային քաղաքական գործօնի հետ, որը թուրքական պետութեան կոկորդին ոսկոր է դարձել Հայաստանի նկատմամբ իր ծաւալապաշտական նկրտումները բաւարարելու ճանապարհին։ Դրանով է պայմանաւորւած այն թշնամական վերաբերմունքը, որն ունեն Թուրքիայի ղեկավարները հայկական սփիւռքի նկատմամբ, քանզի վերջինս իր լոբբինգի գործիքակազմով եւ կազմակերպական ցանցի միջոցով սպասարկում է հայկական ազգային օրակարգը, ինչը հակառակւում է Թուրքիայի պետական շահերին»,- ասաց մեր զրուցակիցը։
Ղուկասեանը կարծում է, որ Հայաստանի գործող իշխանութիւնն իր քայլերով, ցաւօք, տուրք է տալիս հայկական սփիւռքի նկատմամբ թուրքական քննադատութեանը, այդ իսկ պատճառով Հայաստանի եւ հայկական սփիւռքի յարաբերութիւններն այժմ լաւ վիճակում չեն։ Վերաբերմունքն ադեկւատ չէ գոնէ սփիւռքի այն հատւածի հանդէպ, որն իր քաղաքական գործունէութեամբ եւ էթնիկ լոբբինգով պաշտպանում է Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների պետական շահը, հետեւաբար հայկական սփիւռքի հանդէպ պաշտօնական Երեւանից ցուցաբերւող ներկայիս մօտեցումը թուլացնում է սփիւռքը։