Հա

Ազգային

15/10/2022 - 10:20

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ. ամփոփագիր

Սեպտեմբերի կէսերին Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից յետոյ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն աւելի ուժեղացրեց աշխատանքները՝ Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու եւ այդ երկրին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը դադարեցնելու ուղղութեամբ։

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր

(սեպտեմբերի 20-հոկտեմբերի 14, 2022 թ.)

 

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Սեպտեմբերի կէսերին Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից յետոյ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն աւելի ուժեղացրեց աշխատանքները՝ Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու եւ այդ երկրին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը դադարեցնելու ուղղութեամբ։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հրաւէրով, սեպտեմբերի երկրորդ կէսին Վաշինգտոնում գտնւող Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը սեպտեմբերի 20-ին ելոյթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում՝ Արցախի անկախութեանը նւիրւած ձեռնարկի շրջանակներում։ Ձեռնարկը կազմակերպւել էր Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցաբար։ Բաբայեանից բացի ելոյթներ են ունեցել եւ հայ ժողովրդին զօրակցութիւն յայտնել կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնը եւ Դաւիթ Սիսիլինին։

ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին յարձակումները, նախագահ Բայդէնի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկեան անվտանգային բնոյթի օժանդակութիւնն Ադրբեջանին եւ առհասարակ վերանայել այդ երկրին յատկացւող օժանդակութիւնը։

Սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքէնին հասցէագրւած բաւական խիստ նամակում Մենենդէսը նշել է, որ ԱՄՆ-ն չպէտք է դերակատարում ունենայ աւտորիտար բռնութիւններին աջակցելու գործում, եւ որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են 907-րդ բանաձեւի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղութեամբ։ 907-րդ բանաձեւի կիրարկումից նախագահական հրաժարման օրէնսդրական հնարաւորութեան վերացումն ուղղակիօրէն ենթադրում է Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցում։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի գլխաւորած կոնգրեսական պատւիրակութեան Հայաստան կատարած այցից մէկ շաբաթ անց, պատւիրակութեան մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիէրը սեպտեմբերի վերջին հանդէս է եկել ադրբեջանական պատերազմական յանցագործութիւնները ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Արցախում դատապարտող օրէնսդրական նախաձեռնութեամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ եւ դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննութիւններ անցկացնելու համար։

Իր այս մտադրութեան մասին Սփիէրն առաջին անգամ հրապարակայնօրէն յայտարարել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի դաշնային սեմինարի աշխատանքների շրջանակում՝ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբայեանի եւ Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, սպորտի եւ մշակոյթի փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեանի հետ հանդիպման ընթացքում։ Պատերազմական յանցագործութիւնների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի, բանաձեւը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկութեան փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների եւ պատմական յուշարձանների ոչնչացումը եւ համերաշխութիւն յայտնում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների տարածքային ամբողջականութեանը։ Կոնգրեսական Սփիէրին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը եւ կոնգրեսական Աննա Էշուն:

Ռոբերտ Մենենդէսը եւ նոյն յանձնաժողովի անդամ Մարկօ Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդէս են եկել երկկուսակցական օրէնսդրական նախաձեռնութեամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է արւում անյապաղ դադարեցնել ամերիկեան անվտանգային աջակցութիւնն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական յանցագործութիւնների համար։ Բանաձեւով համերաշխութիւն է յայտնւում ՀՀ տարածքային ամբողջականութեանը, ինչպէս նաեւ կոչ է արւում մեծացնել Հայաստանին եւ Արցախին տրամադրւող ամերիկեան օժանդակութիւնը։

ԱՄՆ Սենատում Ռոբերտ Մենենդէսի եւ Մարկօ Ռուբիոյի ներկայացրած բանաձեւով, փաստօրէն, Ադրբեջանին ամերիկեան անվտանգային օժանդակութիւնից զրկելու, պատժամիջոցների կիրառման, ինչպէս նաեւ հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից կարեւոր այլ հարցեր մտնում են նաեւ ԱՄՆ Սենատի օրակարգ։ Աւելի վաղ իրենց բանաձեւերի նախագծերով այդ հարցերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգ էին մտցրել կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիէրը։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը բազմաբնոյթ աշխատանքներ է իրականացնում՝ ապահովելու համար ներկայացւած երեք նախագծերի ընդունումը։

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանի Միացեալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում, սեպտեմբերի 28-ին ԱՀ արտգործնախարարութեան եւ Գլենդէլի քաղաքային խորհրդի հետ ստորագրւել է Գլենդէլի եւ Մարտունիի միջեւ «քոյր-քաղաքային» յարաբերութիւնների հաստատման մասին յուշագիր։

Յուշագրի նախագիծը Գլենդէլի քաղաքապետ Արտաշէս Քասախեանի կողմից քաղաքային խորհրդին ներկայացւել էր դեռեւս օգոստոսի 23-ին եւ ընդունւել միաձայն:

Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը սեպտեմբերի 30-ին հանդէս է եկել եւս երկու նախաձեռնութեամբ։

Մենենդէսի նոր նախաձեռնութիւնը ենթադրում է համապատասխան կարգաւորումներ 2023թ. ֆիսկալ տարւայ «Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են 907-րդ բանաձեւի կիրարկումից հրաժարւելու հնարաւորութիւնից եւ արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ բանաձեւի կիրարկումից նախագահական հրաժարման օրէնսդրական հնարաւորութեան վերացումը ուղղակիօրէն կը զրկի Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, համատեղ «Ամերիկա-յունական առաջնորդութեան խորհրդի» եւ հրեայ Ռաբի Շմուլէյ Բոթիչի, հոկտեմբերի 12-ին բողոքի ցոյց է կազմակերպել Ֆիլադելֆիայում՝ ազգութեամբ թուրք, Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի եւ Էրդողանի մտերիմ Մեհմեդ Օզի նախընտրական կենտրոնական գրասենեակի առջեւ։ Օզը պայքարում է ԱՄՆ Սենատի անդամ ընտրւելու համար եւ մերժում է Հայոց եւ Յունաց ցեղասպանութիւնների փաստը։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը կոալիցիոն գործընկերների հետ տեւական ժամանակ պայքարում է, որպէսզի խափանի Մեհմեդ Օզի ընտրութիւնը՝ մերկացնելով նրա կապերը թուրքական բռնապետական ռեժիմի հետ։

Հոկտեմբերի 13-ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը Հայաստան ժամանել պատրաստւող կոնգրեսական պատւիրակութեանն է ներկայացրել Հայ Դատի յանձնախմբի հինգ քաղաքական առաջնահերթութիւնները, որոնք ներառում են Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցումը, Հայաստանի անվտանգութեանն աջակցութիւնը, Արցախին հումանիտար օժանդակութեան տրամադրումը, պատերազմական յանցագործութիւնների համար Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկումը, Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքը։

 

Եւրոպա

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրը, Բրիւսէլի Շուման հրապարակում, Եւրոպական Միութեան գործադիր կառոյցների դիմաց, տեղի ունեցաւ բողոքի ցոյց՝ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դէմ։ Ցուցարարները ԵՄ-ից պահանջում էին դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականութիւնը, վերջ տալ բռնապետական Ադրբեջանի հետ գործընկերութեանը, պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ։ Ցուցարարները ուշադրութիւն հրաւիրեցին նաեւ ադրբեջանական ռազմական յանցագործութիւնների վրայ՝ ներառեալ կին զինւորականների խոշտանգումները, ինչպէս նաեւ Ադրբեջանում հայերի նկատմամբ պետական մակարդակով տարւող ատելութեան քաղաքականութիւնը։ Ցոյցը համատեղ ջանքերով կազմակերպել էին ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբը, Բելգիայի Հայերի կոմիտէն, Բելգիահայ դեմոկրատների միութիւնը, ՀՅԴ Հայ Դատի Բելգիայի յանձնախումբը եւ Գերմանահայերի կենտրոնական խորհուրդը։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը աշխատանքներ է իրականացրել ինչպէս Եւրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերեալ քննարկում անցկացնելու, այնպէս էլ պատգամաւորների շրջանակում հնարաւորինս շատ եւ թիրախային ելոյթներ ապահովելու ուղղութեամբ։ Արդիւնքում, հոկտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում տասնեակ պատգամաւորներ խօսել են ադրբեջանական ագրեսիայի մասին եւ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան բարձր յանձնակատար Ջոզէֆ Բորէլից պահանջել իրականացնել կոնկրետ գործողութիւններ։ Մանսաւորապէս ելոյթներ են ունեցել Հարաւային Կովկասի երկրների հետ ԵԽ խորհրարանական պատւիրակութեան ղեկավար Մարինա Կալիւրանդը, Խորհրդարանի պաշտպանութեան եւ անվտանգութեան ենթայանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, Արցախի հետ բարեկամութեան խմբի համանախագահ Պետէր Վան Դալէնը եւ այլ խորհրդարանականներ։

 

Կանադա

ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը սեպտեմբերի վերջին շարունակել է աշխատանքները՝ պայմանաւորւած Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայով։ Սեպտեմբերի 24-ին, վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում Հայաստանի դիմումի վրայ գումարւած նիստը՝ ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին կոչ է արել հասցէական անդրադառնալ եւ դատապարտել ադրբեջանական ագրեսիան, սատարել ՀՀ տարածքային ամբողջականութեանը: Հարկ է նշել, որ Կանադայի արտաքին գործերի նախարարը հասցէկան գնահատական է տւել ադրբեջանական նախայարձակ գործողութիւններին եւ համերաշխութիւն յայտնել ՀՀ տարածքային ամբողջականութեանը։

Հոկտեմբերի 1-ին Վանկուվերի Հայ կենտրոնում կայացել է ընթրիք-նւիրատւութիւն՝ Հայ Դատի աշխատանքներին զօրակցութեան համար։

Ընդհանուր առմամբ հաւաքագրւել է 120․000 դոլար։ Օրւայ գլխաւոր բանախօս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տեր-Խաչատուրեանն անդրադարձել է Հայաստանում ու Սփիւռքում հայ ժողովրդի, Հայ Դատի քաղաքական ծրագրի ներկայ մարտահրաւէրներին ու առաջիկայ անելիքներին։

 

Մեծ Բրիտանիա

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին որոշակիօրէն անդրադարձել են նաեւ անգլիական քաղաքական շրջանակներում։ Մասնաւորապէս խորհրդարանական Քրիս Լոն հրապարակավ դատապարտել է ադրբեջանական գործողութիւնները եւ քննարկման ներկայացրել Ադրբեջանի կառավարութեան գործողութիւնները դատապարտող յայտարարութեան նախագիծ։ Հայ Դատի Անգլիայի յանձնախումբն ակտիւ աշխատանքներ է տանում նախագծի ընդունմանը նպաստելու ուղղութեամբ։ Խորհրդարանական ընդդիմութեան՝ պաշտպանութեան նախարարի թեկնածու Ջոն Հալին, իր հերթին պաշտօնական գրութեամբ դիմել է Անգլիայի պաշտպանութեան նախարար Բեն Վալասին՝ փորձելով հասկանալ թէ Մեծ Բրիտանիան ինչ ներգրաււածութիւն ունի լարւածութեան յաղթահարման գործում։ Գրեթէ նոյն խնդրով Հալին դիմել է նաեւ Անգլիայի արտաքին գործերի նախարարին։ Բրիտանական կառավարութեան երկու անդամներն էլ յստակ պատասխաններ չեն տւել բարձրացւած հարցերի վերաբերեալ։

 

Աւստրալիա

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում՝ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին սադրանքին որոշակի անդրադարձ է կատարւել Աւստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Մասնաւորապէս, սեպտեմբերի վերջին Աւստրալիայի ամենամեծ՝ Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի անդամներ, «Աւստրալիա-Հայաստան» բարեկամութեան խմբի եւ «Արցախի բարեկամների» միջազգային ցանցի անդամներ Թիմ Ջէյմսը, Հուգ Մըքդերմոթը եւ Ֆրէդ Նիլ Միլսն առանձին յայտարարութիւններով դատապարտել են ադրբեջանական ագրեսիան։

Սեպտեմբերի 27-ին Աւստրալիայի ամենահայաշատ Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը համերաշխութիւն է յայտնել հայ ժողովրդին եւ նահանգային խորհրդարանին ու կառավարութեանը կոչ արել ֆեդերալ կառավարութիւնից պահանջել յստակ եւ առանց այլեւայլութիւնների դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը միացել է նաեւ Աւստրալիայի ֆեդերալ խորհրդրանի պատգամաւոր Փօլ Ֆլետչէրը՝ կառավարութեանը կոչ անելով հանդէս գալ հայ ժողովրդի եւ քաղաքացիական ենթակառուցւածքների պաշտպանութեան դիրքերից։

Հոկտեմբերի 13-ին Հուգ Մըքդերմոթը ֆեդերալ կառավարութիւնից պահանջել է անմիջապէս յետ կանչել Թուրքիայում Աւստրալիայի դեսպանին ու դեսպանութեան ռազմական կցորդին՝ օգոստոս ամսւայ ընթացքում օկուպացւած Շուշի քաղաք այցելելու համար։

 

Լիբանան

ՀՅԴ Հայ Դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 4-ին նամակ է յղել Լիբանանում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Իոաննա Վրոնեցկային՝ վերջինիս ուշադրութիւնը հրաւիրելով հայ ռազմագերիների սպանութիւնների վրայ։ ՀՅԴ Հայ Դատի մարմինն ուշադրութիւն է հրաւիրել նաեւ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից յետոյ ադրբեջանական ուժերի կողմից իրագործւած պատերազմական յանցագործութիւնների վրայ, ընդգծել միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտումները եւ միջազգային իրաւասու կազմակերպութիւններին կոչ արել յստակ ու աներկբայ դատապարտել ադրբեջանական քստմնելի ու բարբարոսական արարքները, պատժել դրանց հեղինակներին։

 

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

14.10.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ
    ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ

    ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառութեան մէջ են դրել երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

  • Մեծ Բրիտանիայում Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ կատարւած աշխատանքների մասին
    Մեծ Բրիտանիայում Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ կատարւած աշխատանքների մասին

    Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից յետոյ, որը դրսեւորվեց Արցախն արտաքին աշխարհից ֆիզիկապէս մեկուսացնելով, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն անմիջապէս ձեռնմուխ եղան ստեղծւած իրավիճակի յաղթահարմանն ուղղւած գործողութիւնների, որոնք միտւած են Արցախի համար արտաքին քաղաքական զօրակցութեան, իսկ Ադրբեջանի համար՝ միջազգային ճնշումների ապահովմանը։ Կատարւած աշխատանքների մասին ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հանդէս է գալիս հաղորդագրութիւններով։

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (դեկտեմբերի 15-30, 2022թ․)
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (դեկտեմբերի 15-30, 2022թ․)

    Դեկտեմբերի 15-ի լոյս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ: Քննարկւել է Արցախի շուրջ ստեղծւած արտաքին քաղաքական միջավայրին եւ իրավիճակի յաղթահարման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերը, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների կողմից ձեռնարկւելիք միջոցառումները՝ Արցախի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգութիւնների կանխարգելման, Արցախի Հանրապետութեան միջազգային շահերի պաշտպանութիւն ուղղութիւններով։

  • Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորները Արցախում ստեղծւած իրավիճակի խնդրով դիմել են Շառլ Միշէլին եւ Ժոզէֆ Բորէլին
    Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորները Արցախում ստեղծւած իրավիճակի խնդրով դիմել են Շառլ Միշէլին եւ Ժոզէֆ Բորէլին

    ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հաղորդմամբ՝ Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորներ Պետէր Վան Դալէնը, Ֆրանսուա Խաւիէր Բելամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիօ Մասսիմօ Կաստալդոն եւ Անդրէեյ Կովաչեւը դեկտեմբերի 14-ին հանդէս են եկել Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշէլին ու ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլին ուղղւած նամակով։

  • Հանդիպում ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների միջեւ
    Հանդիպում ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների միջեւ

    Դեկտեմբերի 15-ի լոյս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանի, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանի եւ ԱԽ Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանի հետ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։