Ըստ Հայաստանի Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի յայտարարութեան՝ նոյն գրասենեակի կազմակերպութեամբ, 2022 թ.-ի, հոկտեմբերի 28-31-ին, Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթաժողով, որն որպէս նոր ձեւաչափ եւ դինամիկ հարթակ, պիտ ծառայի Սփիւռքի ներկայացուցիչների եւ տեղացի գործընկերների համար, քննելու համընդհանուր նշանակութեան մարտահրաւէրներն ու խնդիրները։
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Ըստ Հայաստանի Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի յայտարարութեան՝ նոյն գրասենեակի կազմակերպութեամբ, 2022 թ.-ի, հոկտեմբերի 28-31-ին, Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթաժողով, որն որպէս նոր ձեւաչափ եւ դինամիկ հարթակ, պիտ ծառայի Սփիւռքի ներկայացուցիչների եւ տեղացի գործընկերների համար, քննելու համընդհանուր նշանակութեան մարտահրաւէրներն ու խնդիրները։ Ժողովի օրակարգում ընդգրկւած են՝ ազգային անվտանգութիւնը, ազգային շահերի պաշտպանւածութիւնը, հայրենիքի ռազմական ոլորտների զարգացումը, հայրենադարձութիւնը, ներդրումային ներգրււածութիւնը, հայապահպանութիւնը, Սփիւռքի ինքնակազմակերպումը եւ այլն։
Ժողովն ունենալու է 600 մասնակից, 40-ից աւելի երկրներից, ինչպէս նաեւ Հայաստանից եւ Արցախից, որոնք ներկայացնելու են համայնքային կառոյցներ, կազմակերպութիւններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ եւ այլն։
Սփիւռքի համայնքային կեանքը եւ կառոյցները չեն կառավարւում անհատ գիտնականների, մասնագէտների կամ գործարարների կողմից, այլ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրութեամբ եւ համապատասխան կանոնների հիման վրայ, համայնքային թեմերում ընտրւում է օրէնսդիր ժողով, որն էլ իր հերթին ընտրում է թէ՛ գործադիր իշխանութիւն, որն վարում է իր թեմի ազգային-եկեղեցական կեանքը, եւ թէ՛ համազգային բնոյթ կրող համագումարներին ու ժողովներին մասնակցող պատգամաւորներ: Հետեւաբար հէնց այնքան, որքան կարեւոր է նշանակեալ գիտնականների, մասնագէտների գործարարների եւ այլնի, գագաթաժողովին մասնակցութիւնը՝ նոյնքան կարեւոր է Սփիւռքի բարձրագոյն ժողովներից ընտրւած պատգամաւորների ներկայութիւնը եւ նրանց մասնակցութիւնը՝ Սփիւռքի մասին կայացրած որոշումներին: Այլապէս՝ գագաթաժողովի կողմից Սփիւռքի մասին կայացրած որոշումների գործադրումը, պիտի հանդիպի դժւարութիւնների։
Արդ, եթէ իսկապէս Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարը կամ իր գրասենեակը, կազմակերպել են Համաշխարհային հայկական գագաթաժողով, ինչո՞ւ այդ կարեւոր համահայկական ժողովին ներկայ չեն Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Արամ Ա-ն, իրենց ենթակայ թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում գտնւող բազմաթիւ Թեմական կառոյցների ընտրեալ ներկայացուցիչները, ինչպէս նաեւ ազդեցիկ քաղաքական կուսակցութեանց ու կազմակերպութիւնների ներկայացուցիչները: Մի երեւոյթ, որն յստակ երեւան է հանում առ այն, որ նշեալ գագաթաժողովը ոչ թէ իրապէս Համաշխարհային հայկական գագաթաժողով է, այլ համաշխարհային անւան ներքոյ մի ինչ որ շինծու ժողով, ի ցոյց ժողովրդեան: Իսկ նման ժողովների լեռը միշտ մուկ է ծնում։
Երեւան
25.10.2022 թ.