Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած կոալիցիայի տեւական ջանքերի արդիւնքում, որին մաս էին կազմում Ամերիկայի յունական, հրէական, քրդական եւ այլ համայնքային կազմակերպութիւններ, հնարաւոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգութեամբ թուրք եւ Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրութիւնը որպէս ԱՄՆ Սենատի անդամ։ Օզը, բացի թուրքական իշխող վերնախաւի հետ իր անթաքոյց կապերով, յայտնի է նաեւ Հայոց Ցեղասպանութեան մերժմամբ։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած կոալիցիայի տեւական ջանքերի արդիւնքում, որին մաս էին կազմում Ամերիկայի յունական, հրէական, քրդական եւ այլ համայնքային կազմակերպութիւններ, հնարաւոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգութեամբ թուրք եւ Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրութիւնը որպէս ԱՄՆ Սենատի անդամ։ Օզը, բացի թուրքական իշխող վերնախաւի հետ իր անթաքոյց կապերով, յայտնի է նաեւ Հայոց Ցեղասպանութեան մերժմամբ։ Մեհմեդ Օզի ընտրւելը որպէս սենատոր, էական խոչընդոտներ կարող էր յարուցել ինչպէս Ամերիկայի հայ համայնքի, այնպէս էլ հայ-ամերիկեան յարաբերութիւնների համար։
Հայ Դատի Ամերիկայի կենտրոնական գրասենեակը, Հայ Դատի Ամերիկայի Արեւելեան ափի յանձնախմբի եւ Փենսիլւանիայի տեղական յանձնախմբի հետ միասին, ինչպէս նաեւ համայնքային ներգրաւմամբ, ամիսներ շարունակ պայքարել է ձախողելու համար Օզի ընտրութիւնը։ Այդ ամբողջ ընթացքում էական աշխատանք է տարւել ընտրողների հետ՝ վերջիններիս համար բացայայտելով Օզի իրական կապերը, քաղաքական ծագումը եւ անհամապատասխանութիւնն ամերիկեան քաղաքական մշակոյթին, լայնօրէն օգտագործւել են սոցիալական մեդիայի հնարաւորութիւնները, ինչի արդիւնքում Օզի իրական նպատակներն ու անցեալը ներկայացնող տեսահոլովակը կարճ ժամանակահատւածում հաւաքել է միլիոնաւոր դիտումներ։ Հայ Դատի յանձնախումբը նաեւ ԱՄՆ արդարութեան դեպարտամենտին կոչ էր արել հետաքննութեամբ պարզել, թէ արդեօք Օզի գործունէութիւնը երկիրն արտաքին ազդեցութիւններից պաշտպանող ամերիկեան օրէնսդրութեան խախտում չէ։ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակն ու համապատասխան շրջանային ու տարածքային յանձնախմբերը Մեհմեդ Օզի դէմ կազմակերպել են նաեւ բողոքի ցոյցեր եւ երթեր։
Փենսիլւանիայի ընտրութիւնների արդիւնքում նահանգից ընտրւել է Հայ Դատի յանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը, ով յայտնի է իր անթաքոյց հայամէտ վարքով եւ շարունակապէս իր սատարումն է յայտնում Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հետապնդած աշխատանքներին։
Այս յաղթանակի առնչութեամբ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը նկատել է․ «Այս պատմական յաղթանակով Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ Սենատը, Փենսիլւանիայի ժողովրդին եւ ամերիկեան ժողովրդավարութիւնը պաշտպանեց Հայոց Ցեղասպանութիւնը ժխտողից, ով խորը կապեր ունի Թուրքիայի թշնամական վարչակարգի հետ։ Այս շրջադարձային յաղթանակը աւելի քան մէկ տարւայ ռազմավարական պլանաւորման եւ համայնքային ու կոալիցիոն անխոնջ ջանքերի արդիւնքն է՝ սկսած հետազօտութիւններից, ընտրողների կրթութիւնից, լրատւամիջոցների օգտագործումից, եւ այլ նպատակային ընտրական նախաձեռնութիւններից: Մենք գոհ ենք դոկտոր Օզի պարտութիւնից եւ անհամբեր սպասում ենք աշխատել Ջոն Ֆեթերմանի հետ»:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
09.11.2022 թ.