Հա

Ազգային

21/11/2022 - 13:20

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (հոկտեմբերի 15 - նոյեմբերի 20, 2022թ․)

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած համայնքային կոալիցիայի ներկայացուցիչները՝ հայկական, յունական, հրէական եւ քրդական կազմակերպութիւնները, հոկտեմբերի 27-ին բողոքի ակցիա են անցկացրել Փենսիլւանիայում սենատի անդամի թեկնածու, ազգութեամբ թուրք Մեհմեթ Օզի դէմ՝ պահանջելով դադարեցնել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Օզի եւ նրա մրցակից, Փենսիլւանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանի միջեւ հեռուստաբանավէճի ժամանակ։ 

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած համայնքային կոալիցիայի ներկայացուցիչները՝ հայկական, յունական, հրէական եւ քրդական կազմակերպութիւնները, հոկտեմբերի 27-ին բողոքի ակցիա են անցկացրել Փենսիլւանիայում սենատի անդամի թեկնածու, ազգութեամբ թուրք Մեհմեթ Օզի դէմ՝ պահանջելով դադարեցնել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Օզի եւ նրա մրցակից, Փենսիլւանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանի միջեւ հեռուստաբանավէճի ժամանակ։ Յատկանշական է, որ Ֆեթերմանն իր հերթին աջակցութիւն է յայտնել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի բանաձեւերին, ինչպէս նաեւ Սպիտակ տան դիրքորոշմանը:

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած կոալիցիայի ջանքերի արդիւնքում` հնարաւոր եղաւ խափանել Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող Մեհմեթ Օզի ընտրութիւնը որպէս ԱՄՆ Սենատի անդամ, իսկ Հայ Դատի յանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը յաղթեց ընտրութիւններում։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ-ում միջանկեալ ընտրութիւններից առաջ հրապարակել է վարկանիշային աղիւսակ, որտեղ իր գնահատականն է տւել Կոնգրեսի անդամների գործուղութիւններին հայ համայնքի նկատմամբ։ Միացեալ Նահանգների ողջ տարածքում յանձնախումբն իր աջակցութիւնն է յայտնել 88 թեկնածուների, ովքեր իրենց գործողութիւններով վաստակել են հայկական համայնքի աջակցութիւնը՝ ի պաշտպանութիւն Հայ Դատի քաղաքական առաջնահերթութիւնների:

Աւելի քան քսան կոնգրեսականներ ներառող երկկուսակցական խումբը, Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Պապասի գլխաւորութեամբ, օրէնսդրական գործընթաց է սկսել, որով նախատեսւում է 2023թ․ Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտում Սպիտակ տան վարչակազմի վրայ սահմանափակումներ կիրառել՝ Թուրքիային F-16 ինքնաթիռներ եւ արդիականացման սաքաւորումներ վաճառելու գործընթացում։ Այս արդիւնքին հասնելու համար՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը առաջնորդել է ամերիկեան համայնքային կազմակերպութիւնների կոալիցիա՝ քրդական, յունական, հրէական, կիպրական, մերձաւոր-արեւելեան եւ քրիստոնէական կազմակերպութիւնների մասնակցութեամբ։

ԱՄՆ Սենատում նոյեմբերի 15-ին կայացած լսումների եւ հարց ու պատասխանի ընթացքում Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժոովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը սուր քննադատութեան է ենթարկել ԱՄՆ պետքարտուղարութեանը՝ Հայաստանի նկատմամբ ամերիկեան քաղաքականութեան, 907-րդ բանաձեւի չվերականգնման, Հայաստանին ու Արցախին բովանդակային օժանդակութեան չտրամադրման համար։

 

Եւրոպա

Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու եւ Արցախին պարտադրւող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպէս նաեւ Արցախեան հակամարտութեան շարունակական միջազգայնացումն ապահովելու եւ առհասարակ Հայ Դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանութեան անհրաժեշտութիւնից՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեամբ 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եւրոպական Խորհրդարանից պատգամաւորների փաստահաւաք առաքելութիւնը ժամանել էր Հայաստան։

Պատւիրակութեան կազմում էին Եւրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամաւոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամութեան խմբի համահիմնադիր Պետէր Վան Դալէնը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամաւոր Ֆաբիօ Մասիմօ Կաստալդոն եւ գերմանացի պատգամաւոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։ Պատւիրակութեան անդամներին ուղեկցում էին ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, գրասենեակի տնօրէն Հեղինէ Էւինեանը եւ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

Նոյեմբերի 1-ին պատւիրակութիւնը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնագահի, ընդիմութեան ներկայացուցիչների, Եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի անդամների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահի գլխաւորած պատւիրակութեան հետ։ Պատւիրակութիւնը նաեւ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան։

Նոյեմբերի 2-ին պատւիրակութիւնն այցելել է Եռաբլուր զնւորական պանթէոն եւ Խոր Վիրապ, այնուհետեւ մեկնել Սիւնիք, հանդիպել Գորիսի համայնքապետի հետ եւ այցելել ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր։

Նոյեմբերի 3-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԳՆ փոխնախարարի հետ։ Փաստահաւաք առաքելութեան այցն ամփոփւել է մամուլի ասուլիսով։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հիմնադրման 20-ամեակի առթիւ նոյեմբերի 9-ին Բրիւսէլում տեղի է ունեցել հանդիսաւոր ընդունելութիւն:

Միջոցառմանը ներկայ են եղել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, Բելգիայի Թագաւորութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչութեան ղեկավար Աննա Աղաջանեանը, Հիւսիսատլանտեան պայմանագրի կազմակերպութիւնում ՀՀ առաքելութեան ղեկավար Արման Իսրայէլեանը, Եւրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թւով պատգամաւորներ։ Միջոցառմանը ներկայ էին նաեւ Բելգիայի Թագաւորութեան Ֆեդերալ եւ երկրամասային խորհրդարանների պատգամաւորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի գործընկերներ եւ բարեկամներ:

 

Ֆրանսիա

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը գրեթէ միաձայն ընդունեց Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ պահանջող բանաձեւը։ Հայ Դատի Ֆրանսիայի յանձնախումբը բարձր է գնահատել ֆրանսիայի Սենատում միաձայնութեամբ ընդունւած բանաձեւը։

Ըստ յանձնախմբի՝ այս բանաձեւը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների անվտանգութեան եւ իրաւունքների հարցի շուրջ կայ Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնաւորապէս՝ օրէնսդրական մակարդակում։

Այս բանաձեւը Ֆրանսիայի կառավարութեան վրայ առաւել բարձր ճնշում եւ պարտաւորութիւն կը լինի, որպէսզի իր եւրոպացի գործընկերների հետ ի վերջոյ պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դէմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի յանձնախումբը եւ ֆրանսիացի պատգամաւորները միայնակ կը լինեն, եթէ Հայաստանի իշխանութիւնները ու հայաստանեան դիւանագիտութիւնը չգործեն նոյն ուղղութեամբ։

Կայ երկրորդ շատ կարեւոր կէտ բանաձեւի մէջ։ Այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են խեղդել Արցախի ժողովրդի իրաւունքների շուրջ քննարկումները եւ նիւթը փակ համարել, յատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է իր 2020-ի պահանջը Ֆրանսիայի կառավարութեանը՝ եւս մէկ անգամ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետութիւնը։ Սենատը նաեւ պահանջում է Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնել։

Հայ Դատի յանձնախումբը սատարում է այս առաջարկը եւ վերահաստատում է իր անվերապահ պատրաստակամութիւնը՝ համագործակցելու Ֆրանսացի քաղաքական դասակարգի հետ ի շահ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգութեան, անկախութեան եւ ազատագրութեան։

 

Կանադա

Մոնրէալի Հայ կենտրոնում հոկտեմբերի 26-ին կայացել է «Յանուն Հայրենիքի եւ Հայ Դատի» խորագրով ընթրիք նւիրատւութիւն։ Ընդհանուր առմամբ հանգանակւել է 255 հազար դոլար։ Օրւայ գլխաւոր բանախօսն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, ով փոխանցեց օրւայ պատգամն ու Հայ Դատի արդի քաղաքական առաջնահերթութիւնները։

Հայ Դատի Կանադայի յանձնախումբը հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է, որ Բրիտանական Կոլումբիա նահանգի վարչապետ Ջոն Հորգանը նամակ է ուղղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյին, որով իշխանութիւնից ուշադրութիւն է պահանջում Հայաստանի հանդէպ ադրբեջանական ռազմական արարքների նկատմամբ եւ բողոքում կենտրոնական իշխանութեան անբաւարար արձագանգի առնչութեամբ։
Նշենք, որ հոկտեմբեր 3-ին, Կանադայի ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը հանդիպում էր ունեցել Ջոն Հորգանի հետ, որտեղ խոստացել էր Արցախի եւ Հայաստանի դէմ շարունակւող ադրբեջանական ագրեսիայի հարցը բարձրացնել Ջասթին Թրուդոի մօտ։

 

Մեծ Բրիտանիա

Հոկտեմբերի 18-ին Միացեալ Թագաւորութեան խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խումբն անցկացրել է իր ամենամեայ ընդհանուր ժողովը եւ ընտրել խմբի նոր կազմ։ Խմբի աշխատանքները շարունակելու է ղեկավարել Թիմ Լոութոնը, բարոնուհի Քերոլայն Քոքսը շարունակում է անդամակցել խմբին։ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի ատենապետ Անետ Մոսկոֆեանը շարունակում է իրականացնել խմբի քարտուղարի պարտականութիւնները։

 

Աւստրալիա

Աւստրալիահայ համայնքի աւելի քան 500 ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Սիդնէյի կենտրոնում’ կոչ անելով կառավարութեանը դադարեցնել իր լռութիւնը եւ Ադրբեջանին անւանել ագրեսոր, այն բանից յետոյ երբ կենտրոնական իշխանութիւնը չի հրապարակել պաշտօնական յայտարարութիւն, որով դատապարտում է Ադրբեջանի յարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ։

Նոյեմբերի 2-ին Աւստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն առաջին անգամ յայտարարել է, որ Ադրբեջանն է պատասխանատու հայ ռազմագերիների հանդէպ յանցագործութիւնների համար եւ մեղադրել ագրեսիայի մէջ։ Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը նշում է, որ այսպիսի յայտարարութիւնը զգալի տեղաշարժ է երկրի իշխանութիւնների հռետորաբանութեան մէջ, քանի որ նախկինում երկիրը իր յայտարարութիւնները հասցէագրում էր երկու կողմերին։

Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպելու է նաեւ հայկական շահերի պաշտպանութեան շաբաթ, որի գլխաւոր բանախօսը կը լինի Հայաստանի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը։

 

Լիբանան

ՀՅԴ Հայ Դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 19-ին Լիբանանում Շւէյցարիայի դեսպանատանը նամակ է յղել, որում խնդրում է հանդիպում` քննարկելու Ժնեւի նահանգային խորհրդի կողմից հոկտեմբերի 14-ին ընդունւած «Հայաստանի գոյատեւման համար» բանաձեւը։ Բանաձեւով կոչ է արւում Դաշնային ժողովին` դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան դէմ իրականացւած ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպէսզի Ադրբեջանի գործողութիւնները չֆինանսաւորւեն Շւէյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացւող եկամուտներից, ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրաւունքը եւ անել հնարաւորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը նոյեմբերի 16-ին նամակ է հղել Լիբանանում Ֆրանսայի դեսպան Անն Կրիոյին՝ ողջունելով մէկ օր առաջ Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատի կողմից որդեգրւած բանաձեւը, որ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտութեանը:

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը ողջունել է բանաձեւի որդեգրումը, որը մանրամասնօրէն ու դիպուկ կերպով անդրադառնում է հայ-ադրբեջանական հակամարտութեանը՝ ընդգծելով, որ կարեւոր էր նիստի ընթացքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Յասմիկ Դոլմաջեանի եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանի մասնակցութիւնը։

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը յոյս է յայտնել, որ ֆրանսիական կառավարութիւնն ականջալուր կը լինի ֆրանսիացի ժողովրդի ներկայացուցիչների քաղաքական յստակ կամքին։

 

Սիրիա

Սիրիայի Հայ Դատի յանձնախումբը նոյեմբերի 4-ին «Արամ Մանուկեան» ժողովրդային տանը կազմակերպել էր «Թուրքիայի ծաւալապաշտ քաղաքականութեան հետեւանքները տարածաշրջանում» խորագրով խորհրդաժողով։ Խորդաժողովին ներկայ էին Բերիոյ հայոց թեմի հայրապետական նւիրակ գերաշնորհ Տէր Մակար եպիսկոպոս Աշգարեանը, քրիստոնեայ եւ իսլամ հոգեւոր պետեր, «Բաաս» կուսակցութեան Հալէպի քարտուղարը, նահանգապետի ներկայացուցիչը, Սիրիայի խորհրդարանի անդամներ, սիրիական կուսակցութիւնների, պաղեստինյան կազմակերպութիւնների, արաբական եւ հալէպահայ միութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ լրագրողներ եւ մտաւորականներ։

 

Ուրուգւայ

ՀՅԴ Ուրուգւայի Հայ Դատի յանձնախմբի շաբաթներ շարունակ տարած աշխատանքի շնորհիւ Սենատորների պալատը հոկտեմբերի 18-ին յայտարարութեամբ դատապարտել է ՀՀ միջազգայնօրէն ճանաչւած տարածք Ադրբեջանի ներխուժումը։ Յաւելենք, որ տարածւած հաղորդագրութեամբ՝ Ուրուգւայի արտաքին գործերի նախարարութիւնը պատշաճ կերպով չի դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ ՀՅԴ Ուրուգւայի Հայ Դատի յանձնախումբը շարունակելու է աշխատանքները՝ հասնելու համար նաեւ գործադիր իշխանութեան կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

20.11.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (Յունւար 2023թ․)
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (Յունւար 2023թ․)

    ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը յունւարի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Ղազարեանին եւ վերջինիս փոխանցել Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Փասադենայի տեղական ենթայանձնախմբի կողմից ուղարկւած Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի Արցախի ժողովրդի եւ նրա պայքարի զօրակցութեան յայտարարութիւնը։ 

  • ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպութիւնների ներգրաւմամբ, ձեւաւորւել է «Save Karabakh» կոալիցիան
    ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպութիւնների ներգրաւմամբ, ձեւաւորւել է «Save Karabakh» կոալիցիան

    Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի առաջնորդութեամբ Ամերիկայի Միացեալ Նահանգներում ձեւաւորւել է «Save Karabakh» կոալիցիան։ Այս նախաձեռնութիւնը յաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականութիւնը դատապարտող երկկուսակցական բանաձեւի շրջանառութեան մէջ դնելուն, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը։

  • ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ
    ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ

    ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառութեան մէջ են դրել երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

  • Մեծ Բրիտանիայում Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ կատարւած աշխատանքների մասին
    Մեծ Բրիտանիայում Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ կատարւած աշխատանքների մասին

    Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից յետոյ, որը դրսեւորվեց Արցախն արտաքին աշխարհից ֆիզիկապէս մեկուսացնելով, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն անմիջապէս ձեռնմուխ եղան ստեղծւած իրավիճակի յաղթահարմանն ուղղւած գործողութիւնների, որոնք միտւած են Արցախի համար արտաքին քաղաքական զօրակցութեան, իսկ Ադրբեջանի համար՝ միջազգային ճնշումների ապահովմանը։ Կատարւած աշխատանքների մասին ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հանդէս է գալիս հաղորդագրութիւններով։

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (դեկտեմբերի 15-30, 2022թ․)
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (դեկտեմբերի 15-30, 2022թ․)

    Դեկտեմբերի 15-ի լոյս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ: Քննարկւել է Արցախի շուրջ ստեղծւած արտաքին քաղաքական միջավայրին եւ իրավիճակի յաղթահարման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերը, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների կողմից ձեռնարկւելիք միջոցառումները՝ Արցախի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգութիւնների կանխարգելման, Արցախի Հանրապետութեան միջազգային շահերի պաշտպանութիւն ուղղութիւններով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։