Հա

Ազգային

25/11/2022 - 13:30

Վերականգնել միասնութիւնը, որպէսզի ժողովրդի մօտ արթնանայ յոյսը եւ արցախցին ամուր կառչած մնայ իր հողին

Օրերս Արցախում էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։ Արցախ կատարած այցի մանրամասների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ։

«alikonline.ir» - Օրերս Արցախում էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։ Արցախ կատարած այցի մանրամասների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ։

 

- Ընկե՛ր Յակոբ, Դուք պատերազմից յետոյ պարբերաբար այցելում էք Արցախ։ Ի՞նչ առաքելութեամբ էք այս անգամ Արցախ ժամանել։

- Ես Արցախում էի թէ՛ պատերազմի ընթացքում, թէ՛ պատերազմից յետոյ, որպէսզի կարողանանք ծրագրել, թէ ՀՅԴ համահայկական կառոյցը իր ողջ ներուժը ինչպէս ներդնի ի սպաս Արցախի։ Այդ ուղղութեամբ մեր արածներն ու անելիքները կարելի է բաժանել 2 մասի. առաջինը՝ արտաքին, երկրորդը՝ ներքին ճակատի վրայ։

Արտաքին ճակատում հարկաւոր է Արցախի ինքնորոշման իրաւունքի շեշտաւորումը, որի ուղղութեամբ մենք աշխատում ենք։ Արցախ այցելութիւնից առաջ նոյեմբերին Եւրոպայում էի, եւ եւրոպական տարբեր երկրներում բարձրացւեց Արցախի հարցը, որպէսզի այդ երկրներում իրական պատկերը ներկայացւի, ամէն տեղ շեշտադրւեն ինքնորոշման իրաւունքի իրացման եւ Արցախի անկախութեան ճանաչման հարցերը։ Այդ ուղղութեամբ ողջունելի է Ֆրանսիայի սենատի որոշումը, եւ ակնկալում ենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն էլ նմանօրինակ բանաձեւ ընդունի։ Այլ երկրներում եւս՝ Միջին Արեւելք, Աւստրալիա, Ռուսաստան, Հարաւային եւ Հիւսիսային Ամերիկաներ հետապնդում ենք կարգավիճակի խնդիրը, Արցախի ժողովուրդը պէտք է զգայ միջազգային հանրութեան աջակցութիւնը։ Անշուշտ, մտահոգութիւններ կան․ ռուս-ուկրայինական պատերազմը բացասաբար է անդրադառնում այս գործընթացի վրայ, նաեւ կայ այն հանգամանքը, որ արտաքին ուժերը փորձում են առայժմ կենտրոնանալ Հայաստանի անմիջական հարցերի՝ սահմանազատման եւ սահմանագծման, ինչպէս նաեւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա բանակցութիւնների վրայ, դրանք առաջնահերթ համարելով եւ նախընտրում են Արցախի հարցը մղել երկրորդ պլան։

Մեր յստակ նպատակն է այնպէս անել, որ Արցախի հարցը մոռացութեան չմատնւի, վերականգնւի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը: Իսկ եթէ որեւէ համաձայնութիւն կնքւի ՀՀ-ի հետ, պէտք է շեշտադրւի Արցախի կարգավիճակը միջազգային օրակարգում պահելու խնդիրը: Որքան էլ Ալիեւն ու Էրդողանը պնդեն, թէ այլեւս գոյութիւն չունի Ացախի հարց, այնուամենայնիւ այդ հարցը այժմէական է եւ լուծման կարօտ։ Պէտք է բացառել ուժի կիրառումը եւ վերակենդանացնել բոլոր այն ձեւաչափերը, որոնք կը նպաստեն հարցի լուծմանը։

Ներքին ճակատում յստակ է, որ Արցախի շահերի պաշտպանութեան համար պէտք է լինի համահայկական համախմբւածութիւն։ Արցախի ժողովուրդը հոկտեմբերի 30-ի հանրահաւաքով արտայայտեց իր կամքը, բայց իշխանութիւններն էլ պէտք է պնդեն, որ ամէն գնով բացառելու են Արցախի՝ Ադրբեջանի կազմում յայտնւելը եւ աշխատելու են վերականգնել ներազգային միասնութիւնը, որպէսզի ժողովրդի մօտ արթնանայ յոյսը եւ արցախցին ամուր կառչած մնայ իր հողին։

Մենք նույնպէս ողջունեցինք Ռուբէն Վարդանեանի՝ պետնախարարի պաշտօնում նշանակւելը եւ յոյս ունենք, որ նոր մօտեցումներով եւ ուժերի համախմբմամբ պէտք է կարողանանք լծւել նաեւ ներքին ճակատի խնդիրները լուծելուն, որպէսզի Արցախն ամբողջովին վերականգնւի, զարգանայ ու բարգաւաճի, եւ ի վերջոյ միանայ մայր Հայաստանին։

 

- Այժմ Արցախում նոր կառավարութիւն է ձեւաւորւում։ Ի՞նչ դեր է ունենալու Դաշնակցութիւնն այս գործընթացում։

- 20 օր է, ինչ նոր պետնախարար է նշանակւել։ Մենք հանդիպումներ ունեցանք թէ՛ նախագահ Արայիկ Յարութիւնեանի, թէ՛ նոր պետնախարար Ռուբէն Վարդանեանի հետ, որպէսզի տեսնենք՝ ինչպէս կարող ենք համադրել աշխատանքները ներքին եւ արտաքին ճակատներում: Եւ ՀՅԴ մեր կառոյցը, ինչպէս կարող է օժանդակել Արցախի ժողովրդին ու պետութեանը՝ համահայկական իր ներուժը գործի դնելով։ Այդ հարցերի համար մենք ունենք մօտեցումներ, որոնք ներկայացրինք նրանց։ Հանդիպեցինք նաեւ պարոն Բալասանեանի հետ. Բոլորը գնահատեցին ՀՅԴ Արցախի ու համահայկական կառոյցի դերն ու ունեցած ներդրումը: Այդուհանդերձ, մեր առջեւ ծառացած լուրջ խնդիրներ կան. պէտք է կարողանանք ստեղծել ներքին համախոհութիւն, ամրապնդել ՀՅԴ-ժողովուրդ կապը, հասնենք նրան, որ բարեփոխումների միջոցով արձանագրենք առաւելագոյն արդիւնքներ։ Մենք յոյս ունենք, որ նոր կառավարութիւնը դրական արդիւնքներ ապահովի, որոնց ձեռքբերման գործում պատրաստ ենք ունենալ մեր ներդրումը։

 

- Այս պահին ի՞նչ ծրագրեր էք իրականացնում Արցախում։

- Նախ նշեմ, որ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէութիւնն իր աշխոյժ մասնակցութիւնն է բերում Արցախի քաղաքական կեանքին: ՀՅԴ շրջանները որդեգրել են գիւղական համայնքների եւ գիւղատնտեսութեան զարգացման, ինչպէս նաեւ ազատամարտիկների ընտանիքների օժանդակութեան մի շարք ծրագրեր: Ուրախ ենք, որ ՀՕՄ-ի միջոցով կարողացանք մեր օժանդակութիւնը ցուցաբերել տեղահանւած ընտանիքներին, հաստատւեց «Արեւային Արցախ» ծրագիրը, որի շնորհիւ ՀՕՄ-ի միոցներով արեւային ջրատաքացուցիչներ է տեղադրւում գիւղական համայնքներում: ՀՕՄ-ը նոյնպէս շարունակում է իր մանկապարտէզների ցանցի հովանաւորութիւնը: Արցախում այժմ ունենք նաեւ ՀՄԸՄ-ի սկաուտական կառոյց եւ Համազգային մշակութային միութեան գրասենեակ:

Վատահ եմ, որ նոր կառավարութեան ձեւաւորումից յետոյ եւս նոր ծրագրեր են որդեգրւելու: Աշխատանքից մենք երբեք չենք խուսափել, հայրենիքի բարգաւաճման ու զարգացման գործում միշտ պատրաստ ենք ունենալ մեր ներդրումը։

 

Յարակից լուրեր

  • Քաղաքական նախաձեռնութիւններ շրջափակման պայմաններում
    Քաղաքական նախաձեռնութիւններ շրջափակման պայմաններում

    Շարունակւող շրջափակումը անկիւնադարձային փոփոխութիւնների է ենթարկել Արցախում բնակւող իւրաքանչիւր անհատի առօրեայ կեանքը: Այդ փոփոխութիւնները անհատական դաշտից առաւել նկատելի են Արցախի քաղաքական, տնտեսական, անվտանգային եւ կենսապահպանման համակարգերում: Բնական է, որ լուծելի խնդիրների առաջին շարքում պարենի, առաջին անհրաժեշտութեան ապրանքների սակաւութեան վերացման կամ հաւասարաչափ բաշխման համակարգի ստեղծումն է:

  • Արցախի արտգործնախարարը նամակներ է ուղարկել Հայաստանում հաւատարմագրված մի շարք երկրների դեսպանների
    Արցախի արտգործնախարարը նամակներ է ուղարկել Հայաստանում հաւատարմագրված մի շարք երկրների դեսպանների

    Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Ղազարեանը նամակներ է ուղարկել Հայաստանում հաւատարմագրւած մի շարք երկրների դեսպանների:

  • Ինչի՞ մասին է խօսքը…
    Ինչի՞ մասին է խօսքը…

    Արցախի շրջափակման 51-րդ օրն է եւ հայութեան համաշխարհային զօրաշարժը մտած է իր տարերքին մէջ։ ՀՅԴ համաժողովրդական համակարգը ամէն կողմ է։ Նոյնպիսի թափով կը գործեն Սփիւռքի միւս քաղաքական եւ հասարակական կազմակերպութիւնները։ Յանկարծ Արցախի պահանջատիրական խօսոյթը նոյն նշանաբանով կը թուի գործել հայ կեանքի բոլոր շերտերէն։ Արցախը կը գտնուի իր կենաց-մահու մարտահրաւէրին առջեւ եւ Արցախի փրկութիւնը ամբողջ հայութեան աւագ խնդիրն է այս պահուն։

  • Բերձորի միջանցքի շրջափակումը կրնայ միջազգային ճանաչման ենթահողի վերածուիլ
    Բերձորի միջանցքի շրջափակումը կրնայ միջազգային ճանաչման ենթահողի վերածուիլ

    Բերձորի միջանցքի շրջափակումին հետեւանքով հայկական կողմին ջանքերը՝ միջազգային ընտանիքին դիմաց մերկացնելու Ատրպէյճանի Արցախը հայաթափելու իսկական նպատակը, սկսան արձագանգ գտնել:

  • Արցախի շրջափակման փաստը Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում արդիւնք գրանցելու հնարաւորութիւններ է ստեղծել
    Արցախի շրջափակման փաստը Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում արդիւնք գրանցելու հնարաւորութիւններ է ստեղծել

    Արցախի շրջափակման փաստը՝ իր բոլոր ծանր հետեւանքներով հանդերձ, Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում արդիւնք գրանցելու որոշակի հնարաւորութիւններ է ստեղծել։ Ակնյայտ է, որ Լեռնային Ղարաբաղ անւանումն այս ընթացքում բաւականին ակտիւ շրջանառւում է. ԼՂ-ում ստեղծւած վիճակի մասին քննարկումներ են ընթանում տարբեր երկրների խորհրդարաններում, միջազգային կառոյցներում։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։