Հա

Ազգային

28/11/2022 - 12:10

Մենք ունենք մէկ դրօշ՝ դա հայոց եռագոյնն է եւ ողջ հայ ժողովուրդը պէտք է համախմբւի դրա շուրջ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանի ելոյթը Մարսէլում՝ ՀՅԴ 132-ամեակի միջոցառմանը.

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանի ելոյթը Մարսէլում՝ ՀՅԴ 132-ամեակի միջոցառմանը.

Սիրելի հայրենակիցներ, յարգելի հիւրեր,

Այսօր Մարսէլում մենք նշում ենք ՀՅԴ ստեղծման 132-րդ ամեակը։

Տասնամեակների աւանդոյթ է ամէն տարի նշել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրը։ Դա առիթ է մեր երկրի եւ ժողովրդի կարեւորագոյն հարցերին անդրադառնալու, մեր գործողութիւնների վերաբերեալ հաշւետւութիւն ներկայացնելու եւ առաջիկայ անելիքների մասին խօսելու համար։

Դաշնակցութեան պատմութիւնն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմութիւնից։ Պայքարի ու անմնացորդ նւիրումի 100 եւ 32 տարիների ընթացքում Դաշնակցութիւնը հաւատարիմ է մնացել իր առաքելութեանը՝ ծառայել Հայաստանի ու հայութեան ազատագրման դատին։ Պատւով ու հայրենիքով երդւեալների իրարայաջորդ սերունդների նպատակը եղել է մէկը՝ կերտել մեր երազանքի Հայաստանը։ Եւ այդ պայքարը շարունակւում է արդէն 132 տարի։ Փոխւում են ժամանակները, փոխւում են պայքարի ձեւերն ու մեթոդները, փոխւում են մարտահրաւէրներն ու թիրախները, բայց ոչ` պայքարի գլխաւոր նպատակը։

Դաշնակցութիւնը ստեղծւեց այն պայմաններում, երբ հայը պատմական հայրենիքում պաշպանութեան եւ անվտանգութեան խնդիր ունէր։ Մենք ստեղծւեցինք այն պայմաններում, երբ հայը ստիպւած իր զաւակին ծառայութեան էր ուղարկում թշնամական երկրի բանակ: Մենք ստեղծւեցինք այն ժամանակ, երբ մեզ հարստահարում եւ սպանում էին մեր սեփական հայրենիքում: Դաշնակցութիւնը ստեղծւեց հէնց այս վիճակը փոխելու համար եւ փոխեց այդ վիճակը։

Մեր ստեղծմանը յաջորդեց փշոտ, փորձութիւններով լի ճանապարհ։

Հայդուկային շարժում, ցեղասպանւող ժողովրդի ինքնապաշտպանութեան կազմակերպում եւ վերջապէս 6 դար դադարից յետոյ անկախ պետականութեան կերտում։

Հայոց Ցեղասպանութեան կազմակերպողների նկատմամբ պատժիչ գործողութիւններ, սփիւռքի կազմակերպում եւ ձեւաւորում, Արցախեան գոյամարտ եւ վերջապէս գործունէութիւն ազատ անկախ Հայաստանում եւ Արցախում։ Դժւար է հաւատալ, որ այս ամէնը մէկ կազմակերպութեան հետագիծ է, բայց սա հէնց մեր պատմութիւնն է՝ իւրայատուկ, ոգեւորող, դժւարին, սակայն մշտապէս հպարտութիւն ներշնչող։

Պատմութեան մէջ մենք շատ բան տեսանք, փայլուն յաղթանակներից մինչեւ ծանր պարտութիւններ, վերելքներից մինչեւ ցաւոտ վայրէջքներ, սակայն այս 13 տասնամեակ ձգւող ճանապարհում մեզ յաջողւեց պահպանել ամենակարեւորը՝ նոյնիսկ պետութեան բացակայութեան պայմաններում պահել գլխաւոր իդեալը ազատ, անկախ եւ միացեալ հայրենիք ունենալու իդեալը։

Ցաւօք մեր վերելքի ճանապարհը ինչ որ տեղ ընդհատւեց 2020 թւականի նոյեմբերի 9-ի կապիտուլեացաիայի փաստաթղթով։ Նոյեմբերի 9-ից յետոյ Դաշնակցութիւնը հայրենիքի փրկութեան գործում եւ մղւող պայքարրի մէջ առաջին գծում է։ Ցաւօք մինչեւ այժմ մեզ չի յաջողւել ազատւել այդ չարիքից եւ մեր վերադարձնել ազգային զարգացման ուղեգիծ։

Սիրելի՛ հայրենակիցներ

2020 թ. նոյեմբերից յետոյ Հայաստանում փոխւել է քաղաքական գործընթացների տրամաբանութիւնը։ Այն դուրս է եկել ընդդիմութիւն-իշխանութիւն դասական տրամաբանութիւնից։ Մեր եւ Հայաստանի իշխանութեան հակադրութեան բուն առարկան հայութեան, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, Սփիւռքի ներկայի ու ապագայի տեսլականն է: Մեր նպատակն է կերտել ազգային լիարժէք պետութիւն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնութիւնը եւ զարգանալ՝ առաջ մղելով ազգային-պետական կենսական շահերը։

Իսկ օրւայ իշխանութեան իրական նպատակն է, պահպանելով պետութեան նոմինալ գոյութիւնը, ձերբազատւել ազգային ինքնութիւնից, հրաժարւել մեր սերունդների անժամանցելի իրաւունքներից ու շահերից: Մենք մերժում եւ անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրւայ իշխանութեան այդ պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման եւ կործանման ճանապարհ:

Ուստի մեր պարտականութիւնն է ելքեր առաջարկել մեր ժողովրդին, մեր պարտականութիւնն է մի կողմ թողնել երկրորդական բոլոր հարցերը եւ միաւորւել գլխաւոր նպատակի շուրջ, ուստի բոլոր հայերի, բայց նախ մեր պատրականութիւնն է կամովին ներդնել մեր բոլոր ջանքերը, ուժերը, հարկ եղած դէպքում նաեւ կեանքը դնել պայքարի զոհասեղանին, յանուն հայ ժողովուրի։

Այն պահից, երբ Դաշնակցութիւնը համակերպւեց հայրենիքի կորստի հետ, հանդուրժեց դաւաճաններին, այդ պահից կը դադարի լինել Դաշնակցութիւն, կը հեռանայ իր էութիւնից, ծրագրից եւ արմատներից։

Ռուբէն Տէր-Մինասեանն ասում էր, պայքարից յոգնածը մահանում է, միայն պայքարի եռանդով լցւածն է, որ ապրում եւ տիրում։ Իսկ մեր ժողովուրդը մի քանի անգամ արդէն վերահաստատել է ապրելու իր կամքը։

Ուրեմն ամէն գնով մեր ժողովրդի եւ պետականութեան համար կենսական պայքարը շարունակելն այսօր մեր գլխաւոր առաքելութիւնն է։

Սիրելի ժողովուրդ, քոյրեր եւ եղբայրներ,

Մենք դէմ չենք մեզ առաջարկւող խաղաղութեանը, բայց այդ խաղաղութիւնը չի կարող լինել հայրենազրկման գնով, չի կարելի խաղաղութեան անւան տակ մեր ժողովրդին տանել նոր կապիտուլեացաիայի եւ ցեղասպանութեան։ Չի կարող Հայաստանի իշխանութիւնների կողմից ստորագրւել մի փաստաթուղթ, որը կը սահմանափակի Արցախի ինքնորոշման իրաւունքը։ Սա մեր ժողովրդի կողմից պատռւելու է եւ յայտարարւելու է առոչինչ։ Թող այս մասին իմանան բոլոր մայրաքաղաքաներում եւ բոլորը։

Սիրելի հայրենակիցներ,

Ակնյայտ է որ Հայաստանը, Արցախը եւ հայ ժողովուրդը կանգնած է ծանր մարտահրաւէրների առաջ:

Ստեղծւած վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ՝

1. Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումով համահայկական զօրաշարժի իրականացում. ողջ հայ ժողովրդի ուժերի եւ կարողութիւնների մէկտեղում՝ յանուն Հայաստանի եւ Արցախի:

2. Հայրենիքի պաշտպանութեան եւ անվտանգութեան խնդիրների հրատապ լուծում:

3. Կենսական զիջումները բացառելուն ուղղւած արտաքին զօրակցութեան ապահովում:

Այս երեք ուղղութիւններով հետեւողական ուղղութիւններով մենք բոլորս գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքով պէտք է մեր երկիրը համատեղ ուժերով դուրս բերենք այս իրավիճակից։

Այս օրերին Երեւանում որոշ անհատներ եւ քաղաքական ուժեր տարբեր երկրների դրօշներով ակցիաներ են անում, մի մասը ԱՄՆ-ի, Եւրոմիութեան դրօշներով, միւս մասն էլ Ռուսաստանի Դաշնութեան։ Շատերը փորձում են Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման մանրադրամ: Մենք ունենք մէկ դրօշ՝ դա հայոց եռագոյնն է եւ ողջ հայ ժողովուրդը՝ անկախ իր քաղաքական հայեացքներից, կուսակցական պատկանելիութիւնից պէտք է համախմբւի հայոց եռագոյնի շուրջ։

Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հաւատալու, մեր ինքնավստահութիւնը նորոգելու, մեր միասնութիւնը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։

Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրայ։ Մտածում են, որ այս ամէնը մեծ տէրութիւնների խաղ է, որի վրայ ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպէս չէ: Մենք պէտք է ապացուցենք, որ իրադրութեան տէրը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործօնը, որը կարող է փոխել իրավիճակը եւ մենք ժողովրդին պէտք է առաջարկենք այդ գործիքակազմը։

Մենք Արցախում Հայաստանում Սփիւռքում աւելի լայն թափով նոր մօտեցումներով պէտք է շարունակենք աշխատանքը մեր հայրենակիցների հետ, բացատրենք սպասւող վտանգների մասշտաբները։

Հայ ժողովուրդը, Հայաստանը եւ ՀՀ իշխանութիւնները նոյնը չեն, ՀՀ իշխանութիւնները Հայաստան չեն, հետեւաբար Հայաստանից պէտք չէ հիասթափւել, հայրենիքը բոլորի կարիքն ունի։ Ուստի Հայաստանի, Արցախի, Սփիւռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգեւոր համայնքը, պահանջատէր երիտասարդութիւնը պարտաւոր են հայոց պետականութեան անկումը կասեցնելու եւ Հայ ժողովրդի արժանապատւութիւնը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի յանուն Արցախի, յանուն Հայաստանի։

Կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը, կեցցէ՛ Հայաստանը, կեցցէ՛ հայ ժողովուրդը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։