Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ-ի օրէնսդիրներին կոչ է անում քննարկւող տարեվերջեան ծախսերի փաթեթում ընդգրկել Արցախին 50 միլիոն դոլարի օգնութեան փաթեթը: Այս մասին յայտնում է Հայ Դատի յանձնախումբը:
«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ-ի օրէնսդիրներին կոչ է անում քննարկւող տարեվերջեան ծախսերի փաթեթում ընդգրկել Արցախին 50 միլիոն դոլարի օգնութեան փաթեթը: Այս մասին յայտնում է Հայ Դատի յանձնախումբը:
Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդէսին հասցէագրւած նամակում Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը ամերիկահայ համայնքի եւ կոալիցիոն գործընկերների անունից շնորհակալութիւն է յայտնել նրան Կովկասում ԱՄՆ քաղաքականութեան վերաբերեալ վերջին լսումների համար:
Լսումների ընթացքում Բոբ Մենենդէսն անընդունելի էր անւանել Վաշինգտոնի ռազմական աջակցութիւնն Ադրբեջանին եւ արցախահայերին օգնութիւն չուղարկելը:
Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մենենդէսին ուղղւած նամակում նաեւ նշւում է հետեւեալը. «Ինչպէս ցաւալիօրէն երեւաց Ձեր լսումների ժամանակ, ԱՄՆ-ի ներկայիս ներգրաււածութիւնը տարածաշրջանում ղեկավարւում է նաւթով հարուստ Ադրբեջանի կողմից՝ կոռումպացւած բռնապետութիւն, որին Բայդէնի վարչակազմը թոյլ է տւել թելադրել ԱՄՆ-ի քաղաքականութիւնը»։
Կոնգրեսի հայկական յանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնին յղած նամակում Համբարեանը շեշտել է. «Ինչպէս գիտէք, Բայդէնի վարչակազմը, ինչպէս եւ նախկինում Թրամփի վարչակազմն Ադրբեջանի ճնշման տակ Արցախին ԱՄՆ մարդասիրական օգնութիւնն արգելափակելու անխոհեմ եւ անպատասխանատու քաղաքականութիւն են վարել՝ չնայած այնտեղ դրա լուրջ կարիքին, ինչպէս նաեւ երկու կուսակցութիւնների լայն աջակցութեանը, որն այս օգնութեան ծրագիրը վայելում է Կոնգրեսի երկու պալատներում։ Արցախին ԱՄՆ-ի օգնութեան դէմ Ադրբեջանի վետոյի վերացումը Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի եւ մեր համայնքի եւ կոալիցիոն գործընկերների համար օրէնսդրական գերակայութիւն է»:
Սեպտեմբերին կոնգրեսական Փալոնը եւ Նեւադայի կոնգրեսական Դինա Տիտուսը Կոնգրեսի աւելի քան 45 անդամների աջակցութեամբ դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուէրին` կոչ անելով «անյապաղ քայլեր ձեռնարկել՝ յատկացնելով զգալի ռեսուրսներ» վտանգի տակ գտնւող Արցախի հայ բնակչութեանն աջակցելու համար: