Հա

Ազգային

01/12/2022 - 11:10

Առանցքում՝ Հայրենիքն ու պետականութիւնը. ՀՅԴ-ն՝ միջազգային ասպարէզում (1-ամսեայ հաշւետւութիւն)

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, հաւատարիմ արդէն շուրջ 13 տասնամեակ ձեւաւորւած աւանդոյթի, իր հայրենանւէր գործունէութիւնն է ծաւալում ոչ միայն Մայր Հայրենիքում, այլեւ արտերկրում, որտեղ վաղուց արդէն ձեւաւորւել է հայկական Սփիւռք:

Yerkir.am-ն ամփոփ ներկայացնում է ՀՅԴ պատասխանատու գործիչների՝ միջազգային ասպարէզում կատարած աշխատանքը նոյեմբեր ամսին.

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, հաւատարիմ արդէն շուրջ 13 տասնամեակ ձեւաւորւած աւանդոյթի, իր հայրենանւէր գործունէութիւնն է ծաւալում ոչ միայն Մայր Հայրենիքում, այլեւ արտերկրում, որտեղ վաղուց արդէն ձեւաւորւել է հայկական Սփիւռք:

Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի գլխին ծառացած մարտահրաւէրներին դիմագրաւելու համար ՀՅԴ-ն ակտիւ աշխատում է այլ պետութիւնների, միջազգային կառոյցների, տարբեր քաղաքական-հասարակական գործիչների հետ` իր ներուժը ծառայեցնելով Հայրենիքին:

Yerkir.am-ն ամփոփ ներկայացնում է ՀՅԴ պատասխանատու գործիչների՝ միջազգային ասպարէզում կատարած աշխատանքը նոյեմբեր ամսին.

ՀՅԴ Բիւրոյի ներկացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը եւրոպական երկրներ իր աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 9-ին Եւրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵԽ պատգամաւորների, մի շարք քաղաքական գործիչների հետ` ներկայացնելով տարածաշրջանային զարգացումներն ու իրավիճակը:

Նիդերլանդներում` Ալմելօ քաղաքում Տէր-Խաչատուրեանը հանդիպել է հայրենակիցների հետ` ներկայացրել Հայաստանի եւ Արցախի իրավիճակը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, ՀՅԴ ծրագրերը:

Նոյեմբերի 12-ին Շւեդիա կատարած այցի ընթացքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը քաղաքական հանդիպումներ ունեցաւ` յատկապէս երկրի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչների եւ պատգամաւորների, ինչպէս նաեւ խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնախումբի փոխնախագահ Մորգէն Եոհանսսոնի, Ստոկհոլմի քաղաքապետարանում քաղաքապետի եւ փոխքաղաքապետի:

Եւրոպական շրջագայութիւնից յետոյ Տէր-Խաչատուրեանն Արցախում էր, որտեղ հանդիպումներ ունեցաւ ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանի, ԱՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանեանի, Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանի, ինչպէս նաեւ Արցախի ՀՅԴ ԿԿ-ի հետ։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը նոյեմբերի 13-ին Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպումներ ունեցաւ տեղի հայ համայնքի հետ` պատասխանել Կիպրոսում բնակւող հայրենակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակի մասին գնահատականները։

Սաղաթելեանն այնուհետեւ Կիպրոսում նախատեսւած քաղաքական հանդիպումների շրջանակում նոյեմբերի 14-ին հանդիպեց Արցախի բարեկամ, Նիկոսիայի ամենամեծ քաղաքի՝ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալմպուսի հետ:

Նոյն օրը Գերագոյն մարմնի ներկայացուցիչը հանդիպում ունեցաւ Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» եւ Կիպրոսի Դեմոկրատական կուսակցութիւնների ղեկավարների հետ, ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիւ քաղաքականութեան դրսեւորումները ու դրանցից բխող վտանգները թէ՛ հայկական եւ թէ՛ բարեկամ երկրների համար:

Դաշնակցական գործչի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ հանդիպման ընթացքում քննարկւել են միջազգային հարթակներում Հայաստանի եւ Կիպրոսի համար երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդա Դիմիդրիուի հետ հանդիպման ընթացքում ԳՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել Կիպրոսի պետութեան անվերապահ աջակցութիւնը կիպրահայ համայնքին: Կարեւորւել է Կիպրոս-Հայաստան ռազմավարական գործընկերութիւնը, մտքեր են տարածաշրջանային զարգացումներին վերաբերեալ։

Կիպրոս կատարած այցի ընթացքում Սաղաթելեանը այցելել է նաեւ ազգային առաջնորդարան, հանդիպել Կիպրոսի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տէր Խորէն արք. Տողրամաճեանի հետ:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը Սիրիա կատարած այցի ընթացքում Կամիշլիի ազգային փոխանորդարանում հանդիպել է Ջեզիրէի առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. Լեւոն վրդ. Եղիայեանի հետ: Մանոյեանն այցելել է սիրիահայ համայնքին պատկանող կրթօջախներ, մասնակցել ՀՅԴ հիմնադրման 132-րդ ամեակի միջոցառմանը, հանդիպել Սիրիայում գործող հայկական կազմակերպութիւնների հետ:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշաւայում ԵԱՀԿ ԽՎ-ի նիստում բարձրացրել է Հայաստանի եւ Արցախի համար ստեղծւած ծանրագոյն եւ անվտանգութեան հարցերին առնչւող թեման. «Եւրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկւում է ագրեսիայի, տեղահանման եւ էթնիկ զտումների, սակայն միջազգային կառոյցների եւ հէնց մեր կազմակերպութեան կողմից շարունակւում է կրկնակի ստանդարտների քաղաքականութիւնը»:

Նոյեմբերի 25-27-ը ՀՅԴ պատւիրակութիւնը Մադրիդում մասնակցեց Սոցիալական Ինտերնացիոնալի խորհրդի եւ կոնգրեսի աշխատանքներին: ՀՅԴ պատւիրակութեանն անդամակցում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգմաւոր Դաւիթ Իշխանեանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միութեան փոխնախագահ Սարինէ Աբրահամեանը եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը աշխատանքների ընթացքում Իսպանիայի վարչապետ Պեդրօ Սանչէսին է փոխանցել Արցախի Հանրապետութեան քարտէզագիրքը: Դաւիթ Իշխանեանը նաեւ պատմական ելոյթ է ունեցել Սոցիալիստական Ինտերնացիոնալի կոնգրեսի ժամանակ, որին ներկայ էին Իսպանիայի, Ալբանիայի, Պորտուգալիայի վարչապետները, Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ջոզէֆ Բորէլը, այլ պետութիւնների ղեկավարներ եւ բարձրաստիճան գործիչներ։

Սոցինտերնի 26-րդ Կոնգրեսի կողմից ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիօ Նալբանդեանը վերընտրւեց որպէս կազմակերպութեան փոխնախագահ։

Շուրջ 80 երկրների մօտ 400 պատւիրակների մասնակցութեամբ կայացած կոնգրեսի ժամանակ ընդունւեց ՀՅԴ-ի ներկայացրած Ղարաբաղեան հակամարտութեանը վերաբերող եւ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւը: Յիշեցնենք՝ ՀՅԴ-ն նշւած համաշխարհային կազմակերպութեանն անդամակցում է 1907թ. ի վեր:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը նոյեմբերի վերջին շաբաթը Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է Մարսէլից ընտրւած Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամաւոր Սապրինա Ակրեսթի, Հարաւային Ֆրանսայի Շրջանային խորհրդի անդամ Տիտիէ Փարաքեանի, Մարսէլի քաղաքային խորհրդի անդամ Ֆիլիպ Քոզեանի եւ այլոց հետ, քննարկել հայ-ֆրանսիական կապերին առնչւող հարցեր, ներկայացրել ՀՀ-ի եւ Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակը:

Այցի ընթացքում Սաղաթելեանը մասնակցել է ՀՅԴ հիմնադրման 132-ամեակի միջոցառմանը` հանդէս գալով ելոյթով:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/national/item/79696-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-1-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId29751b8d12

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։