Հա

Ազգային

31/12/2022 - 10:00

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (դեկտեմբերի 15-30, 2022թ․)

Դեկտեմբերի 15-ի լոյս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ: Քննարկւել է Արցախի շուրջ ստեղծւած արտաքին քաղաքական միջավայրին եւ իրավիճակի յաղթահարման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերը, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների կողմից ձեռնարկւելիք միջոցառումները՝ Արցախի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգութիւնների կանխարգելման, Արցախի Հանրապետութեան միջազգային շահերի պաշտպանութիւն ուղղութիւններով։

Կենտրոնական խորհուրդ 

Դեկտեմբերի 15-ի լոյս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ: Քննարկւել է Արցախի շուրջ ստեղծւած արտաքին քաղաքական միջավայրին եւ իրավիճակի յաղթահարման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերը, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների կողմից ձեռնարկւելիք միջոցառումները՝ Արցախի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգութիւնների կանխարգելման, Արցախի Հանրապետութեան միջազգային շահերի պաշտպանութիւն ուղղութիւններով։

 

Ամերիկայի Միացեալ Նահանգներ 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 14-ին կայացած լսումների ժամանակ կոնգրեսականները պետդեպարտամենտին կոչ են արել արձագանգել ադրբեջանական ագրեսիային։ Սենատի միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահն ու հայկական հարցերի խումբը դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։ Պայմանաւորւած Բաքւի կողմից Արցախի շրջափակմամբ՝ նկատելի է ԱՄՆ Կոնգրեսի աճող ճնշումն ԱՄՆ գործադիր իշխանութեան վրայ։ 

Դեկտեմբերի 17-ին, ԱՄՆ շուրջ երեք տասնեակ կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆի գլխաւորութեամբ, նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի բնակչութեան անվտանգութիւնը։ 

Դեկտեմբերի 21-ին, Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի՝ կառավարութեան հետ կապերի գծով տնօրէն Թերեզա Երեմեանը համակարգել եւ անցկացրել է հանդիպում Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնէի, Կոնգրեսի աւելի քան 50 անդամների, Արցախի եւ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբերի մասնակցութեամբ։ Հանդիպմանը մասնակցում էր Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանը, Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ Հայ Դատի Արցախի գրասենեակի աշխատակից Գէորգ Իսկաջեանը։ Քննարկւել են Արցախում ստեղծւած իրավիճակն ու Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքի հիմնական ուղղութիւնները՝ ադրբեջանական հերթական ագրեսիային վերջ տալու նպատակով։ 

Դեկտեմբերի 24-ին ԱՄՆ Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը համատեղ հաւանութիւն են տւել 2023թ․ ֆինանսական տարւայ ծախսային ուղղութիւններին, որենք ենթադրում են ամերիկեան օժանդակութեան յատկացում Հայաստանին եւ Արցախին։ Նշենք, որ վերոնշեալ դրոյթի օրէնսդրական ուժ ստանալու համար Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը տեւական ժամանակ ծաւալուն աշխատանքներ է իրականացրել։ 

ԱՄՆ նախագահ Բայդէնի վարչակազմին՝ Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական պժանդակութեան անյապաղ դադարեցման կոչով դեկտեմբերի 21-ին դիմել է նաեւ Գլենդէլի քաղաքապետ Արդի Քասախեանը։ 

Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոնն էլ, իր հերթին, դեկտեմբերի 22-ին, յայտարարութիւն է տարածել, որով համերաշխութիւն է յայտել ամերիկահայ համայնքին եւ դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի 120․000 հայութեան շարունակական շրջափակումը։ Քաղաքապետ Գորդոնը նաեւ միացել է Գլենդէլի քաղաքապետի՝ Բայդէնի վարչակազմին ուղղւած վերը յիշատակւած կոչին։

 

Եւրոպա 

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հաղորդմամբ՝ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներ Պետէր Վան Դալէնը, Ֆրանսու Խաւիէր Բելամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիօ Մասսիմօ Կաստալդոն եւ Անդրէյ Կովաչեւը դեկտեմբերի 14-ին նամակ են ուղղել Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլին ու ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլին։ Պատգամաւորները Շառլ Միշէլին եւ Ժոզէֆ Բորէլին յորդորել են օգտագործել իրենց հնարաւորութիւնները՝ Արցախի բնիկ հայ ժողովրդի իրաւունքները պաշտպանելու համար՝ նկատելով, որ ԵՄ-ն չի կարող թոյլ տալ ադրբեջանական ահաբեկչական քաղաքականութեան շարունակութիւն։ 

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի, ՀՅԴ Հայ Դատի Բելգիայի յանձնախմբի, Բելգիայի հայերի կոմիտէի եւ Բելգիահայ դեմոկրատների միութեան համատեղ նախաձեռնութեամբ դեկտեմբերի 19-ին Բրիւսէլում կայացել էր բողոքի ցոյց՝ Արցախ տանող միակ ճանապարհի արգելափակումը վերջ տալու պահանջով։ Բողոքի ցոյցին միացել էին բազմաթիւ հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թւում՝ սենատորներ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամաւորներ Կարլ Վանլաուէն, Ալեսիա Կլաեսը եւ Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամութեան խմբի համակարգող Անդրէ դը Բիւսը։

 

Կանադա 

Դեկտեմբերի 20-ին, Մոնրէալի «Հայ կենտրոնում» ՀՅԴ Բիւրոն ներկայացնող պատւիրակութիւնը, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտէն եւ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը հանդիպել են Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկւել են Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեան միջեւ ցամաքային միակ ճանապարհի փակումը եւ Հարաւային Կովկասում կանադական առաջին դեսպանատունը Հայաստանում բացելու շուրջ տարւող աշխատանքները։

Հայ Դատի Կանադայի յանձնախմբի կողմից տարւած աշխատանքների արդիւնքում ադրբեջանական ագրեսիան դատապարտող յայտարարութեամբ են հանդէս եկել տասնեակից աւել պատգամաւորներ։ Աւելի վաղ, դեկտեմբերի 14-ին, Կանադայի արտաքին գործերի նախարարութիւնը դատապարտել է միջանքի արգելափակումը եւ պահանջել ապահովել երկկողմանի անցանելիութիւնը։

 

Աւստրալիա 

Աւստրալիայի ընդիմադիր կանաչների կուսակցութեան ներկայացուցիչները դեկտեմբերի 19-ին դիմել են Ադրբեջանին՝ պահանջելով վերաբացել Բերձորի միջանցքը՝ ազատ տեղաշարժի եւ անվտանգութեան ապահովման համար: 

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի գործողութիւնների արդիւնքում Բերձորի միջանցքում ստեղծւած իրավիճակը քննարկման թեմա է դարձել Աւստրալիայի օրէնսդիր մարմիններում։ Մասնաւորապէս Հայ Դատի յանձնախմբի դիմումի համաձայն խնդրին անդրադարձել է Աւստրալիայի Դաշնային Խորհրդարանի խոշորագոյն քաղաքական խմբի արտաքին գործերի ներկայացուցիչ, սենատոր Ջորդան Սթիլ-Ջոնը՝ մտահոգութիւն յայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար լուրջ հետեւանքներին։ 

Իրենց հերթին Աւստրալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի անդամները դիմել են Աւստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգին կոչ անելով իր կառավարութեանը հրապարակայնօրէն դատապարտել Ադրբեջանի կողմից շարունակւող՝ Արցախի Հանրապետութեան շրջափակումը։ 

Դեկտեմբերի 20-ին, Արցախի բարեկամների աւստրալական խմբի անդամները հեռավար հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանի եւ մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանի հետ։ Արցախի ներկայացուցիչները ներկայացրել են վերջին լուրերը կապւած Բերձորի շրջափակման եւ այդ ուղղութեամբ տարւող աշխատանքների վերաբերեալ։ Ի դէպ Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքի արդիւնքում՝ Աւստրալիայում Արցախի բարեկամութեան խմբի անդամների թիւը աւելացել է 12-ով եւ հասել է 100-ի։ Ի թիւս այլոց, խմբին են միացել ֆեդերալ խորհրդարանականներ Քելեա Թինքը, Զալի Սթեգալը, Հենրի Փիքը։

 

Մեծ Բրիտանիա 

Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում դեկտեմբերի երկրորդ կէսին Արցախում ստեղծւած իրավիճակը որոշակի քննարկում է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանական շրջանակներում։ Նախ ադրբեջանական հերթական ագրեսիան խստօրէն եւ միանշանակ կերպով դատապարտւել է Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի յայտարարութեամբ, որը ստորագրել է խմբի նախագահ Թիմ Լոթնը։ Աւելին, բարեկամական խմբի անդամներ Քրիս Լոուն եւ Ջեսիկա Մորդէնը հանդէս են եկել անհատական յայտարարութիւններով եւ դատապարտել են Ադրբեջանի գործողութիւնները եւ դիմել արտաքին գործերի նախարարին, որպէսզի կառավարութիւնը քայլեր ձեռնարկի Բերձորի միջանցքի վերաբացման համար։ 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ Սթիւէն Դաութին եւ Ֆիոնա Բրիւսը կառավարութիւնից շտապ մարդասիրական օգնութիւն են խնդրել արցախահայութեան համար եւ գործադիր իշխանութեանը կոչ արել՝ քայլեր ձեռնարկել հումանիտար իրավիճակի բարելաւման եւ Արցախում ազատ տեղաշարժի վերականգնման ուղղութեամբ։ 

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դէյւիդ Ալթոնը Արցախում ստեղծւած իրավիճակի կապակցութեամբ հարցումներ երկու հարցում է ուղարկել բրիտանական կառավարութեանը՝ տեղեկատւութիւն պահանջելով մասնաւորապէս այն մասին, թէ կառավարութիւնն ինչ քայլեր է կատարել Արցախի ժողովրդի նկատմամբ ցողասպանութեան եւ վայրագութիւնների ռիսկերի գնահատման համար, ինչպէս նաեւ, թէ ինչ քայլեր է ձեռնարկում կառավարութիւնը տարածաշրջանում խաղաղութեանը եւ կայունութեանը նպաստելու համար։

 

Յունաստան 

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքի փակման եւ Արցախը մարդասիրական նոր աղէտի մղելու առիթով, ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախումբը նամակ է ուղարկել Յունաստանի խորհրդարանի նախագահին եւ պատգամաւորներին՝ պահանջելով անմիջական միջամտութիւն եւ միջազգային քայլերի կիրառում՝ կանխելու համար Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանական քաղաքականութեան վտանգը։ 

Դեկտեմբերի 21-ին, Յունաստանի Հայ Դատի յանձնախմբի եւ ՀՅԴ երիտասարդական միութեան կազմակերպմամբ Աթենքում՝ Եւրոպական խորհրդի կենտրոնական գրասենեակի առջեւ տեղի է ունեցել բողոքի ցոյց ընդդէմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Բողոքի ցոյցի մասնակիցները պահանջել են եւրոպական ատեանների անմիջական միջամտութիւնը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի միջանցքը, ինչպէս նաեւ ստեղծելու Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։

 

Ուրուգւայ 

Հայ Դատի Ուրուգւայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում՝ դեկտեմբերի 21-ին Ուրուգւայի Սենատորների պալատը յայտարարութիւն է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանի քաղաքականութիւնը եւ կոչ արել՝ կատարել միջազգային պարտաւորութիւնները ու ապահովել ազատ շարժը Արցախին եւ Հայաստանին միաւորող միջանցքով՝ վերջ դնելով քաղաքացիական բնակչութեան նկատմամբ գործադրւող ճնշումներին ու ահաբեկմանը։ Ուրուգւայի Սենատորների պալատը իր համերաշխութիւնն է յայտնել Արցախի բնակչութեանը եւ արձանագրել, որ վերջինիս իրաւունքները պէտք է յարգւեն հակամարտութեան լուծման մէջ ներգրաււած բոլոր դերակատարների կողմից։ 

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

30.12.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • Եւրոպական խորհրդարանից Հայաստան է ժամանում նոր պատւիրակութիւն
    Եւրոպական խորհրդարանից Հայաստան է ժամանում նոր պատւիրակութիւն

    ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքների արդիւնքում փետրւարի 21-24-ը փաստահաւաք առաքելութեամբ Հայաստան են այցելելու Եւրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամաւորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամութեան խմբի համանախագահներ Սիլւի Գիեոմը եւ Ֆրանսուա Ալֆոնսին, ինչպէս նաեւ հունգարացի խորհրդարանական, Արցախի հետ բարեկամութեան խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը։ Պատւիրակութեանը Հայաստանում ուղեկցելու են ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, գրասենեակի տնօրէն Հեղինէ Էւինեանը եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

  • Եւրոպական Խորհրդարանն ընդունել է ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների 2021-2022թթ․ զեկոյցը
    Եւրոպական Խորհրդարանն ընդունել է ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների 2021-2022թթ․ զեկոյցը

    Եւրոպական Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2021 թւականի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից միջպետական սահմանների խախտումները եւ ընդգծում զինւած ուժերը սկզբնական դիրքեր վերադարձնելու անհրաժեշտութիւնը:

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (Յունւար 2023թ․)
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (Յունւար 2023թ․)

    ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը յունւարի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Ղազարեանին եւ վերջինիս փոխանցել Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Փասադենայի տեղական ենթայանձնախմբի կողմից ուղարկւած Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի Արցախի ժողովրդի եւ նրա պայքարի զօրակցութեան յայտարարութիւնը։ 

  • ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպութիւնների ներգրաւմամբ, ձեւաւորւել է «Save Karabakh» կոալիցիան
    ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպութիւնների ներգրաւմամբ, ձեւաւորւել է «Save Karabakh» կոալիցիան

    Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի առաջնորդութեամբ Ամերիկայի Միացեալ Նահանգներում ձեւաւորւել է «Save Karabakh» կոալիցիան։ Այս նախաձեռնութիւնը յաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականութիւնը դատապարտող երկկուսակցական բանաձեւի շրջանառութեան մէջ դնելուն, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը։

  • ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ
    ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ

    ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառութեան մէջ են դրել երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։