Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից յետոյ, որը դրսեւորվեց Արցախն արտաքին աշխարհից ֆիզիկապէս մեկուսացնելով, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն անմիջապէս ձեռնմուխ եղան ստեղծւած իրավիճակի յաղթահարմանն ուղղւած գործողութիւնների, որոնք միտւած են Արցախի համար արտաքին քաղաքական զօրակցութեան, իսկ Ադրբեջանի համար՝ միջազգային ճնշումների ապահովմանը։ Կատարւած աշխատանքների մասին ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հանդէս է գալիս հաղորդագրութիւններով։
«alikonline.ir» - Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից յետոյ, որը դրսեւորվեց Արցախն արտաքին աշխարհից ֆիզիկապէս մեկուսացնելով, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն անմիջապէս ձեռնմուխ եղան ստեղծւած իրավիճակի յաղթահարմանն ուղղւած գործողութիւնների, որոնք միտւած են Արցախի համար արտաքին քաղաքական զօրակցութեան, իսկ Ադրբեջանի համար՝ միջազգային ճնշումների ապահովմանը։ Կատարւած աշխատանքների մասին ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հանդէս է գալիս հաղորդագրութիւններով։
Անցնող շաբաթների ընթացքում էական աշխատանքներ են կատարւել նաեւ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի կողմից՝ բրիտանական հասարակական քաղաքական շրջանակներում ադրբեջանական ագրեսիայի բարձրաձայնման եւ բրիտանական կառավարութեանը գործնական քայլերի դրդելու ուղղութեամբ։ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբն անցնող շաբաթների ընթացքում ինտենսիւ պարբերականութեամբ թողարկել է լրատւական տեղեկատուներ՝ Արցախում ստեղծւած իրավիճակի մասին Մեծ Բրիտանիայում անհրաժեշտ իրազեկւածութեան ապահովման համար։ Դրանց արդիւնքում բազմաթիւ խորհրդարանականներ հանդէս են եկել Արցախին սատարող եւ ադրբեջանական ագրեսիան դատապարտող յայտարարութիւններով, դիմել կառավարութեանը՝ գործադրելու գործնական քայլեր։
Դեկտեմբերի 13-ին Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը հանդէս է եկել իրազեկող յայտարարութեամբ, ապա նոյն օրը գրութեամբ դիմել ՄԹ արտաքին քարտուղար Ջէյմս Քլեւէրլիին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական գործողութիւնները, հումանիտար օժանդակութիւն ուղարկել Արցախ եւ ճանաչել վերջինիս անկախութիւնը։ Արտաքին քարտուղարին, «Բրիտանիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամութեան խմբի անունից, նամակ է հասցեագրել նաեւ խմբի նախագահ Թիմ Լոթնը՝ ուշադրութիւն հրաւիրելով Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականութեան եւ դրան անգլիական հակազդեցութեան անհրաժեշտութեան մասին։
Տարբեր առիթներով Արցախում ստեղծւած իրավիճակի մասին կառավարութեանը հարցումներ են արել, բրիտանական հակազդեցութիւն եւ գործնական քայլեր պահանջել խորհրդարանականներ Թիմ Լոթնը, Քերոլայն Քոքսը, Լորդ Ալթոնը, Լորդ ՄաքՔոլնէսը, Սթեֆան Դոթին, Քրիս Լոն, Ալեքս Սոբէլը, Ջեսիկա Մորդէնը եւ Ֆիոնա Բրիւսը։
Յունւարի 3-ին Արցախում հնարաւոր ցեղասպանութեան վերաբերեալ յայտարարութեամբ են հանդէս եկել բարոնուհի Քերոլայն Քոքսը, միջազգային եւ բրիտանական կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ անհատ գործիչներ։
Աւելի ուշ Բարոնուհի Քոքսը, Թիմ Լոթնը, Լորդ Ալթոնը, Քովենթրիի եպիսկոպոս Ռոման Վիլիամսը եւ այլոք հանդէս են եկել բրիտանական մամուլում տեղ գտնող ադրբեջանական թէզերի դատապարտմամբ՝ պահանջելով ճշգրիտ տեղեկատւութիւն։
Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է իրականացրել նաեւ բրիտանական լրատւամիջոցների եւ անհատ լրագրողների հետ՝ անաչառ տեղեկատւութեան ապահովման եւ ադրբեջանական քարոզչութեան դէմ պայքարի համար։
Յունւարի 12-ին Քերոլայն Քոքսը գրութեամբ դիմել է նաեւ ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Ալիսա Կերնսին՝ պահանջելով հարցում անել Արցախում ստեղծւած անվտանգային իրավիճակի մասին եւ դրա հիման վրայ պատրաստել հրատապ զեկոյց, հանդիպել ՄԹ հայկական սփիւռքի հետ՝ անաչառ տեղեկատւութեան ստացման եւ ադրբեջանական կեղծ քարոզչութեան ազդեցութեան տակ չընկնելու համար։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
13.01.2023թ.