Հեռուստատեսութեան եւ ռադիոյի յանձնաժողովը 2022 թւականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզաւորման հանրապետական սփռման իրաւունք տալ 4 հեռուստաընկերութեան։
«alikonline.ir» - Հեռուստատեսութեան եւ ռադիոյի յանձնաժողովը 2022 թւականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզաւորման հանրապետական սփռման իրաւունք տալ 4 հեռուստաընկերութեան։
Դրանք են՝ «Արմենիա TV» ՓԲ, «Ա-TV» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն TV» ՓԲ ընկերութիւնները։ Մրցոյթին մասնակցող Հ2 եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերութիւններն ամենաքիչ միաւորներն էին հաւաքել։
ՀՌՀ նախագահ Տիգրան Յակոբեանն իր խօսքում նշել էր, որ հաշւի են առնւել հեռուստաընկերութիւնների ֆինանսական եւ տեխնիկական բաղադրիչները։ Այսպիսով «Երկիր մեդիա» հեռուստաընկերութիւնը դատական հայց է ներկայացրել Հեռուստատեսութեան եւ ռադիոյի յանձնաժողովի դէմ, որպէսզի նախկինում 5 ազատ սլոթը, որը Հ2-ի ներկայացրած դատական հայցից յետոյ դարձել է 4, վերականգնւի: Դատարանը մէկ սլոթի մրցոյթը չեղարկել է` հետագայում այն առանձին վիճարկելու համար:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան տնօրէն Բագրատ Եսայեանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց, որ վաղը «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան եթեր հեռարձակման վերջին օրն է, սակայն եթէ անջատեն հեռուստաալիքը, ապա այդ սլոթը կը մնայ ազատ, ՀՌՀ-ն այն չի համարում օգտագործման ենթակայ:
Եսայեանի խօսքով` յունւարի 21-ից «Երկիր մեդիա»-ի հեռուստադիտողները կարող են իրենց հետեւել միայն կաբելային TV-ների միջոցով, իսկ ահա «Երկիր մեդիա»-ի ներկայացրած հայցի վերաբերեալ դատարանը յունւարի 19-ին պէտք է վճիռ կայացնէր` հայցը բաւարարէր կամ մերժէր, սակայն այդպէս էլ որեւէ վճիռ դեռեւս չի կայացրել` նիստը յետաձգւել է: «Հրապարակը» զրուցել է Բագրատ Եսայեանի հետ:
- Ինչո՞ւ է դատարանը ձգձգում վճիռը հրապարակելու պրոցեսը: Ի վերջոյ, մի քանի ժամից «Երկիր մեդիա»-ն այլեւս եթերում չի լինի:
- Դատարանը յունւարի 19-ին պէտք է որոշում կայացնէր` ընդունե՞լ հայցը, թէ՞ ոչ, սակայն դեռեւս պատասխան չկայ: Դատական հայցը ՀՌՀ-ի դէմ է: Մենք դիմել էինք ՀՌՀ-ին, որպէսզի իր նախորդ որոշումը, որը կայացւել էր 2022-ի օգոստոսին, վերանայի: Դատարանը որոշում էր կայացրել չեղեալ համարել հինգ սլոթի արդիւնքները, հեռուստաընկերութիւնները դիմել էին ՀՌՀ-ին` եթերը չանջատելու խնդրանքով, նկատի ունենալով քաղաքացու տեղեկութիւն ստանալու իրաւունքը: ՀՌՀ-ն TV-ների այդ դիմումը բաւարարել էր: ՀՌՀ-ի որոշումը հետեւեալն էր` մինչեւ հինգ սլոթների ամփոփումը դատարանի որոշմամբ լիցենզիայից զրկւած հինգ հեռուստաընկերութիւններին թոյլատրել եթեր հեռարձակելու իրաւունք, սակայն 2022-ի դեկտեմբերին մրցոյթ յայտարարւեց չորս հեռուստաընկերութեան համար, հինգերորդ սլոթը մնաց մրցոյթից դուրս, քանի որ կիրառւել էր արգելանք: Փաստացի հինգերորդ սլոթն արգելանքի տակ է այսօր, եւ այն, մեր կարծիքով, կարող է օգտագործել «Երկիր մեդիան»: Մենք դիմել էինք, որպէսզի յանձնաժողովը մեր եթերը չանջատի, քանի որ սլոթն ազատ է, սակայն մեզ մերժել են: Դիմել ենք դատարան
- Այսինքն` կայ ազատ սլոթ, սակայն ՀՌՀ-ի քմահաճութեամբ այն չի տրամադրւում «Երկիր մեդիա»-ին: Արգելանքի պատճառը ո՞րն է:
- Այո, սլոթն ազատ է, դրանով ոչինչ չի հեռարձակւելու:
- Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Տիգրան Յակոբեանի ղեկավարած ՀՌՀ-ն նման որոշում կայացրել: Սա քաղաքակա՞ն քայլ է:
- Հինգերորդ սլոթն արգելանքի տակ է յայտնւել: Սլոթն ազատ է մնալու այնքան ժամանակ, մինչեւ նոր մրցոյթ յայտարարւի:
- Փաստօրէն, ՀՌՀ-ն նախընտրեց «Կիսաբաց լուսամուտներ» հեռարձակող, հնդկական սերիալներ ցուցադրող TV-ներին, սակայն ոչ «Երկիր մեդիա»-ին: Յատկանշական է, որ ՀՌՀ անդամների շարքերում կան, այսպէս կոչւած, մտաւորականներ: Օրինակ, գրող, մշակոյթի նախկին նախարար Յակոբ Մովսէսը, ով զօրուգիշեր պայքարում էր աղաւաղւած խօսքի եւ անճաշակութեան դէմ, այսօր փաստացի նախընտրում է վերոնշեալ ցածրորակ պրոյեկտները, սակայն ոչ ձեզ: Ինչո՞ւ:
- Բնականաբար, պատճառը քաղաքական է: Որոշումն ամբողջութեամբ տեղաւորւում է այս իշխանութիւնների քաղաքական մօտեցումներում: Ես այլ բան չեմ կարող ասել:
- Ե՞րբ կանջատւի հեռուստաալիքը:
- Յունւարի 21-ին: Մեր հեռուստադիտողները կարող են հետեւել մեզ կաբելային ցանցերի միջոցով: Եթեր վերադառնալու պայքարը շարունակւելու է:
Հայկ Գէորգեան