Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յունւարի 23-ին Էլիսէյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին: Հանդիպման մանրամասների ու քննարկւած հիմնական հարցերի վերաբերեալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ։
«alikonline.ir»- Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յունւարի 23-ին Էլիսէյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին: Հանդիպման մանրամասների ու քննարկւած հիմնական հարցերի վերաբերեալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ։
«Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը տեւել է մօտ մէկ ժամ, որի ընթացքում կարողացանք Էմանուէլ Մակրոնին ներկայացնել Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը։ Մասնաւորապէս խօսել ենք Արցախի շրջափակման մասին, որի հետեւանքով 120․000 մարդ կտրւած է աշխարհից, ներկայացրել ենք, որ շրջափակումը լուրջ վտանգների առաջ է կանգնեցրել Արցախի ժողովրդին ու ստեղծել հումանիտար ճգնաժամ, այն էլ 21-րդ դարում՝ առանց միջազգային ճնշումների։ Այս հարցի հետ կապւած ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք Մակրոնը ընդունել է, իրենց կողմից եւս եղել են առաջարկներ։ Այժմ սպասում ենք եզրակացութեանը, առաջիկայ օրերին կրկին պէտք է աշխատանք տանեն իրենց հետ՝ հիմնական եզրակացութիւնների համար»,- ասաց նա։
Մուրադ Փափազեանը նշեց, որ անդրադարձ է կատարւել նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականութեանը վերաբերող սպառնալիքներին եւ նոր պատերազմի վտանգին։
«Վտանգ կայ, որ առաջիկայ շաբաթներին կամ ամիսներին նոր պատերազմ կարող է սկսւել եւ մենք առաջարկեցինք միջազգային գործընթաց սկսել՝ այն կանխելու համար։ Գաղտնիք չէ, որ Իլհամ Ալիեւը հարցին մօտենում է պատերազմական ոճով, մանաւանդ, երբ խօսում է այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջան»-ի մասին։ Այս հարցի շուրջ արել ենք մեր մտահոգութիւնները, առաջարկել, որ Ֆրանսիան միջազգայնօրէն առաջարկներ անի, որը կը ստիպի Ալիեւին յարգել զինադադարը»,- ասաց Մուրադ Փափազեանը։
Վերջինս ընդգծեց, որ Էմանուէլ Մակրոնը կիսել է իրենց մտագոհութիւնները պատերազմի վերսկսկման, Արցախի շրջափակման վերաբերեալ։
«Գաղտնիք չէ, որ եւրոպական մի շարք երկրներ օգտւում են ադրբեջանական գազից, ուստի յարաբերութիւնները, որ ունի Ալիեւը Եւրոպայի հետ, բաւականին դրական են։ Եւ չնայած, որ ԵԽ-ին որոշեց վերահաստատել 70 դիտորդների մանդատը, Ադրբեջանի դիրքերը շարունակում են ուժեղ մնալ։ Մեր խնդիրն է՝ պարբերաբար բարձրաձայնել Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգների մասին»,- ընդգծեց Փափազեանը։
Հարցին՝ ինչպէ՞ս է Էմանուէլ Մակրոնը վերաբերւում այն հանգամանքին, որ իր մուտքը ՀՀ արգելել են, Մուրադ Փափազեանը պատասխանեց․
«Անշուշտ, Էմանուէլ Մակրոնը տեղեակ է այդ փաստից, այդ մասին նա խօսել է Նիկոլ Փաշինեանի հետ, Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ՀՀ արտգործնախարարի հետ։ Մակրոնը չի հասկանում՝ ինչու է այդպիսի որոշում կայացւել, իր համար դա անթոյլատրելի որոշում էր, մանաւանդ, որ ինքը վկայ է, որ ես մշտապէս պաշտպանել եմ Հայաստանի ու Արցախի շահերը։ Հանդիպման ժամանակ Մակրոնը ինքը անդրադարձաւ այդ թեմային, ես որոշել էի չանդրադառնալ դրան, եւ մտահոգութիւն յայտնեց այդ մասով։ Ես նրան տեղեկացրի այս հարցով վերջին զարգացումների մասին։ Գիտէք, որ դատական գործընթաց է սկսւել եւ մայիսի 17-ին դատական նիստ պէտք է տեղի ունենայ արգելքի որոշման դէմ»։
Մուրադ Փափազեանը ընդգեց, որ Սփիւռքը այսօր լուրջ աշխատանք է տանում եւ շարունակելու է տանել՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի:
«Սփիւռքում ստեղծւած իրավիճակով բաւականին մտահոգ ենք, պէտք է աւելի ակտիւանանք, մեծացնենք մեր աշխատանքի ծաւալը, որպէսզի առաջին հերթին լուծւի շրջափակման հարցը եւ կանխւի նոր հաւանական պատերազմը»,- յաւելեց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը։