«Հրապարակի» զրուցակիցն է ՀՅԴ Թեհրանի Հայ դատի գրասենեակի նախագահ Իսակ Իւնանէսեանը:
«alikonline.ir»- «Հրապարակի» զրուցակիցն է ՀՅԴ Թեհրանի Հայ դատի գրասենեակի նախագահ Իսակ Իւնանէսեանը:
– Իրանահայ համայնքն ինչպէ՞ս է պատկերացնում հայ-իրանական փոխյարաբերութիւնները: Իրանի հայ համայնքին բաւարարո՞ւմ է Իրանի եւ Հայաստանի միջեւ այժմ եղած փոխյարաբերութիւնների մակարդակը:
– Հայ-իրանական յարաբերութիւններն անկախութիւնից ի վեր յայտարարութիւնների առումով եղել են բարձր մակարդակի, բայց այն, ինչը որ պէտք է ժողովրդի համար տեսանելի լինի, դա մենք չենք տեսնում: Մի շարք յայտարարութիւններ, մի շարք առաջարկութիւններ, մի շարք գործընթացներ, որ այս երեսուն տարւայ ընթացքում դեռ թղթի վրայ են մնացել, եւ մենք դրանց առաջընթացը չենք տեսնում: Բնականաբար, իրանահայ համայնքը դա տեսնում է եւ մտահոգ է այդ առումով, եւ ինչ որ խօսւում է՝ հակառակը, այն, ինչ որ արւում է, տեսանելի չէ:
– Իրանը Հայաստանի հետ փոխյարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ քայլեր է ձեռնարկում, ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանի իշխանութիւնների արձագանքը դրան:
– Հայ-իրանական յարաբերութիւններում, մանաւանդ Իրանի կողմից արձագանքը յատկապէս պատերազմից յետոյ փաստում է, որ իրանական կողմը նկատել է, եւ իր համար շոշափելի է դարձել պանթուրքիստական վտանգը հենց Իրանի համար: Հէնց այդ առումով պատերազմից յետոյ փորձել է մօտենալ Հայաստանի իշխանութիւններին եւ փորձել ձեւեր գտնել՝ կանխելու ադրբեջանա-թուրքական տանդեմը: Բայց, դժբախտաբար, դրանք էլ են մնացել յայտարարութիւնների տեսքով, եւ մենք որեւէ լուրջ գործընթաց յատկապէս Հայաստանի կողմից, Հայաստանի իշխանութիւնների՝ դէպի Արեւմուտք նայող հայացքների պատճառով, չկայ։ Այստեղ է, որ Իրան-Հայաստան յարաբերութիւնները խաչաձեւում են, այսինքն՝ Իրանն Արեւմուտքի հետ պրոբլեմ ունի, եւ Հայաստանի հայացքը դէպի Արեւմուտքն է: Հէնց այդ պատճառով չի ստացւում որեւէ համաձայնութիւն Իրան-Հայաստան բարձր մակարդակի առումով:
– Փոխադարձ ու աւելի հաճախակի դարձած այցերը, յատկապէս Իրանի բարձրաստիճան պաշտօնեաների կողմից, ինչի՞ մասին են խօսում:
– Փոխադարձ այցելութիւնները յատկապէս Իրանի առումով, իրանցի պաշտօնեաների այցերը Հայաստան փաստում են, որ Իրանը կարեւորում է Հայաստանի դերը տարածաշրջանում եւ Հայաստանի համար կարելի է ասել, որ կարեւորագոյն արժէք է, յատկապէս որ մենք բազմաթիւ անգամներ տեսել ենք՝ Իրանի բարձրաստիճան պաշտօնեաները յայտնել են, որ Մեղրին եւ Սիւնիքն իրենց համար կարմիր գիծ են, եւ ես կարծում եմ, որ հէնց այդ առումով է, որ այդ մակարդակի այցելութիւններ տեղի են ունենում:
– Օրեր առաջ Իրան էին մեկնել Երեւանի քաղաքապետը, վարչապետի կինը՝ դուստրերի հետ։ Ինչպէ՞ս է հայկական համայնքը դիմաւորել Հայաստանից ժամանածներին, յատկապէս՝ Փաշինեանի կնոջը՝ Աննա Յակոբեանին:
– Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանի կնոջ այցին Իրան, ասեմ, որ այդ այցը կազմակերպւել է Իրանի նախագահի կնոջ կողմից, եւ հայ համայնքը ոչ մի դերակատարութիւն չի ունեցել, եւ ընդհանրապէս ոչ մի ծրագիր չեն ունեցել, որ հանդիպում կազմակերպւէր կամ որեւէ դիմաւորում կազմակերպւէր Նիկոլ Փաշինեանի կնոջ համար: Եւ որքանով ես եմ տեղեակ, ոչ մի հանդիպում, ոչ մի դիմաւորում հայ համայնքի կողմից տեղի չի ունեցել ՝ որեւէ եկեղեցի էլ չենք տեսել նրա այցը:
– Լուրեր տարածւեցին այն մասին, որ իրանահայ համայնքը հրաժարւել է հանդիպել Աննա Յակոբեանի հետ, աւելին, նրան հրաժարւել են ընդունել նաեւ հայկական եկեղեցում: Այս տեղեկութիւնները համապատասխանո՞ւմ են իրականութեանը, եւ ինչո՞վ էք բացատրում նման վերաբերմունքը:
– Որքանով որ ես եմ տեղեակ, ոչ մի արգելք եկեղեցու կողմից չի եղել, որ արգելեն Նիկոլ Փաշինեանի կնոջ մուտքը: Եկեղեցիները կիրակի օրը բաց են եւ բաց են բոլորի համար, բայց որքանով որ ես եմ տեղեակ, ոչ մի այց տեղի չի ունեցել: