Բանական հայի համար 2 բան պէտք է ակնյայտ լինի այլեւս․ խաղաղութեան կեղծ կարգախօսի ներքոյ ինքն իրեն պաշտպանելուց հրաժարւելու քաղաքականութիւնը ոչ թէ չէզոքացնում, այլ աւելի է սրում թուրք նւաճողների ագրեսիւութիւնը եւ երկրորդ․ Արցախի յանձնումը ոչ թէ բերելու է թուրք հարեւանների պահանջների բաւարարմանը, այլ անմիջապէս վտանգի տակ է դնելու Զանգեզուրը՝ ինչը եւ ներկայումս տեղի է ունենում։
Վերջին շրջանում փաշինեանական ռեժիմը իրականացնում է շեշտւած ու բացայայտ հակառուսական քաղաքականութիւն։ Յիշենք այդ քաղաքականութեան մի շարք դրսեւորումներ. Նիկոլ Փաշինեանը մերժեց ստորագրել Երեւանում գումարւած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գագաթնաժողովի հռչակագիրը, հայկական կողմը հրաժարւեց մասնակցել Ռուսաստանի միջնորդութեամբ Մոսկւայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցութիւններին, չեղարկեց 2023թ․ Հայաստանում ՀԱՊԿ միացեալ ուժերի զօրավարժութիւնների անցկացումը, մինչ այդ պաշտօնական Երեւանը անցանկալի անձ էր յայտարարել Ռուսաստանի Պետդումայի պատգամաւոր Միխայիլ Զատուլինին` արգելելով նրա մուտքը Հայաստան։ Ի դէպ այն գործչին, որը գրեթէ 30 տարի միանշանակօրէն պաշտպանել է պրոհայկական եւ պրոարցախեան տեսակէտներ՝ բացայայտօրէն հակադրւելով ադրբեջանական դիրքորոշումներին։
Պաշտօնական քայլերի կողքին ակնյայտ է հակառուսական քարոզչութիւնը, որով լցւած են հայկական լրատւամիջոցներն ու համացանցը, նոյն իշխանութեան գիտութեամբ եւ թելադրանքով են տեղի ունենում հակառուսական զանազան ակցիաները ռուսական դեսպանատան կամ Գիւմրու ռուսական ռազմաբազայի դէմ եւ այլն։
Այս ամենին ներկայումս յաճախակի են անդրադառնում ռուսական քաղաքագիտական շրջանակները՝ շեշտելով, որ, 44-օրեայ պատերազմը տանուլ տալու, սեփական սահմանները պաշտպանել չկարողանալու մեղքը Ռուսաստանի վրայ բարդելով, Հայաստանի իշխանութիւններին յաջողւել է հակառուսական տրամադրութիւնները տարածել նաեւ հայ հասարակութեան մէջ։ Որքան էլ արտառոց ու անցանկալի է երեւոյթը, շատ յաճախ Ռուսաստանի ամենաբարձր մակարդակի պաշտօնեաներն են հանդէս գալիս Հայաստանի իշխանաւորների այս կամ այն յայտարարութեան հերքմամբ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանութիւնը՝ չափազանց վտանգաւոր այս արկածախնդրութեանը դիմելով։
Սոյն թւականի յունւարի 10-ին մամուլի ասուլիսի ձեւաչափով Նիկոլ Փաշինեանը, ըստ էութեան, հրապարակեց իր կառավարութեան որդեգրած քաղաքականութիւնը թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի վերաբերեալ։ Յիշեալ ասուլիսի ժամանակ նա ասաց․ «Եթէ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը զարգացած եւ անվտանգ պետութիւն լինի, մենք պէտք է մեր տարածաշրջանում մեր յարաբերութիւնների որակը փոխելու մասին մտածենք։ Այսինքն՝ մենք նաեւ կառավարութեան 2021-26 թւականների գործունէութեան ծրագրում, ըստ էութեան, նոր մի դիտակէտ ենք ներկայացնում որպէս կառավարութեան գործունէութեան կարեւոր ուղղութիւն, եւ մենք այդ ուղղութիւնը պայմանականօրէն անւանում ենք տարածաշրջանացում։ Այսինքն՝ պատմականօրէն մենք մեր տարածաշրջանում աւելի շատ մտավախութիւններ ենք ունեցել, քան հնարաւորութիւններ ենք տեսել, եւ դա հասկանալի է. մենք գիտենք, բոլորս գիտենք, թէ դա ինչու է այդպէս դասաւորւել, բայց մենք կարծում ենք, որ գուցէ նաեւ ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկիւնը»1։ Ասւածի տրամաբանական շարունակութիւնը կարելի է համարել քիչ անց ասւած միտքը․ «Մենք խաղաղութիւն կարող ենք ունենալ, եթէ ի վիճակի լինենք մեր յարաբերութիւնները՝ հանդուրժող յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»։ «Էս ա խաղաղութեան բանաձեւը, եւ, իհարկէ, միջազգային հանրութեան էն ռեսուրսները, որոնք կարող են մեզ օգնել էդ հարցում, էդ ռեսուրսներն ու հնարաւորութիւնները պէտք ա օգտագործել»,- նշել է Փաշինեանը։ Լրագրողի այն հարցին, թէ ճի՞շտ է, որ ՀԱՊԿ-ի վրայ յոյս չեն դնում, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը հաւատում են, Փաշինեանը պատասխանում է․ «Ես ՀԱՊԿ-ի վրայ յոյս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող ա յուսախաբ անել։ Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը հաւատում եմ մի պատճառով, որովհետեւ որեւէ բան անելուց առաջ պէտք է հաւատալ դրան. եթէ չես հաւատում, ինչի՞ ես անում։ Եթէ չենք հաւատում, ինչի՞ ենք բանակցում: Փորձը ցոյց ա տալիս, որ ձեւի համար բանակցութիւնը լաւ տեղ չի տանում»։ Ահա, դաշնակցից երես թեքելու դէպքում գործում է մի տրամաբանութիւն, իսկ ցեղասպան թշնամու հետ յարաբերութիւններ կարգաւորելու ցանկութեան դէպքում՝ մէկ ուրիշը. «….փոխել տարածաշրջանում յարաբերութիւնների որակը», «….տարածաշրջանում աւելի շատ մտավախութիւններ ենք ունեցել, քան հնարաւորութիւններ ենք տեսել, բայց գուցէ ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկիւնը», «․․․.խաղաղութիւն կարող ենք ունենալ, եթէ ի վիճակի լինենք հանդուրժող յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ», իսկ Ադրբեջանի պայմաններով շուտափոյթ խաղաղութեան պայմանագիր կնքելու, միաժամանակ Արցախից հրաժարւելու հարցում Արեւմուտքի դերակատարութեան մասին աւելացնում է. «․․․.միջազգային հանրութեան էն ռեսուրսները, որոնք կարող են մեզ օգնել էդ հարցում, էդ ռեսուրսներն ու հնարաւորութիւնները պէտք ա օգտագործել»։ Աւելին՝ նոյն հարցազրոյցում երկրի ճակատագիրը տնօրինողն ասում է․ «․․․․Ստացւում ա, որ Ռուսաստանի Դաշնութեան ռազմական ներկայութիւնը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգութիւնը, այլեւ, ընդհակառակը, սպառնալիքներ ա ստեղծում Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան համար։ Եւ մենք էս փաստերից հետեւութիւններ չենք անում, մենք առայժմ արձանագրում ենք էս փաստերը»։ Շատ խորաթափանց պէտք չէ լինել հասկանալու համար, որ այստեղ խօսքը ամենեւին էլ խաղաղապահների մասին չէ, այլ Գիւմրիում տեղակայւած ռազմակայանի գոյութեան անհրաժեշտութեան, ինչի ուղղութեամբ «առայժմ» քայլեր չեն արւում, սակայն չկասկածենք, որ դա նոյնպէս օրակարգային հարց է։
Ինչ-որ բան չե՞ն յիշեցնում այս մտքերը։ Նոյն բանը չէ՞ր խորհուրդ տալիս արդեօք ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը 2018թ. հոկտեմբերի 24-25-ին, երբ Երեւանում էր, այն է՝ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հարցում հրաժարւել պատմական կաղապարներից, հրաժարւել Ռուսաստանի ու Իրանի հետ բարեկամական յարաբերութիւններից եւ դէմքով շուռ գալ դէպի Թուրքիա ու Ադրբեջան։ Դրանից երկու տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան պէտք է ցեղասպանական պատերազմ սանձազերծէին արցախահայութեան դէմ, եւ այսօր էլ հայութեանը ոչնչացնելու, նրա կենսական տարածքների նկատմամբ յաւակնութիւնները շարունակւում են, ինչի մասին ասուլիսի ժամանակ անգամ Փաշինեանն է խոստովանում։ Բայց ահա Հայաստանի այլ «ԴՆԹ», այլ «գէն» ունեցող իշխանութիւնը (նոյն Փաշինեանի բնորոշումն է յիշեալ ասուլիսի ժամանակ) ձեռնարկել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը փոխելու գործընթաց։
Անկախ նրանից՝ ով ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ, արդեօք բոլորի համար պա՞րզ չէ, որ Ռուսաստանն այսօր, իսկ առաւել ստոյգ՝ Ուկրայինայում իր անխուսափելի յաղթանակից յետոյ, պահպանելու է Կովկասում գլխաւոր հարց լուծողի իր կարգավիճակը։ Իսկ եթէ ակնյայտ են Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիւ յաւակնութիւնները այս եւ ոչ միայն այս տարածաշրջանում, հայկական կողմի «բարի» ցանկութիւնները բաւարա՞ր են արդեօք, որ տեւական խաղաղութիւն հաստատւի Հայաստանի ու ամէն օր նրա նկատմամբ սադրանքների ու պատերազմի սպառնալիքը պահպանող թշնամիների միջեւ։
Չյաջողելով պարտւողական պատերազմով ձերբազատւել Ռուսաստանից ունեցած կախւածութիւնից՝ Փաշինեանն ու իր առաջնորդած ուժը դրանից յետոյ էլ ամէն կերպ փորձում են իրենց ուսերից ցած նետել այդ պատասխանատւութիւնը։ Պատահական չեն նրանց խիստ դժգոհ արձագանգները, երբ արցախցիները յայտարարում են անկախութեան նպատակից չհրաժարւելու եւ Ադրբեջանի կազմ վերադառնալու հեռանկարը մերժելու մասին։ Նոյն այս հանգամանքն է պատճառը, որ 120.000 արցախցիների շրջափակմանն ապազգային իշխանութիւնն արձագանգում է միայն միջազգային ուժերին հասցէագրւած ձեւական յայտարարութիւններով։ Փաստացի Արցախը կրկին ստրկացնելու հարցում ՔՊ-ական իշխանութիւնը հանդէս է գալիս որպէս Ադրբեջանի դաշնակից։
Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման սպառնալիքի պայմաններում Հայաստանը անհեթեթ մեկնաբանութեամբ մերժում է իր թշնամիներին ուղղւած զօրավարժութիւններ անցկացնելու ՀԱՊԿ-ի նախազգուշական քայլը, երբ նոյն ժամանակ Հայաստանի սահմանների մօտ Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնում են հերթական զօրավարժութիւնները։ Ի դէպ, Հայաստանի իշխանութիւնները մեր տարածքում զօրավարժութիւններ կազմակերպելու ՀԱՊԿ-ի նախորդ առաջարկը մերժել էին 2020 թւականի պատերազմի նախօրեակին, երբ դարձեալ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զօրավարժութիւններ էին անցկացնում, եւ դրա հետեւանքների մասին Հայաստանի դաշնակիցները զգուշացնում էին։ Այս եւ սոյն յօդւածում շարադրւելիք միւս փաստերը եւս մէկ անգամ հաստատում են 44-օրեայ պատերազմում Հայաստանի իշխանութիւնների կանխամտածւած պարտութեան փաստը, ինչպէս եւ այդ պարտութեան մեղքը Հայաստանի նախկին իշխանութիւնների կամ Ռուսաստանի ուսերին բարդելու անհեթեթութիւնը։
Ինչո՞ւ հյնց նման ճակատագրական պահին, երբ փորձ է արւում շրջափակման մէջ խեղդելու Արցախը, երբ ուկրայինական ճակատում Ռուսաստանի զբաղւածութեան եւ հայկական բանակի անպաշտպանունակութեան պայմաններում Ադրբեջանը եւ նրա թիկունքից Թուրքիան փորձում են վերջնականապէս ծնկի բերել Հայաստանը, Փաշինեանը խաղում է այս վտանգաւոր խաղը։ Թերեւս պատասխանը կարելի է կռահել վերջին շրջանում արեւմտեան երկրների՝ քաղաքական եւ անվտանգային ոլորտների բարձր պաշտօնեաների հետ հայ պաշտօնեաների հանդիպումների ու փոխայցերի իրողութեան գնահատմամբ։ Այն պարագայում, երբ ակնյայտ է դառնում ուկրայինական ճակատում Ռուսաստանին ջախջախելու անհնարինութիւնը, Արեւմուտքին ամէն գնով անհրաժեշտ է Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատի ձեւաւորումը, թէկուզեւ նախնական փուլում այն իրականացւի քաղաքական-դիւանագիտական ճնշման ձեւով։
Իր հերթին Ռուսաստանը ծայրայեղ զգուշաւորութեամբ փորձում է խուսափել նոր ճակատի, կամ ճակատների հետ բախման հաւանականութիւնից։
Արցախեան երկարատեւ շրջափակման աննախադէպ փաստին Արեւմուտքի ոչ համարժէք արձագանգն ուղղակիօրէն շաղկապւում է կովկասեան տարածաշրջանում իր ներկայացուցիչներ Թուրքիային եւ Ադրբեջանին յատկացւած դերակատարութեան՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ծրագրի հետ։ Ի դէպ, վերջին շրջանում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համապատասխան պաշտօնեաների միջեւ՝ երկու երկրների ռազմական համագործակցութեանն ուղղւած կոնկրետ եւ շօշափելի խնդիրներ լուծելու նպատակով։ Եւրոպական չինովնիկները, կանգնելով էներգակիրների հայթայթման նոր աղբիւրների եւ ճանապարհների փնտրտուքի առջեւ՝ քծնում են Ադրբեջանի բռնապետին, Հայաստանի իշխանութիւնը երկիրը վերածում է երկու աշխարհակարգերի միջեւ բախման գօտու։
Անկախ իշխանութիւնն իհարկէ պէտք է ձգտէր տարբեր բեւեռների միջեւ հաւասարակշռութեան պահպանման՝ ռազմավարական եւ մարտավարական քայլերը բխեցնելով ազգային կոնկրետ շահերից, բայց այս իշխանութեանն առաջնորդում են ոչ թէ ազգային շահերը, այլ տէրերի թելադրանքը եւ ամէն կերպ իշխանութիւնը պահպանելու պատեհապաշտութիւնը։
Նիկոլ Փաշինեանն իր յայտնի ասուլիսի ընթացքում հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին խօսելիս ստանձնում է Ալիեւի փաստաբանի դերը եւ իր պարտքն է համարում ներկայացնել հակառակորդի մեղադրանքներն ու պահանջները հայկական կողմին։ Նա իր հակառակորդների զայրոյթը յարուցելու վախից հրաժարւում է դաշնակիցների հետ զօրավարժութիւն անցկացնելու մտքից, սեփական բանակը հզօրացնելու նախաձեռնութիւնից, իր պոտենցիալ դաշնակիցների հետ գործակցելու հնարաւորութիւնից, ինչպէս եւ վախենում է ծպտուն հանել արցախահայութեան ազատ ապրելու իրաւունքի, Արցախի շրջափակման, հայ գերիների եւ անգամ հայ նահատակների մասին, որոնց աճիւնները բաց երկնքի տակ են․․․ Թերեւս միայն հայ ժողովրդի այսօրւայ սերունդները կը հանդուրժէին այնպիսի ղեկավարի գոյութիւնը, որը 2022թ․ ՄԱԿ-ի լիագումար նիստի ժամանակ, կամ 2023թ. իր առաջին ասուլիսում յայտարարում է, թէ համաձայն է տարածքային զիջումների, միայն թէ դիմացինը չի ասում, թէ որն է այդ զիջումների սահմանը (եւ մէկ այլ հարց է, թէ այդ դէպքում ինչպէս է պահպանելու Հայաստանի ամբողջականութիւնը 29,8 հազար ք/կմ-ի սահմաններում)։
Չկայացած ղեկավարը մէկ հարցազրոյցի ընթացքում բազմաթիւ անգամներ յայտարարում է, թէ Հայաստանը պարտաւորութիւն չունի Ղարաբաղի առջեւ, Ադրբեջանն ու Ղարաբաղը իրար հետ պէտք է լուծեն իրենց խնդիրները, եւ փորձում է կեղծ դատողութիւններով արդարացնել իշխանութեան գործունէութեան մէջ դրսեւորւող իրաւական ապօրինութիւնները, որոնք թոյլ են տրւում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակագրի, ՀՀ ազգային անվտանգութեան հայեցակարգի եւ նոյնիսկ Փաշինեանի կառավարութեան որդեգրած՝ Արցախի անվտանգութեան երաշխաւորը լինելու պարտաւորութեան դէմ։ Փաշինեանը, ոտնակոխելով հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի արժէքը, նահատակւած հերոսների յիշատակը եւ արցախցիների անկախ ապրելու կամքը, ըստ էութեան յայտարարում է, թէ ի սկզբանէ սխալ ու անհեռանկար է եղել արցախեան պայքարը։ Հայկական բանակը կործանած ղեկավարն ասում է, թէ բանակ չի եղել, երբ մինչեւ իր դաւաճանական կառավարումը հայկական բանակը միշտ յաղթել է թշնամուն։ Փաշինեանն անգամ բանակի հզօրացման հեռանկարն է կասկածի տակ դնում՝ նոյն ասուլիսում յայտարարելով, թէ միշտ էլ կը գտնւեն բանակներ, որոնք աւելի ուժեղ կը լինեն։ Իսկ թէ ինչ ողբերգական վիճակի է նա ներկայումս հասցրել բանակը, վկայում են ոչ միայն իր ստորացած վիճակը եւ նոր պատերազմից վախը, այլեւ հէնց վերջին շրջանի դժբախտ դէպքերը պաշտպանութեան բանակի համակարգում։
Փաշինեանն ասում է, թէ իրենց իշխանութիւնն ի սկզբանէ այն կարծիքին է եղել, որ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների հարցն է՝ մոռանալով նաեւ Արցախի անվտանգութեան երաշխաւորը լինելու իր կառավարութեան պարտաւորութեան մասին, չյիշելով իր՝ բանակցութիւնները զրօ կէտից սկսելու, «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» յայտարարութիւնների մասին։ Փաշինեանը, երեւի համոզւած լինելով, որ իրեն կը յաջողւի մշտապէս խաբել հայ ժողովրդին, լռում է այն մասին, որ Արցախի խամաճիկ իշխանութիւններին ինքն է ժամանակին աջակցել պաշտօն ստանձնելու հարցում, եւ առ այսօր ձգտում է այդ իշխանութեանը պահել իր թելադրանքի ներքոյ։
Վերջապէս, եթէ ի սկզբանէ իր թիմի հետ համոզւած է եղել, որ Արցախն ու Ադրբեջանն իրենց հարցերն իրար հետ պէտք է լուծեն, այդ դէպքում Արցախն ու ազատագրւած տարածքները հօր բոստանի հե՞տ էր շփոթել, որ նւէր էր տալիս Ադրբեջանին։
Ի վերջոյ, բանականութեամբ օժտւած մարդու համար պէտք է ակնյայտ լինի, որ Նիկոլ Փաշինեանը ամբողջովին հրաժարւել է Արցախը պաշտպանելու՝ Հայաստանի ազգային-բարոյական եւ իրաւական պարտաւորութիւններից, արտաքին ուժերի թելադրանքով հրաժարւում է աւանդական դաշնակիցներից, հրաժարւում է Ռուսաստանի հետ ռազմական եւ այլ բնոյթի համագործակցութիւնից եւ փաստացի պատրաստւում է մերկացնել Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները: Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշմամբ նա մինչ այժմ ձեռնամուխ չի եղել եւ չի լինելու հայկական բանակը լրջօրէն զինելու եւ մարտունակ դարձնելու գործին։
Բանական հայի համար 2 բան պէտք է ակնյայտ լինի այլեւս․ խաղաղութեան կեղծ կարգախօսի ներքոյ ինքն իրեն պաշտպանելուց հրաժարւելու քաղաքականութիւնը ոչ թէ չէզոքացնում, այլ աւելի է սրում թուրք նւաճողների ագրեսիւութիւնը եւ երկրորդ․ Արցախի յանձնումը ոչ թէ բերելու է թուրք հարեւանների պահանջների բաւարարմանը, այլ անմիջապէս վտանգի տակ է դնելու Զանգեզուրը՝ ինչը եւ ներկայումս տեղի է ունենում։ Այլ խօսքով տարիներ շարունակ մեծամիտ, հաստակող ու թուրքասէր Լեւոն Տէր-Պետրոսեանն ու Նիկոլ Փաշինեանը խաբել են իրեն, իսկ լաւագոյն դէպքում, իրենք են խաբւած եղել։
Նիկոլ Փաշինեանի համար նախորդ իշխանութիւնների օրօք անարդարութիւն էր երկրում, որովհետեւ երկիր թալանողը, բիւջէ լափողն ու հովանաւորչութեամբ զբաղւողները ինքն ու իր ընկերները չէին, իսկ հիմա ամէն ինչ կարգին է, եւ ամէն ինչ արդար է։ Նիկոլ Փաշինեանն իր ու իր հետ քայլածների հարստանալը համարում է ժողովրդի կեանքի բարելաւում։ Տնտեսական ակտիւութեան աճի, աշխատավարձերի աւելացման, իշխանաւորների բարեկեցութեան մակարդակի բարձրացման խորապատկերին գրանցւում է բնակչութեան աղքատութեան աճ, գնաճի համեմատ եկամուտների շօշափելի անկում։ Իսկ ամենատագնապալին այն է, որ նւազում են յոյսը, հաւատը երկրի ապագայի հանդէպ, մարդիկ երկրից փախցնում են երեխաներին, ոմանք, հայրենիքում ապրելով, հրաժարւում են Հայաստանի քաղաքացիութիւնից՝ երեխաներին զինւորական ծառայութեան չուղարկելու համար։ Հայաստանն արիւնահոսում է, Հայաստանն ու Արցախը նորանոր ու անդառնալի կորուստների շեմին են։ Հայ ժողովուրդն այսօր չունի արտաքին բարեկամներ ու աջակիցներ։ Փաշինեանն արձանագրում է փաստը, որ տեղի է ունենում աշխարհակարգերի բախում, եւ գիտակցաբար երկիրը տանում է գլոբալիզացիայի յորձանուտ, որտեղ Հայաստանին սպառնացող այլասերումն է, ուծացումն ու պետականութեան կորուստը։ Անյուսալի գործընկեր, սեփական պաշտպանութիւնն օտարներից մուրացող Հայաստանը կարող է մաս-մաս լինել թշնամիների եւ թշնամացւած նախկին դաշնակիցների միջեւ։ Հայ ժողովուրդը գգո՞ւմ է իր մաշկի վրայ այս սպառնալիքը։ Ուռճացող համատարած դժգոհութիւնը չի վերածւում դինամիկ էներգիայի, որն օրգանիզմից դուրս կը փղձկար դաւաճանութեան ներարկւած թոյնը։ Հայաստանը փոթորիկներին յանձնւած նաւի պէս շարունակում է ճօճւել յուսախաբութեան ու յոյսի միջեւ։
_______________________________________________
1 https://www.youtube.com/watch?v=j3k6F2mPBcg (մուտք՝ 21․01․2023).