Հա

Ազգային

01/02/2023 - 15:00

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (Յունւար 2023թ․)

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը յունւարի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Ղազարեանին եւ վերջինիս փոխանցել Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Փասադենայի տեղական ենթայանձնախմբի կողմից ուղարկւած Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի Արցախի ժողովրդի եւ նրա պայքարի զօրակցութեան յայտարարութիւնը։ 

Կենտրոնական խորհուրդ

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը յունւարի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Ղազարեանին եւ վերջինիս փոխանցել Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Փասադենայի տեղական ենթայանձնախմբի կողմից ուղարկւած Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի Արցախի ժողովրդի եւ նրա պայքարի զօրակցութեան յայտարարութիւնը։ 2022թ․ դեկտեմբերի 22-ի յայտարարութեամբ քաղաքապետն անդրադառնում է 2020թ․ սեպտեմբերին Արցախի Հանրապետութեան նկատմամբ սանձազերծւած պատերազմին, Արցախի Հանրապետութեան շրջափակմանը, հասունացող հումանիտար ճգնաժամին, ինչպէս նաեւ Փասադենայի հայ համայնքի՝ Ցեղասպանութեան զոհերի սերունդները լինելու հանգամանքին։

 

Կանադա

ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի տեւական աշխատանքների արդիւնքում յունւարի 25-ին Կանադայի Համանյքների պալատի արտաքին յարաբերութիւնների եւ միջազգային զարգացման մշտական յանձնաժողովը գումարել է երկու առանձին նիտեր։

Նիստերը գումարւել են համաձայն յանձնաժողովի կողմից նախորդ շաբաթ միաձայն ընդունւած որոշման, որի նախագիծը ներկայացւել էր «Քւեբեկի բլոկ» խմբակցութեան անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նւազագոյնը երեք հանդիպում, որոնց ընթացքում յանձնաժողովի անդամները հնարաւորութիւն կունենան լսելու Արցախի Հանրապետութիւնը ներկայացնող անձանց, ինչպէս նաեւ փորձագէտների եւ կանադահայ համայնքի ներկայացուցիչների։

Կանադական խորհրդարանում կայացած նիստերի բացառիկ բնոյթն ու պատմականութիւնը նրանում է, որ առաջին անգամ Արցախի Հանրապետութեան պետական ներկայացուցիչները հանդէս եկան կանադական խորհրդարանի առջեւ եւ ներկայացրեցին Արցախի բնակչութեան պայքարը յանուն արժանապատիւ կեանքի։ Առաջին հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի համանախագահ Շահէն Միրաքեանը, դոկտոր Թալին Փափազեանը, Ամերիկայի Միացեալ Նահանգներում եւ Կանադայում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել են «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարաւային Կովկասի հարցերով աւագ վերլուծաբան Օլեսիա Վարդանեանը եւ Վինդսորի համալսարանի իրաւունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Վոթերսը։

Հրաւիրեալները, իւրաքանչիւրն իր մասով, հանգամանօրէն անդրադարձել են ստեղծւած իրավիճակին։ Կարեւորւել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրայ միջազգային ճնշման իրականացումը, որպէսզի վերջինս վերջ տայ իր ցեղասպան քաղաքականութեանը։

Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչները յանձնաժողովի անդամներին ներկայացրել են իրական փաստեր՝ կապւած մարդասիրական ծանր հետեւանքների եւ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետեւանքների հետ, ինչպէս նաեւ Արցախի Հանրապետութեան առաջնահերթութիւններն ու ազատ ու անկախ կեանքի տեսլականը։

 

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Ջեք Ռիդը՝ համապատասխանաբար Սենատի արտաքին յարաբերութիւնների ռազմական հարցերի յանձնաժողովների նախագահները, յունւարի 13-ին կոչ են արել Բայդէնի վարչակազմին հրատապ օգնութիւն ուղարկել Արցախ եւ ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրայ՝ վերացնելու իրենց հայրենիքում 120․000 հայերի շրջափակումը։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը յունւարի 28-ին շրջանառութեան մէջ են դրել երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Բացի Ադրբեջանի գործողութիւնները խստօրէն դատապարտելուց, բանաձեւի նախագիծը նաեւ նախանշում է որոշակի գործողութիւնների շրջանակ, որոնք Միացեալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծւած իրավիճակը հանգուցալուծելու համար։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի առաջնորդութեամբ Ամերիկայի Միացեալ Նահանգներում ձեւաւորւել է “Save Karabakh” կոալիցիան։ Այս նախաձեռնութիւնը յաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականութիւնը դատապարտող երկկուսակցական բանաձեւի շրջանառութեան մէջ դնելուն: Յիշեալ կոալիցիեայի մասին յայտարարութիւնը կատարւել է յունւարի 27-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին մասնակցել են ԱՄՆ կրօնական ազատութեան հարցերով նախկին դեսպան, սենատոր Սեմ Բրաունբեքը, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը, Հայ Դատի յաձնախմբի ներկայացուցիչներ։ Մասնակցել են նաեւ կոալիցիոն կազմակերպութիւնների ներկայացուցիչներ` մասնաւորապէս «Միջազգային եւ կառավարական հարցերով անգլիական գրասենեակից», Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից հիմնադրւած «ՀԱՐԹ կազմապերպութիւնից», «Խոցելի ժողովուրդների նախագծից», “Genocide watch”-ից, «Հունա-ամերիկեան առաժնորդութեան խորհրդից», «Ի պաշտպանութիւն քրիստոնեաների» եւ այլ կազմակերպութիւննից։ Կոալիցիային միացած կազմակերպութիւնների ընդհանուր թիւը քսան է։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի արագ արձագանքման համակարգի միջոցով նախագահ Բայդէնին, փոխնախագահ Քամալա Հարիսին, USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերին, եւ ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական ղեկավարութեանը ուղարկւել է աւելի քան 250 000 հաղորդագրութիւն, որոնցում պահանջւում է ԱՄՆ-ի աջակցութիւնը Արցախի շրջափակման յաղթահարման գործում:

 

Եւրոպա

Յունւարի 16-ի երեկոյեան գումարւել է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի առցանց խորհրդակցական ժողով, որի ընթացքում քննարկւել է Եւրոպական Միութեան անդամ երկրներում եւ Մեծ Բրիտանիայում Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքների ներկայ փուլը՝ պայմանաւորւած Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրւած ամբողջական շրջափակմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկւել են յանձնախմբերի աշխատանքը Արցախում ստեղծւած հումանիտրար իրավիճակի եւ Ադրբեջանի էթնիկ զտումներ հետապնդող քաղաքականութեան վերաբերեալ իրազեկվածութեան բարձրացման ուղղութեամբ։ Կարեւորւել են Արցախի համար միջազգային զօրակցութեան ապահովմանն ու Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների ուժեղացմանը միտւած աշխատանքները։

2023թ․ յունւարի 19-ին Եւրոպական Խորհրդարանն իր լիագումար նիստում ընդունել է «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» բանաձեւ, որով խորհրդարանն արձանագրել է շրջափակման արդիւնքում Արցախում ստեղծւած հումանիտար հետեւանքերը։ Եւրոպական Խորհրդարանն Ադրբեջանին յորդորում է յարգել եւ իրականացնել 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները եւ անյապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։

Յունւարի 31-ին Բելգիայի Դաշնային Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձաժողովը միաձայն ընդունւած բանաձեւով դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի արգելափակումը եւ կոչ արել անյապաղ բացել միջանցքը:

 

Աւստրալիա

Աւստրալիական Ուիլաբիի եւ Ռայդի քաղաքապետներ Տանեա Թէյլորը եւ Սարգիս Յեդելեանը յունւարի 12-ին կոչով դիմել են արտաքին գործերի նախարար Փեննի Վոնգին՝ Ադրբեջանից պահանջելու ապաշրջափակել Բերձորի հումանիտար միջանցքը։

 

Մեծ Բրիտանիա

Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի կողմից՝ բրիտանական հասարակական քաղաքական շրջանակներում ադրբեջանական ագրեսիայի բարձրաձայնման եւ բրիտանական կառավարութեանը գործնական քայլերի դրդելու ուղղութեամբ տարւել են էական աշխատանքներ։ Դրանց արդիւնքում բազմաթիւ խորհրդարանականներ հանդէս են եկել Արցախին սատարող եւ ադրբեջանական ագրեսիան դատապարտող յայտարարութիւններով, դիմել կառավարութեանը՝ գործադրելու գործնական քայլեր։

Տարբեր առիթներով Արցախում ստեղծւած իրավիճակի մասին յայտարարութեամբ են հանդէս եկել բարոնուհի Քերոլայն Քոքսը, Թիմ Լոթնը, Լորդ Ալթոնը, Լորդ ՄաքՔոլնէսը, Սթեֆան Դոթին, Քրիս Լոն, Ալեքս Սոբելը, Ջեսիկա Մորդէնը, Ֆիոնա Բրիւսը, Քովենթրիի եպիսկոպոս Ռոման Վիլեամսը եւ այլոք։

Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի փոխանցմամբ՝ յունւարի 24-ին Արցախի անօրինական շրջափակման հարցով Վեսթմիսթերեան պալատում տեղի ունեցած խորհրդարանական քննարկման արդիւնքում Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղարի ներկայացուցիչ Դէյւիթ Ռութլին յայտնել է, որ կառավարական ֆինանսաւորմամբ գործող “The Start Fund” ոչ կառավարական կազմակերպութիւնը 350․000 ֆունտ ստերլինգ է յատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար։ Խորհրդարանական յիշեալ քննարկման ընթացքում, որին մասնակցել էր նաև Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեանը, ելոյթ էին ունեցել, ադրբեջանական ագրեսիան դատապարտել եւ բրիտանական կառավարութիւնից որոշակի գործողութիւններ պահանջել առաւել քան մէկ տասնեակ օրէնսդիրներ։ Նրանք բրիտանական կառավարութիւնից, ի թիւս այլնի, պահանջել էին հումանիտար օժանդակութիւն տրամադրել Արցախին, ինչին ի պատասխան արտաքին քարտուղարի ներկայացուցիչը յայտարարել էր սոյն յատկացման մասին։

Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը, որ տեւական աշխատանք էր կատարել յունւարի 24-ի քննարկումը հնարաւոր դարձնելու համար, շարունակում է բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակների հետ աշխատանքները՝ Արցախում ստեղծւած իրավիճակի հանրահռչակման եւ բրիտանական պետութեան կողմից Ադրբեջանի վրայ ճնշումների հասնելու համար։

 

Հարաւային Ամերիկա

ՀՅԴ Հայ Դատի Հարաւային Ամերիկայի յանձնախումբը յունւարի 26-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտեագօ Կաֆիերոյի հետ եւ ներկայացրել ադրբեջանական յանցագործ քաղաքականութեան արդիւնքում Արցախում ստեղծւած հումանիտար իրավիճակը։ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի պատասխանատուներն արգենտինական կառավարութիւնից զօրակցութիւն եւ ճանապարհի ապաշրջափակման պահանջ են ակնկալում։ Հանդիպմանը արգենտինական կողմից նաեւ մասնակցել են արտաքին քաղաքականութեան փոխքարտուղար, դեսպան Կլաուդիօ Ռոզենցւայգը եւ եւրոպական հարցերով նախարար Պաբլօ Պինէյրոն։

 

Կիպրոս

ՀՅԴ Հայ Դատի Կիպրոսի յանձնախմբի նախագահ Հակոբ Ղազանչեանը եւ Կիպրոսում Արցախի բարեկամների խմբի անդամ, Կիպրոսի բանասէրների միութեան նախագահ Կիրիակոս Պարրիսը յունւարի 28-ին միացել են Լիմասոլի հայ համայնքի կողմից կազմակերպւած բողոքի ցոյցին՝ ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի։ Ղազանչեանը, Պարրիսը եւ տեղի Դաշնակցական կառոյցի կողմից՝ Թորոս Փիլիպոսեանը հանդէս են եկել ելոյթներով։ Այս ցոյցը Լիմասոլի հայ համայնքի պատմութեան մէջ առաջին բողոքի գործողութիւնն էր։

 

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

01.02.2023 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։