Հա

Ազգային

16/03/2023 - 14:30

Եւրոխորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների 2021-2022թթ. զեկոյցներ

Եւրոխորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների 2021-2022թթ. զեկոյցները, որոնք անդրադառնում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ յարաբերութիւնների առանցքային կէտերին, Արցախի հակամարտութեանը եւ տարածաշրջանում Եւրոմիութեան դերին՝ կայունութեան ու խաղաղութեան հաստատման գործում:

Եւրոխորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների 2021-2022թթ. զեկոյցները, որոնք անդրադառնում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ յարաբերութիւնների առանցքային կէտերին, Արցախի հակամարտութեանը եւ տարածաշրջանում Եւրոմիութեան դերին՝ կայունութեան ու խաղաղութեան հաստատման գործում:

Երկու զեկոյցները վերահաստատում են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համապարփակ պայմանագիրը պէտք է երաշխաւորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականութիւնը, Արցախում բնակւող հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը։

Եւրոխորհրդարանն ընդգծում է՝ ղարաբաղեան հակամարտութիւնը պահանջում է միջազգային իրաւունքին համապատասխան համապարփակ քաղաքական կարգաւորում, հիմնւած ՄԱԿ-ի կանոնադրութեամբ եւ 1975թ. ԵԱՀԿ Հելսինկեան եզրափակիչ ակտով ամրագրւած սկզբունքների վրայ, մասնաւորապէս՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականութիւնը, ինքնորոշման իրաւունքը, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. հրապարակւած բանակցային հիմնարար սկզբունքները։

Եւրոխորհրդարանն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարութեան քայլերն ուղղւած տարածաշրջանում յարատեւ եւ կայուն խաղաղութեան հասնելու համար, սակայն միեւնոյն ժամանակ դատապարտում է Ադրբեջանի ղեկավարների պահւածքը, ինչը խաթարում է այդ ջանքերը: Մասնաւորապէս՝ նկատի են առնւած հետագայ յարձակումների բացայայտ սպառնալիքները, սահմանային յաճախակի ագրեսիան, այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» նկատմամբ տարածքային պահանջները կամ հայ բնակչութեան նկատմամբ ատելութեան խօսքի տարածումը, յատկապէս կրթութեան ոլորտում։

Երկու զեկոյցներում էլ Եւրոխորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ ԵՄ-Ադրբեջան զեկոյցում նշւում է բազմաթիւ հայ ռազմագերիների ֆիզիկական բռնութեան եւ ադրբեջանական ուժերի կողմից հայ խաղաղ բնակիչներին նւաստացնելու ու խոշտանգումների ենթարկելու մասին:

Հայաստանի մասին զեկոյցում Եւրոխորհրդարանն ընդգծում է, որ ղարաբաղեան հակամարտութեան բուն պատճառը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի եւ բնակչութեան անվտանգութեան չլուծւած խնդիրն է։

Ինչ վերաբերում է 2020 թւականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին յայտարարութեան 9-րդ յօդւածի կատարմանը՝ ԵԽ-ն երկու զեկոյցներում էլ ընդգծում է, որ Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ տրանսպորտային եւ հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը։

Եւրոխորհրդարանն ընդգծում է Ադրբեջանի պարտաւորութիւններն Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թւականի փետրւարի 22-ի որոշումը կատարելու վերաբերեալ, որը պահանջում է Ադրբեջանից ձեռնարկել իր տրամադրութեան տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղութիւններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Եւրոխորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դէմ, եթէ Դատարանի որոշումն անյապաղ չկատարւի։

Նշենք՝ ԵՄ-Ադրբեջան զեկոյցում ԵՄ խորհրդարանականներն ափսոսանք են յայտնում, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ փոխըմբռնման յուշագիրը կենտրոնանում է միայն էներգետիկ համագործակցութեան վրայ եւ ենթակայ չէ որեւէ պայմանի։

Աւելին, ԵՄ խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի առաւելապաշտական եւ ապակայունացնող դերը Հարաւային Կովկասում, այդ թւում՝ սիրիացի վարձկաններ ուղարկելու միջոցով, որոնք Ադրբեջանի կողմից կռւել են Արցախի դէմ: Եւրոխորհրդարանը Թուրքիային կոչ է անում կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում եւ վերանայել Ադրբեջանին իր անվերապահ աջակցութիւնը: Թուրքիան պէտք է շօշափելի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ։

Եւրոխորհրդարանն երկու կողմերին, յատկապէս Ադրբեջանի իշխանութիւններին կոչ է անում զերծ մնալ թշնամական հռետորաբանութիւնից կամ գործողութիւններից, որոնք կարող են ընկալւել որպէս ատելութեան կամ բացայայտ բռնութիւն հրահրող խօսք:

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, մեկնաբանելով զեկոյցները, նշել է. «Զեկոյցները յստակօրէն դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետութեան դէմ եւ Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եւրոխորհրդարանը նաեւ կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դէմ, եթէ նա չկատարի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերեալ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը։

Կարեւոր է, որ Ադրբեջանի վերաբերեալ զեկոյցում ընդգծւում է, որ Արցախի հակամարտութեան լուծումը պէտք է համապատասխանի միջազգային իրաւունքին, մասնաւորապէս 3 հիմնարար սկզբունքներին»։ Ըստ Կարապետեանի՝ «Եւրոխորհրդարանի դիրքորոշումը կարեւոր է հայկական կողմի համար, այնուամենայնիւ, ԵՄ գործադիր իշխանութիւնն է, որ պէտք է կոնկրետ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դէմ՝ հիմք ընդունելով Եւրոխորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը կը շարունակի եռանդուն կերպով աշխատել այս ուղղութեամբ»:

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

16.03.2023 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։