ՀՅԴ Հայ Դատի Հարաւային Ամերիկայի յանձնախմբի հրաւէրով եւ Մարդու իրաւունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը եւ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը մարտի 19-25-ը եղել են Բուէնոս Այրէսում։
ՀՅԴ Հայ Դատի Հարաւային Ամերիկայի յանձնախմբի հրաւէրով եւ Մարդու իրաւունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը եւ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը մարտի 19-25-ը եղել են Բուէնոս Այրէսում։
«Մարդու իրաւունքների համաշխարհային ֆորում» անունը կրող միջոցառումներից առաջինն անցկացւել է 2013թ. Բրազիլիայում՝ 74 երկրների եւ շուրջ 700 կազմակերպութիւնների մօտ 5000 պատւիրակների մասնակցութեամբ։ Երկրորդ ֆորումն անցկացւել է յաջորդ տարի Մարոկկոյում՝ Մարաքեշում, որտեղ մասնակիցներ էին ժամանել աշխարհի 95 երկրից եւ շուրջ 750 կազմակերպութիւնից։
Հայ Դատի Հարաւային Ամերիկայի յանձնախումբը 2022թ. մայիսի 28-ին համագործակցութեան յուշագիր է ստորագրել CIPDH-UNESCO (Մարդու իրաւունքների խթանման միջազգային կենտրոն) կազմակերպութեան հետ, որի գործունէութիւնը հիմնւած է Արգենտինայի եւ UNESCO-ի միջեւ կնքւած համապատասխան պայմանագրի վրայ։ Հայ Դատի յանձնախմբի եւ CIPDH-UNESCO-ի միջեւ կնքւած յուշագրի հիման վրայ էլ հնարաւոր է եղել ապահովել Գեղամ Ստեփանեանի եւ Արթուր Խաչատրեանի մասնակցութիւնը ֆորումին։
Ֆորումում քննարկւող թեմաների մէջ կան այնպիսիները, որոնք Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակում մեզ համար առանձնակի կարեւորութիւն ունեն։ Մասնաւորապէս՝
- ինքնութեան իրաւունք,
- խաղաղութեան եւ բռնութեան չենթարկւելու իրաւունք,
- միջազգային հանրութեան համար կարեւորագոյն ծանր յանցագործութիւններ,
- խոշտանգումներ եւ այլ դաժան, անմարդկային կամ նւաստացնող վերաբերմունք կամ պատիժ, նաեւ անվտանգութեան ուժեր ու մարդու իրաւունքներ,
- խտրականութիւն, այլատեացութիւն եւ ռասիզմ,
- մշակութային քաղաքականութիւն եւ մարդու իրաւունքներ:
Ֆորումի շրջանակներում կազմակերպւած «Խաղաղութեան գործընթացներ աշխարհում եւ Լատինական Ամերիկայում» պանելային քննարկման ժամանակ պարոն Արթուր Խաչատրեանը մանրամասն ներկայացրել է Արցախեան հակամարտութեան ծագման պատմութիւնը, ընթացքը եւ հակամարտութեան կարգաւորման ուղիները։ Պատգամաւորը յատկապէս շեշտել է ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ազատ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ հակամարտութեան կարգաւորումը: «Հակամարտութեան կարգաւորման որեւէ տարբերակ, որը չի երաշխաւորի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը չի կարող տարածաշրջանում երկարատեւ եւ արդար խաղաղութիւն հաստատել։ Խաղաղութիւնն առանց արդարութեան լոկ հրադադար է՝ իր բոլոր հնարաւոր բացասական հետեւանքներով՝ էթնիկական զտումից ու ցեղասպանութիւնից մինչեւ նոր պատերազմ։ Ուստի միջազգային հանրութիւնը պէտք է ճնշում բանեցնի Ադրբեջանի վրայ, որպէսզի նրանք վերադառնան Արցախի հակամարտութեան քաղաքական կարգաւորման բանակցութիւններին»,- նշել է նա։ Խաչատրեանը նաեւ ներկայացրել է Արցախում պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակը, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան դէմ իրականացւած ռազմական ագրեսիայի մասին տեղելութիւններ։
Ֆորումի շրջանակներում կազմակերպւած «Մարդու իրաւունքների խախտումներն ու ցեղասպանութեան սպառնալիքները» խորագրով քննարկման ընթացքում Գեղամ Ստեփանեանը ներկայացրել է 2020 թւականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դէմ սանձազերծւած պատերազմում եւ դրանից յետոյ իրականացւած ռազմական յանցագործութիւնները, մարդու իրաւունքների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումները։ Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դէմ Ադրբեջանի կողմից համակարգային եւ հետեւողական կերպով իրականացւող էթնիկ ատելութեան յանցաւոր քաղաքականութեան վերաբերեալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանութիւնն է։
«Մարդու իրաւունքների համաշխարհային ֆորումի» օրերին Արգենտինայում եւ Ուրուգւայում ՀՀ ԱԺ պատգամաւորի եւ ԱՀ ՄԻՊ-ի՝ Հարաւային Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ուղեկցութեամբ այլ հանդիպումների եւ դրանց բովանդակութեան վերաբերեալ կը տրամադրենք լրացուցիչ հաղորդագրութիւն:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
27.03.2023թ.