ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով եւ Մարդու իրաւունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը մարտի 20-24-ն այցելել է Արգենտինայի Հանրապետութիւն եւ Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութիւն։
ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով եւ Մարդու իրաւունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը մարտի 20-24-ն այցելել է Արգենտինայի Հանրապետութիւն եւ Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութիւն։
Պատգամաւորը Մարդու իրաւունքների համաշխարհային ֆորումի շրջանակներում կազմակերպւած «Խաղաղութեան գործընթացները Լատինական Ամերիկայում եւ աշխարհում» պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է Արցախեան հակամարտութեան ծագման պատմութիւնը, զարգացումը, Արցախի Հանրապետութիւնում և Հայաստանի սահմաններին 2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ եւ 2021-22 թւականներին Հայաստանի դէմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված կացությունը և հակամարտութեան կարգաւորման ուղիները։ Նա նաեւ պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին։ Միջոցառման ժամանակ քննարկված մյուս խաղաղության գործընթացները վերաբերել են Ֆոլկլենդեան (Մալւինեան) կղզիների շուրջ բրիտանա-արգենտինյան հակամարտութեանը եւ Կոլումբիայում տասնամեակներ տեւած քաղաքացիական պատերազմին։
Արթուր Խաչատրեանը Արգենտինայում հանդիպում է ունեցել երկրի Սոցիալիստական կուսակցութեան նախագահ, խորհրդարանի պատգամաւոր Մոնիկա Ֆայնի եւ «Արմատական քաղաքացիական միութիւն» կուսակցութեան նեկայացուցիչ, խորհրդարանի պատգամաւոր Խուան Մարտին Մուսակիոյի հետ։ Արգենտինացի պատգամաւորներին ներկայացւել են Արցախյան հակամարտութեան կարգաւորման սկզբունքներն ու մօտեցումները։ Պատգամաւորը կարեւյորել է Ադրբեջանի վրայ միջազգային ճնշման անհրաժեշտութիւնը, որպէսզի Ադրբեջանը՝
1) անմիջապէս եւ անվերապահօրէն բացի Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը,
2) վերադարձնի հայ ռազմագերիներին,
3) արտոնի ՄԱԿ-ի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպութեան (UNESCO) դիտորդների այցելութիւնը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող շրջանները,
4) վերադառնայ Արցախեան հակամարտութեան քաղաքական կարգաւորման բանակցութիւններին, որոնք պէտք է հիմնւած լինեն ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզբունքների՝ ներառեալ եւ յատկապէս ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ազատ ինքնորոշման իրաւունքի և Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարրերի հիման վրայ։
Բուենոս Այրէսում Արթուր Խաչատրեանը նաեւ հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարութեան միջխորհրդարանական կապերի տնօրինութեան դիւանագէտ Նիկոլաս Վարզիլիոյի եւ Արգենտինայի ազգային հարցերի (շրջանների հետ յարաբերութիւնների) տնօրինութեան տնօրէն Նիկոլաս Դարիօ Սաբունկոյեանի հետ:
Ուրուգւայի մայրաքաղաք Մոնտեւիդեոյում Արթուր Խաչատրեանին ընդունել է Ուրուգւայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարը։ Առաւել քան մէկ ժամ տեւած հանդիպման ժամանակ ԱԺ պատգամաւորը ներկայացրել է իրավիճակն Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետութեան ու Ադրբեջանի միջեւ սահմաններին։ Նա յատկապէս կարեւորել է Արցախեան հակամարտութեան քաղաքական կարգաւորումը՝ շեշտելով, որ տարածաշրջանում հնարաւոր չէ երկարատեւ խաղաղութիւն հաստատել առանց հակամարտութեան արդարացի կարգաւորման, որը պէտք է յարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։ Կողմերը նաեւ քննարկել են Հայաստանի եւ Ուրուգւայի յարաբերութիւնների ամրապնդման կարեւորութիւնը։
Ուրուգայի խորհրդարանում հայաստանցի պատգամաւորը հանդիպել է Ուրուգւայ-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի պատգամաւորների հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու բարեկամ պետութիւնների միջեւ յարաբերութիւնների ամրապնդման եւ ընդլայնման անհրաժեշտութիւնը։ Առանձնահատուկ կարեւորւել է Ուրուգւայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան բացումը եւ դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրեանը նաեւ ներկայացրել է Արցախում եւ Հայաստանի սահմաններին ստեղծւած իրավիճակը և Արցախյան հակամարտութեան կարգաւորման սկզբունքներն ու մօտեցումները։
ՀՀ ԱԺ պատգամաւորը նաեւ այցելել է Ուրուգւայի Սենատ, որտեղ նրան եւ պատւիրակութեան միւս անդամներին ընդունել է սենատոր, տուրիզմի նախկին նախարար Լիլիան Քեշիշեանը։ Արթուր Խաչատրեանը եւ պատւիրակութեան միւս անդամները նաեւ հանդիպում են ունեցել Ուրուգւայի հանրային առողջապահութեան նախարարի տեղակալ Խոսէ Լուիս Սաթջեանի հետ։
Ուրուգւայում հանդիպումների շարքը եզրափակւել է Ուրուգւայի Արցախի ֆորումի (բարեկամների խմբի) անդամների հետ հանդիպմամբ։ Հանդիպման ժամանակ դարձեալ կարեւորւել է Ուրուգւայում դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրեանը ներկայացրել է Արցախեան հակամարտութեան կարգաւորման ներկայ փուլը եւ կարեւորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումը։ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Սեփանեանը ներկայացրել է Արցախում ստեղծւած մարդասիրական ճգնաժամը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
29.03.2023թ.